ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն Jazz Parking ՆԱԽԱԳԾԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է Մայրաքաղաքի Yans երաժշտական ակումբում կայացել է մոսկովյան հայտնի Jazz Parking նախագծի շնորհանդեսը: Նախագծի երեւանյան շնորհանդեսի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ն: Ֆրանչայզինգի բացառիկ իրավունք ձեռք բերած նախագիծն այսուհետեւ կիրականացվի նաեւ Հայաստանում` Jazz Parking Yerevan անունով եւ բարձրաճաշակ երաժշտություն կներկայացնի բացառապես կենդանի հնչողությամբ: Jazz Parking նախագծի հայաստանյան առաջին համերգի գլխավոր հյուրերը եղել են «The Voice» նախագծի ռուսական տարբերակի` «թՏսՏր»-ի մասնակիցներ Մարգարիտա Պոզոյանը, Էդվարդ Խաչարյանը, Գայանա Զախարովան, Արտյոմ Կաչարյանը, ովքեր զուգերգերով հանդես են եկել «Հայաստանի Ձայնի» մասնակիցների հետ: Ելույթ են ունեցել նաեւ Հայաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչներ Սոնան, Շուշան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Եվա Սուջյանը, Տիգրան Պետրոսյանը, Նիկ Եգիբյանը, Մարինե Հակոբյանը, Արտակ Ներսիսյանը եւ այլք: Համերգը վարել են ռուսաստանյան Jazz Parking-ի հաղորդավարներ Արման Մարգարյանն ու Անժելիկա Ալֆերովա Հարությունյանը, ով նաեւ նախագծի հեղինակն ու երաժշտական պրոդյուսերն է: Jazz Parking նախագիծը Մոսկվայում գործում է 2008թ.-իցՙ Անժելիկա Ալֆերովա Հարությունյանի նախաձեռնությամբ: Այն իր որակական առումով եւ մասնակիցների թվով նմանատիպը չունեցող նախագիծ է, որտեղ միշտ առկա են իմպրովիզացիաներ, կենդանի ձայն, ջազային եւ այլ ոճի համաշխարհային հիթերի ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից մատուցում: Jazz Parking-ը «The Voice» ծրագրի հետ համագործակցում է թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում: Այստեղ նույն բեմում հայտնվում են արդեն հայտնի ու ճանաչված աստղեր եւ երիտասարդ սկսնակ կատարողներ, ովքեր շատ հաճախ, հենց այս նախագծի շնորհիվ դուրս են գալիս ավելի մեծ հարթակ` միջազգային բեմեր: |