ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԼԻԼԻԹ ՍԱՄՎԵԼՅԱՆ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Երբ փորձում էի հասկանալ, թե ինչ թեմայով է կարելի հռետորական ելույթ պատրաստել, հասկացա, որ պետք է գրել այն երեւույթի ու զգացմունքի մասին, որը քեզ հարազատ է, որի մասին կարող ես ազատորեն խոսել: Իսկ ես տվյալ պահին կարոտ էի զգում... կարոտ ինձ համար անծանոթ ծանոթների նկատմամբ: «Անծանոթ ծանոթներ» ասելով նկատի ունեմ այն մարդկանց, որոնց ամեն օր հանդիպում եմ նույն ժամին, նույն տեղում. փողոցում, համալսարանում ու տրանսպորտում: Նրանց հետ չեմ զրուցում, չեմ պատմում իմ կյանքում եղած դժվարությունների եւ ուրախությունների մասին, եւ ոչ էլ ինքս նրանց կյանքից որեւէ մանրամասն գիտեմ, բայց բավական է միայն այն, որ այդ անծանոթը իմ կողքին է, ես զգում եմ նրա շունչը, տեսնում նրա աչքերի ու դեմքի արտահայտությունը: Ընդամենը մի քանի օր այդ անձին չտեսնելու դեպքում կարոտում եմՙ որպես շատ հարազատ մարդու, ուզում եմ տեսնել, նորից կողքիս զգալ նրա ներկայությունը: Գուցե դուք ինձ «տարօրինակ մարդ» անվանեք, բայց մի՞թե անհնար է սիրել անծանոթ մի մարդու կամ էլ թափառական շան, արեւը... Մի՞թե դժվար է փոքրիկ սրտում մի փոքր անկյուն հատկացնել նրանց: Գուցե նրանց հարկավոր էլ չէ քո սերը, բայց դժվար չէ, չէ՞, սիրելը, ուրեմն ինչո՞ւ չսիրել... Հատկապես երբ դու ինքդ էլ սիրո կարիք ես զգում եւ Աստծուն էլ խնդրում ես քեզ օգնել երջանիկ զգալ: Իսկ եթե երջանկության հասնելու միակ ճանապարհը կոչվում է «սե՛ր»... Ուրեմն եկեք սիրենք, սիրենք անծանոթներին, մուրացկաններին, հանցագործներին, եւ ավելի շատ նրանց, որոնց քչերն են սիրում: Այդ ժամանակ հնարավոր է, որ դու քեզ երջանիկ զգաս, չէ՞ որ դու մեծ բարերար ես: Բոլորին տալիս ես ամենակարեւորը: Դա կօգնի նաեւ քեզ հասկանալու, որ այս կյանքում ավելի բարձր արժեքներ կան, քան դեղին մետաղն է, թանկարժեք մեքենան ու քաղաքի կենտրոնում գտնվող բնակարանը: Սիրեք մեկմեկու... Եվ դա արեք թեկուզ անձնական շահից դրդված: |