RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013



Տեղադրվել է` 2013-04-05 21:27:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2495, Տպվել է` 79, Ուղարկվել է էլ.փոստով` 105

ՎԱՐՉԱՊԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՎ ՄԵԿ ԽՆԴԻՐԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ Է»

Հ. Հ.

Կառավարությունը երեկվա նիստում հավանության է արժանացրել «Զբաղվածության մասին» օրենքի հայեցակարգը, որով առաջարկվում է զբաղվածության քաղաքականության մշակման եւ իրականացման մոտեցումներն ու մեխանիզմներն արտացոլող նոր օրենքի հիմնադրույթները:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է օրենքի հայեցակարգը համապարփակ ձեւով ներկայացնել հանրությանը: «Գաղտնիք չէ, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրն աշխատանքի խնդիրն է, եւ մարդիկ մշտապես այդ հարցն են բարձրացնում, որ չկա աշխատանք: Եթե մենք ունենք 3000-ից ավելի թափուր հաստիք, ապա, մի կողմից, պարտավոր ենք ավելի ակտիվորեն այդ տեղեկությունը տեղ հասցնել, երկրորդՙ պետք է ներկայացնենքՙ ինչ հնարավորություն ենք տալիս վերապատրաստման համար: Եթե մարդը լսում է, որ, օրինակ, խառատի աշխատանքի թափուր տեղ կա, ինքն ասում է ՙ ցավոք սրտի, խառատ չեմ, բայց եթե զուգահեռաբար ասենք, որ պետությունն անվճար վերապատրաստում է ձեզ, եւ դուք կարող եք պետության այդ ծրագրից օգտվել, վերապատրաստվել, դա կնշանակի ավելի ակտիվ զբաղվածության քաղաքականություն իրականացնել»:

Անդրադառնալով Արամի փողոցի շենքի բնակարանների կրկնակի վաճառքից տուժած բնակիչների խնդիրներին, երբ «Գապբնակշին» ՍՊԸ-ն Արամի փողոցի 72-80 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքում միեւնույն բնակարանները վաճառել էր մի քանի անգամ, վարչապետն ասաց.

«Մեզ ապագայում նման ռիսկեր սպասվո՞ւմ են, որ նոր դեպքեր բացահայտվեն անբարեխիղճ կառուցապատողների կողմից»: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ իրենք արդարադատության նախարարությունից առաջարկ են ստացել, սակայն վարչապետն ընդհատեց նախարարինՙ հավելելով, որ հստակ պատասխան է ակնկալում:

«Կա՞ն կառուցապատողներ, ովքեր քաղաքացիների փողերը հավաքել են, բայց ի վիճակի չեն լինելու կատարել շահառուների նկատմամբ իրենց պարտավորությունները»: Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հավաստիացրեց, որ այսօրվա դրությամբ նման ռիսկեր չկան, սակայն վարչապետն ասաց, որ ի տարբերություն Արեյանի ինքն ամեն օր ստանում է ահազանգեր, համաձայն որոնցՙ կան կառուցապատողներ, ովքեր գումար ստանալու համար դիմում են բանկերին, որպեսզի կարողանան ավարտին հասցնել իրենց անավարտ շինարարությունը: «Դա նշանակում է, որ այդ մարդիկ քաղաքացիների գումարները հավաքել են, բայց շինարարությունն ավարտին հասցնելու համար այդ գումարները բավարար չեն»: Խոսակցությանը միջամտած տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հղում անելով հիշողությանը, ասաց, որ նման ռիսկեր կան նաեւ Գլխավոր պողոտայում: Բեգլարյանը խոստացավ նաեւ հասցեներ տալ: Վաչե Գաբրիելյանն էլ հիշեց, որ նման ռիսկեր կան նաեւ Արաբկիրում:

«Հիմա դրանց դեմը ո՞նց առնենք», հարց ուղղեց վարչապետը: Կառավարության ղեկավարը կարծում է, որ եթե ինչ-որ մեկը հրապարակային մարդկանցից գումար է հավաքում բնակարան ձեռք բերելու կամ դրսից մեքենա բերելու համար, ապա այդ գործընթացը պետք է օրենքով վերահսկվի: Տիգրան Սարգսյանը քաղաքացիներին կոչ արեց, որ խուսափեն նման գործարքներից, եթե չկա նոտարական վավերացում, պայմանագրեր չկնքեն: Վարչապետը նաեւ հանձնարարեց, որ կառավարությունում այս հարցով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը կանխարգելիչ միջոցառումներ իրականացնի, որպեսզի «Վաղը, մյուս օրը այդպիսի գործեր չունենանք»:

Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց նաեւ «Արամի փողոցի 72-80 հասցներում ձախողված կառուցապատման ծրագրի տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման միջոցառումների եւ ծրագրի մասին» որոշման նախագիծը, որն առաջարկում է Երեւանի քաղաքապետինՙ համայնքի սեփականություն Արամի փողոց 72, 74 եւ 76 հասցեներում գտնվող բազմաֆունկցիոնալ ավարտված շենքը ներդնել Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեւոմ գտնվող բազմաֆունկցիոնալ անավարտ շենքի սեփականատեր «Դի ընդ էյջ գրուպ» ընկերության կանոնադրական կապիտալում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ