RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-04-05 21:27:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2260, Տպվել է` 128, Ուղարկվել է էլ.փոստով` 96

ԻՐԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է, ՈՐ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԴԱԴԱՐԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՎԵՆ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին ապրիլի 9-ին ներկա կգտնվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը: Հայաստանում է ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ, հանրային դիվանագիտության եւ մամուլի գլխավոր վարչության ղեկավար Ռամին Մեհմանփարասթը, որը Հայաստանում Իրանի դեսպանի եւ այլ պաշտոնյաների ու իրանցի լրագրողների հետ հանդիպել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:

Մեհմանփարասթի գնահատմամբՙ հայ-իրանական քաղաքական հարաբերությունները գտնվում են շատ բարձր դիրքի վրա. ժամանակն է լուրջ աշխատանք կատարելու, որպեսզի այլ ոլորտներում էլ նման մակարդակ գրանցվի: Մեհմանփարասթը հավաստիացնում է, որ այս հարցում լուրջ դերակատարություն կարող են ունենալ նաեւ լրագրողները, որոնց հաճախակի այցելություններն ու հարեւան երկրների մասին հոդվածները երկու երկրների հասարակություններին առավել լայն տեղեկատվություն կտրամադրեն:

Ռամին Մեհմանփարասթը շեշտում է, որ իրենք ցանկանում են հաստատել լավ հարաբերություններ տարածաշրջանի երկրների հետՙ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրաքի հետ լավ հարաբերություններն օրակարգային են Իրանի արտաքին քաղաքականությունում:

Անդրադառնալով ԼՂՀ հակամարտությանըՙ իրանցի պաշտոնյան նշում է, որ հարցը կարգավորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

«Եթե Հայաստանն ու Իրանը դիմեն մեզ որպես միջնորդի, ապա մենք մեր տեսակետը կհայտնենք, սակայն երբ հարցը այլ ձեւաչափով է քննարկվում, մենք միայն հաջողություն ենք մաղթում եւ հավելում, որ Իրանը ԼՂՀ հակամարտության խնդրի լուծումը տեսնում է միայն քաղաքական ճանապարհով», ասաց Մեհմանփարասթը:

«Ազգ»-ի թղթակիցը հնարավորություն ունեցավ մի քանի հարց ուղղելու իրանցի պաշտոնյային, պատասխանները ներկայացնում ենք ստորեւ:

Խոսելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասինՙ Մեհմանփարասթը նշեց, որ Սիրիայի ժողովուրդն ունի պահանջներ, ու դրա համար էլ սկսվեց այդ շարժումը: «Եթե ժողովուրդը ունի պահանջներ, ապա իշխանությունը պետք է դրանք հարգի: Սակայն ինչպե՞ս պետք է որոշելՙ ժողովրդի մեծամասնությունն ի՞նչ է ուզում: Հետեւաբար, այս իրավիճակին լուծում տալու համար մենք առաջարկում ենք, որ բախումները դադարեցվեն, զենքի ներթափանցումն ու վաճառքը դադարեցվեն, Սիրիայում սկսվի ազգային երկխոսություն, կազմավորվի անցումային կառավարություն, անցկացվեն չեզոք ընտրություններ: Այս ամենից հետո ամբողջ աշխարհը պետք է ընդունի սիրիացի ժողովրդի ընտրյալ նախագահին: Սակայն որոշ երկրներ այլ դիրքորոշում ունեն: Նրանք չեն ցանկանում, որ սկսվի ազգային երկխոսություն, որ բախումները դադարեն եւ սկսվեն ընտրություններ: Դրա փոխարեն, նրանք զենք են տրամադրում ընդդիմության ներկայացուցիչներին, ինչն էլ իր բողոքն արտահայտում է ահաբեկչություններ կազմակերպելով: Այս ամենի հետեւանքով խաղաղ բնակիչներ են զոհվում: Սակայն եթե ընդդիմությունը համոզված է, որ մեծամասնությունն իր կողմից է, ապա ինչո՞ւ է գնում ահաբեկչության ճանապարհով եւ չի ընտրում ընտրության ուղին: Չէ՞ որ ընտրական ճանապարհով իրենք ավելի շուտ կհասնեն արդյունքի, իսկ եթե ոչՙ կնշանակի, որ մեծամասնությունը կողմ է ներկայիս իշխանությանը, ուստի ոչ մի երկիր իրավունք չունի իր կարիծքը պարտադրելու սիրիացի ժողովրդին:

Ես կարծում եմՙ որոշ երկրների չի հետաքրքրում ժողովրդավարությունը կամ Սիրիայի ժողովրդի ցանկությունը: Նրանց հետաքրքրում են սեփական շահն ու քաղաքական նպատակները: Նրանց չի հետաքրքրում, որ բախումները դադարեն ու ժողովուրդը քիչ վնաս կրի: Սիրիական ընդդիմությունն այսօր հասկացավ, որ չի կարողանում ռազմական ճանապարհով խնդիրը լուծել, եւ դրա համար դիմեց քիմիական զենքին: Սակայն ստացվում է մի իրավիճակ, երբ երկրում ինչ-որ մի հատված, որ դեմ է կառավարությանը, կարող է զենք վերցնել ու սկսել պատերազմ: Դա նշանակում է, որ տարածաշրջանում բոլոր երկրները պետք է զինվեն: Ստեղծվում է վտանգավոր նորմա, հենց այդ պատճառով զենքը չի լեգիտիմացնում նրանց: Լեգիտիմը բնակչության մեծամասնության քվեն է», ասում է նա:

Անդրադառնալով Իրան-Արեւմուտք հարաբերություններինՙ Մեհմանփարասթը նշեց, որ լարված հարաբերությունները ԱՄՆ-ի եւ արեւմտյան մի քանի երկրների հետ պայմանավորված են այն հանգամանքով, որ երկար տարիներ իրենք են թշնամանք ունեցել Իրանի նկատմամբ:

«Եթե նրանք մի կողմ դնեն իրենց թշնամանքը եւ զղջան նախկին արածների համար, միգուցե երկխոսության եւ հարաբերությունների զարգացման դաշտ ստեղծվի: Անարդարացի, ոչ իրավական եւ անտրամաբանական է այն պատժամիջոցների համակարգը, որ Արեւմուտքը կիրառում է Իրանի դեմ: Այդ լարված հարաբերությունները պայմանավորված են Իրանի միջուկային ծրագրով, սակայն մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ ծրագիրը բացառապես միջուկային էներգիայի խաղաղ կիրառում է ենթադրում: Մենք դեմ ենք միջուկային զենքի կիրառմանն, ու նրանք, ովքեր մտահոգված են միջուկային զենքի օգտագործմամբ, իրենք ունեն միջուկային զենքեր: Աշխարհում մոտ 20 000 միջուկային մարտագլխիկներ կան, կեսը պատկանում է ԱՄՆ-ին: Իրանն առաջին երկրներից է, որ ստորագրել է միջուկային զենքի չտարածման պայմանագիրը: Աշխարհում միայն ԱՄՆ-ն է միջուկային զենք կիրառել, կոտորել հազարավոր ճապոնացիների», ասաց իրանցի պաշտոնյանՙ հավելելով, որ շուտով կվերսկսեն 5+1 ձեւաչափով բանակցությունները, եւ իրենք ակնկալում են տրամաբանական մոտեցումներ:

Անդրադառնալով մեծ աղմուկ հանած օսկարակիր «Արգո գործողություն» ֆիլմին, Մեհմանփարասթն ասաց, որ ԱՄՆ-ն արդեն 60 տարի նման քայլի է դիմում: «Իրենք ունեն հզոր մեդիա եւ օգտագործում են այդ հնարավորությունները եւ քաղաքական նպատակներ հետապնդելով ատելություն են սերմանում մի երկրի կողմից մեկ այլ երկրի դեմ: Եթե «Հոլիվուդում» որեւէ մեկը ցանկանում է «Օսկար» ստանալ, ապա պարտադիր պետք է հակաիրանական ֆիլմ նկարի: Մինչդեռ Իրանը 7000 տարվա պատմություն եւ 2500 տարվա պետականություն ունի, կան երկրներ, որ 250 տարվա պատմություն էլ չունեն: Մեր ժողովուրդի մեծության դեմ ավելի խոհեմ վերաբերմունք է պետք»,- ասաց նաՙ հավելելով, որ խորհուրդ կտա լուրջ չվերաբերվել այդ ֆիլմին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ