ԲԱՔՎԻ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԿԱՐԱՅԻՆ Հ. Չ. Նախորդ համարում տեղեկացրել էինք Երեւան-Վան թռիչքը վերջին պահին չեղյալ հայտարարելու թուրքական կողմի որոշման մասին: Թեեւ CNN-turk-ը որոշմանն անդրադարձել էր ապրիլի 2-ին, սակայն դա ընդունվել է մարտի 30-ին, իսկ պատասխանը չի ուշացել: Թուրքական էլեկտրոնային մամուլի վկայությամբՙ երեկ Բաքուն, ի դեմս արտգործնախարության խոսնակ Էլման Աբդուլաեւի, թռիչքը չեղյալ հայտարարելու առթիվ շնորհակալություն է հայտնել Անկարային: Աբդուլաեւն ասել է. «Թռիչքի հարցում Ադրբեջանը որոշակի առարկումներ ուներ: Թեեւ դա իրականացնելու էր մասնավոր մի ավիաընկերություն, սակայն քաղաքական եւ տնտեսական պայմանները հակասում էին դրա իրականացման տրամաբանությանը: Հայաստանը օկուպանտ երկիր է, բռնազավթել է Ադրբեջանի հողերը: Այս իրավիճակում խիստ կարեւոր է Ադրբեջանի ռազմավարական գործընկեր եղբայրական Թուրքիայի դիրքորոշումը: Կարեւոր է, որ Թուրքիան ճնշում գործադրի Հայաստանի վրա: Մենք մշտապես զգում ենք Թուրքիայի աջակցությունը եւ դրա համար շնորհակալություն ենք հայտնում Անկարային»: Ի դեպ, Ադրբեջանի նախագահի խորհրդականներից Ալի Հասանովը Երեւան-Վան թռիչքը լրագրողների ներկայությամբ բնութագրել էր «զավթիչներին սատարում», իսկ մասնավոր ավիաընկերությունը բավարարվել էր թռիչքը չեղյալ հայտարարելու որոշման մասին իրազեկելով, բայց չէր պատճառաբանել: Ակնհայտ է, որ խնդիրը ավիաընկերությունը չէ, այլՙ թուրքական իշխանությունները, որոնք, պարտադրելով չեղյալ հայտարարելու որոշումը, փաստորեն սահմանափակել են ավիաընկերության գործունեությունը, ոտնահարել նրա ազատ գործելու իրավունքը: |