RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#058, 2013-04-12 > #059, 2013-04-13 > #060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #60, 16-04-2013



Տեղադրվել է` 2013-04-15 23:04:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1327, Տպվել է` 68, Ուղարկվել է էլ.փոստով` 51

ԲՈԼՈՐԸ ՄԵԿԻ ԴԵՄ, ԲԱՅՑ` Ո՞ՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեր կյանքի որակը նման է իննհարկանի մեր շենքի դուրսուներսին. դրսից մուտքը եւ ներսից առաջին հարկի հարթակի պատերն ամեն ընտրության գալիս-սիրունացնում են, փչում- կարգի բերում, իսկ մնացած ութ հարկը արդեն երեսուն տարի գոյություն չունի տեղական իշխանությունների համար: Այսինքն` ըստ էության միայն ցուցափեղկն է ներկայանալի դառնում, բովանդակությունը` ոչ: Ու սա քաղաքային ավագանու ընտրությունների առումով ակտուալ համեմատություն է, քանի որ սովորական երեւանցու կյանքը միշտ չէ, որ հարմարավետ է ու կյանքի որակի փոփոխություն երեւանցին սպասում է ոչ միայն արտաքին ատրիբուտների առումով, այլեւ` բովանդակային:

Ու որ մեկն ասում է, թե «Մենք նվիրվելու ենք քաղաքին», «Մենք աշխատելու ենք` նվիրված ոչ թե մեր շահերին, այլ` ելնելով քաղաքի շահերից», կամ որ ասում են` մենք քաղաքական հակակշիռ ենք լինելու, երեւանցին անմիջապես հիշում է իր իննհարկանին, որի վերելակները երեսնամյա են, ներքին հարթակների պատերի խզբզանքները երեսնամյա են` խզբզողները վաղուց հասուն տղամարդիկ ու կանայք են դարձել, ու ժպտում են բերանի մի անկյունով:

Քաղաքապետարանի խորհրդակցություններն ավելի ու ավելի նախընտրական բովանդակության են դառնում` էն, ինչ մյուս ամիսներին չի արվել` այս օրերին են փորձում անել խտացրած. նկարազարդում են, ասֆալտում են, ավտոբուսներում քաղաքակիրթ սարքավորումներ են դնում, ծառ են տնկում` երեանցին ասում է` «ինչ էլ անեն, մեր օգուտն է», քանի որ գիտեն, ընտրություններից հետո այս նույն գործողությունները նմանվելու են դանդաղեցված կադրի:

Սա ՀՀԿ-ի մասով, քանի որ գործող քաղաքապետ ՀՀԿ-ի թեկնածուն, որ այժմ ռեսուրս ունի ի պաշտոնե, էլի ցանկանում է քաղաքապետ դառնալ: Ու բնական է, որ ՀՀԿ-ն է միայն ասում` ընտրությունները քաղաքական չեն, քաղաքապետ ու ավագանի ենք ընտրում (նրա հետ` եւ ՕԵԿ-ը):

Տեսնենք, թե ինչո՞վ են զբաղված ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերը, որոնք շարունակում են պնդել, թե ընտրությունները քաղաքական են, ողջ էությամբ փորձում են հետ բերել խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին կորցրածը, ու միայն ձեռքի հետ են պատմում, թե ինչ նվիրումով են քաղաքը դրախտավայր դարձնելու:

Շաբաթ օրը ՀԱԿ կուսակցության (ՀԱԿԿ) համագումարում բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունից խոսող այս նոր-հին կուսակցության առաջնորդ ընտրված Լեւոն Տեր-Պետրոայանը մի շարք կոմպլիմենտներ շաղ տվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին` նրան համեմատելով Խաչատուր Սուքիասյանի հետ, եւ նշելով, թե արդեն երկու տարի նա փորձում է պոկվել համակարգից եւ ինքնուրույն մնալ: Կամա թե ակամա` Տեր-Պետրոսյանը ոչ միայն իր պլանները պարզեց` Ծառուկյանին ու նրա ղեկավարած ուժին կրկին հասկացնելով, որ իրենք ԲՀԿ-ի հույսին են, այլեւ իշխանություններին մի լրացուցիչ անգամ այդպիսոով ցույց տալով, թե որտեղ է վտանգը: Դժվար է ասել, թե ո՞ր նպատակն էր Տեր-Պետրոսյանի համար առավել գերադաս, միգուցե` երկուսն էլ. երբ ասում էր, թե Ծառուկյանը ոչ մի քայլ չի արել, որ կասկածներ առաջացներ, թե փորձում է պոկվել իշխանությունից` նշելով նաեւ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը Ծառուկյանի չմասնակցելու փաստը նաեւ որպես ապացույց եւ կանխատեսելով, որ ավագանու ընտրություններում լուրջ հարված կստանա հենց «Բարգավաճը», նրան չի ներվի ինքնուրույն կեցվածքը: Ի դեպ, պատկերացրեք, գտնվել էր 900 պատվիրակ, որը մասնակցել էր շաբաթ օրը մարզահամերգային համալիրում տեղի ունեցած եւ քաղաքական լուսանցքում հայտված ուժերի հիման վրա ստեղծված ՀԱԿ կուսակցության համագումարին, դեռ ՀԺԿ-ից, ՀՅԴ-ից ԲՀԿ-ից էլ ներկայացուցիչներ կային այնտեղ, չէին մասնակցում «Ժառանգությունն» ու Նիկոլ Փաշինյանը: Իսկ Տեր-Պետրոսյանի մի շարք ասածներին կիրակի «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հակադարձել էր:

Ինչպես որ քաղաքական հստակ հաշվարկով էր խոսք էր ուղղել Տեր-Պետրոսյանը Ծառուկյանին, այդպես էլ` մի քանի նապաստակի որսի հույս ուներ Րաֆֆուն ուղղած նրա խոսքը, թե Սերժ Սարգսյանը չի ներելու Րաֆֆու 37 տոկոսը եւ այս ընտրություններով նրան ուրիշ տոկոսներով ցույց է տալու իր իրական տոկոսը: Իր խոսքով` «բացասական բան չասելով բարիկադների վրա եղողին», չզլացավ կծել, թե «Վովայի հետ աղոթելն իր մանկական երազանքը չի եղել»: Բայց եւ համագործակցելուն դեմ չէր` ընտրությունների վերահսկման մեխանիզմներ ստեղծելու առումով: Իսկ Սերժին հաղթելու միակ ձեւը, ըստ Տեր-Պետրոսյանի, հաղթանակն է Երեւանի ընտրություններում:

Քաղաքական փորձառության առումով գաղտնիք չէ, որ դժվար թե որեւէ մեկը հասնի այժմ արդեն ՀԱԿԿ (ԿԿ-ն զուգահեռ ծնո՞ւմ է) առաջնորդին: Նա հիանալի գիտե, որ կարելի է մի քանի խոսք շպրտել եւ ստեղծել անվստահության, կասկածի, չհամագործակցելու պարարտ հող, որից իր կարծիքով շահելու է իր ղեկավար ուժը:

Առանց այդ էլ արդեն տեսանելի է, որ ընդդիմությունն ընտրությունների է գնում երկու գլխով, ու ամեն ինչ մատնացույց է անում, որ այդ երկու գլուխը ոչ հիմա եւ ոչ էլ հետընտրական համագործակցության առումով երբեք մեկ չեն դառնա` անցյալի բոլոր օրինակները ցույց են տվել բոլորի ամբիցիաները, անհաղթահարելի հակասությունները, ՀՀԿ-ի աչքը լույս: Ու այն ծրագիրը, որ փայփայում են ընդդիմադիր միավորները, որ ստանալով ընդհանուր առմամբ 50 պլյուս 1 տոկոս ձայն կամ 65-ից 33 մանդատ` միասնաբար թույլ չեն տա ՀՀԿ-ին միայնակ քաղաքապետ նշանակել , անգամ այդպիսի թվով մանդատ ունենալու դեպքում հազիվ թե իրականություն դառնա, տեսանելի եղավ Տեր-Պետրոսյանի պահվածքում:

Կասկածը. եթե ասենք համագործակցության ինչ-որ տիրույթ կարող էր լինել ԲՀԿ-ՀՅԴ դաշտում, ապա այժմ այն կասկածը, որ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը (նախընտրական անունը դա է) համագործակցելու հարթակ կարող են գտնել, ՀՅԴ-ին կվանի ԲՀԿ-ից: Ու ԲՀԿ-ն էլ, թեեւ նրան ոչ ՀԱԿ-ը ու ոչ էլ այլ ուժ կարծես թե պետք չեն (միայն ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի անդամների ուժն օգտագործելու առումով թերեւս), ՀԱԿ-ի անհարկի սիրախաղերից Ծառուկյանի հանդեպ ավելի ու ավելի է թիրախ դառնալու բոլորի համար` զայրացնելով նախկին կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին ուղղված լայնածավալ եւ տարբեր ֆորմատների պատերազմ հրահրելով այս երկու շաբաթը, ինչը, խոստովանենք, ո՛չ ընտրողին է պետք, ո՛չ երկրին այս պահին: Ու ոչ թե, ինչպես թվում է առաջին հայացքից` բոլորը պայքարելու են ՀՀԿ-ի դեմ, այլ վախենամ` այս անգամ բոլորը պայքարելու են հենց ԲՀԿ-ի դեմ: Քանի որ ԲՀԿ-ն հավակնում է զգալի ձայների, ու նրա հաշվին միայն, ինչպես նաեւ ՀՀԿ-ի ձայների մի մասով հնարավոր կլինի ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, «Բարեւ, Երեւանի» ձայների անցողիկությունը պահպանել: Վերջին ուժը, այո, որքան էլ չխոստովանեն այս ուժի ղեկավարները, ապրիլի 9-ից հետո վարկանիշի բավական կորուստներ ունեցավ, ու չենք կարծում, որ Րաֆֆիի շարժման ինստիտուցիոնալացման, փողոցից փակ սենյակային ֆորմատի տանելու (Ստյոպա Սաֆարյան) եւ միասնական ճակատ ձեւակերպելու փորձը մեծ ռեսուրսով կօժտվի: Ընդամենը դա թույլ կտա, որ մինչեւ մայիսի 5-ն այս ուժի վերաբերյալ ինչ-որ սպասում լինի, եւ չկորչի այն ռեսուրսը, որն ապրիլի 9-ից հետո բավական նվազեց:

Իսկ թե ընդդիմությունն ու այլընտրանքը միասին կկարողանա՞ն 33 մանդատ ստանալ միասին` դեռ թող ստանան, այն ժամանակ էլ կխոսենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #60, 16-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ