RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-04-02 23:40:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 2254, Տպվել է` 100, Ուղարկվել է էլ.փոստով` 88

ՆՈԵԼ ԳԵՎՈՐԸ ԵՐԱԶՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ԲԱՑԱՐՁԱԿ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼ

Երեկ «Տեսակետ» մամուլի ակումբում հյուրընկալվել էր գերմանահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նոել Գեւորը: Նրա իսկական անուն-ազգանունը Նորայր Միքայելյան է: Հանդիպմանը ներկա մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանը նշեց, որ Գերմանիայում ներկա է գտնվել հայ բռնցքամարտիկի անցկացրած մի քանի մենամարտերին ու նրա մասին տեսանյութ է պատրաստել: Ըստ Թադեւոսյանի, գերմանական մամուլն անդրադառնալով Գերմանիայում բնակվող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին, Դավիթ Գրաֆից հետո Նոելին համարել է եւս մեկ հայ ծագող «աստղ» ու կարծիք է հայտնել, որ տարիներ հետո մինչեւ 90 կգ քաշային կարգում հայերն ուժեղագույնը կլինեն աշխարհում:

Նոելը ծնվել է Երեւանում: 4 տարեկանում մոր եւ կրտսեր եղբորՙ Աբելի հետ մեկնել է Գերմանիա: Այնտեղ Նոելի մայրը ծանոթացել է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Խորեն Գեւորի հետ եւ ամուսնացել է:

«Խորեն Գեւորն ինձ եւ եղբորս հարազատի պես ընդունեց, զբաղվեց մեր դաստիարակությամբ: Նա է մեզ ծանոթացրել բռնցքամարտին, մարզել: 12 տարեկանից սկսեցի զբաղվել սիրողական բռնցքամարտով, իսկ վերջին 2 տարիներին արդեն անցել եմ պրոֆեսիոնալների շարքը: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 7 մենամարտերում էլ հաղթել եմ, որից 5-ըՙ նոկաուտով: Ծանոթ եմ Գերմանիայում մարզվող մյուս հայ բռնցքամարտիկներին: Բոլորով հպարտանում եմ, քանի որ Գերմանիայում հայ բռնցքամարտիկները մեծ հաջողություններ են գրանցում», նշեց Նոել Գեւորը:

22-ամյա հայ բռնցքամարտիկը ծրագրել է մայիսին եւ հունիսին 2 մենամարտ անցկացնել: Նա նպատակ ունի այս տարի որեւէ տիտղոսային մենամարտ անցկացնել: Իսկ Նոելի նվիրական երազանքը քաշային իր կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի նվաճումն է: Այդ ժամանակ արդեն նա քայլեր կձեռնարկի Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու համար: Նա նշեց, որ եթե որեւէ մեկն իրեն նման հնարավորություն ընձեռի, ապա մեծ սիրով Հայաստանը կներկայացնի պրոֆեսիոնալ ռինգում: Չնայած այժմ էլ հայ բռնցքամարտիկը ռինգ է դուրս գալիս Հայաստանի դրոշով, իսկ նրա համազգեստի վրա պատկերված է իր հայրենիքի զինանշանը:

Նոել Գեւորը Հայաստան է ժամանել հանգստանալու նպատակով: Վերջին անգամ նա Երեւան էր եկել 12 տարի առաջ: Ըստ նրա, քաղաքը շատ է փոխվել, ավելի է գեղեցկացել: Այստեղ հայ բռնցքամարտիկն իրեն լավ է զգում, նույնիսկ տոմսը վերադարձրել է ու մեկ շաբաթով հետաձգել է թռիչքը, որպեսզի կարոտն առնի հայրենիքից: Իսկ Երեւանից հեռանալու պատճառը սոցիալական ծանր պայմաններն էին: Ժամանակին նրանց ընտանիքը բնակվել է Աբովյան փողոցում: Նոելը շատ է սիրում հայկական խորովածն ու ընկույզի մուրաբան:

Պրոֆեսիոնալ ռինգը միշտ ձգել է Նոելին: Նա երախտապարտ է Խորեն Գեւորին մարզաձեւում հասած հաջողությունների համար: Նա դիտել է Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ կայացած վերջին մենամարտը ու ցավում է հայ բռնցքամարտիկի կրած ցավալի պարտության համար: Սակայն պետք է հասկանալ, որ բռնցքամարտում ամեն ինչ էլ պատահում է ու ոչ մեկն ապահովագրված չէ ո՛չ վնասվածքներից, ո՛չ էլ պարտություններից: Կարեւորը, որ միշտ հաղթական ոգին պահպանվի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ