RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-04-05 21:27:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1490, Տպվել է` 81, Ուղարկվել է էլ.փոստով` 70

PKK-Ի ՀԵՏ ԷՐԴՈՂԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՏԵՑՈՒՄԸ ՀԵՌԱԳՆԱ ՆՊԱՏԱԿՆԵՐ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Դրանց իրականացման դեպքում Անկարան կստանձնի տարածաշրջանի քրդերին միավորելու «առաքելությունը»

Օրերս Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանՙ PKK-ի բանտարկյալ առաջնորդ Աբդուլլա Օջալանը ծննդյան օրվա կապակցությամբ ստացել է բազում շնորհավորանքներ: Դրանք Օջալանին առիթ են տվել, որ արձագանքի պատասխան նամակով, որը քուրդ ժողովրդի համար պատգամի բնույթ է կրում:

Նամակի տեքստը երեկ կայքէջում հրապարակել էր «Դունիա բուլթենի» լրատվական գործակալությունը: Նամակում Օջալանը ողջունում է քուրդ ժողովրդին եւ բոլոր նրանց, ովքեր ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են իրեն, ապա եւ շարունակում է. «Ուզում եմ ձեզ ավետել, որ արժանապատիվ խաղաղության հնարավորությունները վերին աստիճանի ընդարձակվել են: Դա կարեւորագույն բարիքն է, որը մենք մատուցում ենք մեր եղբայրներին: Այս օրը կարեւոր է ոչ այնքան իմ ծննդյան, որքան մեր ժողովրդի վերածննդի համար: 65 տարեկան եմ դառնում: Իմ պարտականությունները կատարել եմ: Գործելու հերթը ժողովրդինն է: Համոզված եմ, որ դուք ձեր պարտականությունը կկատարեք ըստ արժանավույն: Հաշտեցման գործընթացին նպաստելու եւ գործընթացը զարգացնելու կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր արժանապատվության տեր են: Այլեւս կյանքը բոլորովին այլ հունով է ընթանալու: Հուսամ, որ այս գործընթացը վերջ կտա արյունահեղությանը»:

Օջալանի այս նամակը նրա նովրուզյանՙ մարտի 21-ի ուղերձի շարունակությունն է: Ուղերձում նա զենքը վայր դնելու եւ Թուրքիայի սահմանները լքելու կոչ էր արել PKK-ի մարտիկներին, իսկ նամակում հաշտեցման գործընթացին հավատարիմ մնալու պատգամ է հղում քուրդ ժողովրդին: Այսինքն, որքան էլ վարչապետ Էրդողանի կառավարությանը համահունչ տեսակետներ արտահայտելու մեջ մեղադրվի, Օջալանը շահագրգիռ է այդ գործընթացով:

Նույնը պետք է ասել Հյուսիսային Իրաքի դե ֆակտո անկախ «Քուրդիստան» շրջանի ղեկավարության մասին: Քուրդ ղեկավարներից մեկը «Դունիա բուլթենի» վկայությամբ, ասել է, որ իրենք առնվազն Թուրքիայի չափ շահագրգիռ են, որ PKK-ն վայր դնի զենքը: Անանուն այդ ղեկավարը ավելացրել է. «Մենք էլ քարի տակ ենք դնելու մեր ձեռքը: Մշակել ենք սարերում ապաստանած PKK-ի մարտիկների համար մի շարք նախագծեր: Աշխատանքով ապահովելու ենք Թուրքիայից ժամանող կամ Ղանդիլ սարում ապաստանող PKK-ականներին: Քննարկման փուլում է նրանց կացության հարցը: Սակայն պետք է ասեմ, որ պատրաստ է լինելու կարիքավոր PKK-ականների աշխատանքն ու բնակարանը»:

Այլ կերպ, «Քուրդիստան» շրջանի ղեկավարությունը նույնպես աջակցում է PKK-թուրքական իշխանություն հաշտեցման գործընթացին: Ավելին, PKK-ի մարտիկների զինաթափման եւ Թուրքիայից դուրսբերման նախադրյալներ է ստեղծում, որ նպաստի գործընթացի զարգացմանը: Կնշանակի Հյուսիսային Իրաքի «Քուրդիստան» շրջանի ղեկավարությունը տեսակետներում նույնպես համահունչ է վարչապետ Էրդողանի կառավարության հետ:

Մինչդեռ Իրաքի հյուսիսում ամերիկյան նախաձեռնությամբ ստեղծված այդ շրջանը դե ֆակտո անկախության է հասել ԱՄՆ-ի եւ Եվրոմիության աջակցությամբ, սկսած 90-ականներից Թուրքիայի դեմ ռազմական գործողություններում PKK-ին ապաստանի դեր է կատարել եւ շրջանում չափազանց մեծ է Իսրայելի ազդեցությունը, որն այնտեղ ոչ միայն մարզել է կանոնավոր զորքի կարգավիճակ ստացած փեշմարգաներին, այլեւ երկու ռազմաբազա է տեղակայել:

Այս ամենի լույսի տակ PKK-ի հետ հաշտեցման գործընթաց սկսելու վարչապետ Էրդողանի ձեռնարկումները եւ Օջալանի այդ գործընթացին նպաստելու համար PKK-ականներին արած զենքը վայր դնելու եւ Թուրքիայի սահմաններից հեռանալու կոչը համադրվում են զենքը վայր դրած եւ Թուրքիայից հեռացած PKK-ականներին աշխատանքով եւ բնակարանով ապահովելու «Քուրդիստան» շրջանի ղեկավարության պատրաստակամության հետ: Համադրման պայմաններում ակնհայտ է դառնում, որ PKK-թուրքական իշխանություն հաշտեցման բուն նախաձեռնողը ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքն է, որին Իսրայելն է աջակցում, իսկ քրդական հարցը կարգավորելու պատրաստությունը բացի Թուրքիայից, ներառում է նաեւ Իրանին, Իրաքին ու Սիրիային: Այսպիսով, քրդական հարցը ինքնաբերաբար դառնում է «Մեծ Մերձավոր Արեւելք» նախագծի բաղադրամասը:

Այդ առումով հատկանշական է «Ֆայնենշըլ թայմսի» երեկվա համարում Դեյվիդ Գարդների ստորագրությամբ հրապարակված հոդվածը: Ահա թե ինչ է գրում. «Էրդողանը, 10 տարի շարունակ վարելով Թուրքիայի վարչապետի պաշտոնը, ժամանակ առ ժամանակ անկանխատեսելի քայլեր էր կատարել, ենթարկվելով խստագույն քննադատության: Սակայն անցյալ շաբաթ Էրդողանը ամենայն վճռականությամբ բռնեց քրդերի հետ Թուրքիայի հաշտեցման ուղին եւ արժանացավ բազում գովեստների դափնեպսակի: Եթե գործընթացը նպատակին ծառայի, ապա մեծ ձեռքբերումներ կմատուցի Թուրքիային: Դա միաժամանակ հոյակապ հետեւանքներ կունենա նաեւ Մերձավոր Արեւելքի համար: Ամենեւին չափազանցություն չի լինի ասել, որ Էրդողանը պատրաստվում է տարածաշրջանում ծայրից ծայր բացել քրդական շրջանների սահմանները»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ