ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՄՐՑԱԿԻՑԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Մինչ Հայաստանում դեռ քննարկում են անցած նախագահական ընտրությունների արդյունքներն ու այդ արդյունքների հետեւանքով առաջացած իրավիճակը, հարեւան Ադրբեջանում նախագահական ընտրությունները նոր պետք է մեկնարկեն, ու թեկնածուները դեռ նոր-նոր են բարձրաձայնում առաջադրվելու իրենց ցանկությունների մասին: Ըստ այդ հայտարարություններիՙ Ադրբեջանի նախագահ դառնալ ցանկացողները շատ են, ու այս թիվն աճելու միտում ունի: Իհարկե, Ադրբեջանի ԿԸՀ-ն ավելի ուշ կգրանցի պաշտոնական թեկնածուներին, ովքեր Իլհամ Ալիեւի հետ կվիճարկեն «կրակների երկրի» «ամենակրակոտ տղայի» կոչումը, բայց հարեւան երկրում «նախագահացուների» այսՙ ոչ պաշտոնական ցուցակն էլ պակաս ուշագրավը չէ: Ահավասիկՙ այդ ցուցակում տեղ գտած Ահմեդ Օրուջը, նույն ինքըՙ Աբդալը: Վերջինիս թեկնածությունը պաշտպանելու պատրաստակամությամբ է հանդես եկել «Ազադլիգ» կուսակցությունը: Ուշագրավ է, որ Ադրբեջանում «Ազադլիգ» (ազատություն) անունով շատ բան է հայտնի, օրինակ, փակված ռադիոկայան, պարբերաբար հալածանքների ենթարկվող պարբերական, բայց «Ազադլիգ» կուսակցության մասին ոչ մենք էինք մինչ այս որեւէ բան լսել, ոչ էլ, ըստ ադրբեջանական մամուլիՙ ադրբեջանցիները: Հետեւաբար «Ազադլիգը» ընտրությունների ժամանակ ակտիվացող ու հենց ընտրությունների համար բացվող կուսակցություններից է, ինչպիսիք կան նաեւ մեր երկրում: Ինչեւէ, դառնանք կոնկրետ թեկնածուին. Ահմեդ Օրուջ, նույն ինքըՙ Աբդալ: Նա իրեն ներկայացնում է որպես դեմոկրատ գործիչ, իսկ քաղաքական կարիերան սկսել է նախագահ Էլչիբեյի օրոք: Վերջինս Օրուջին նշանակել էր Նարիմանովի շրջանի գործադիր մարմնի ղեկավարի տեղակալ: Այնուհետեւ, Էլչիբեյի տապալումից հետո, Օրուջը եղել է Իսա Ղամբարի համախոհներից մեկը: Որոշ ժամանակ էլ մնալով քաղաքականությունում, Օրուջը, ըստ էության ոչ մի շոշափելի հաջողության, այն էՙ պաշտոնի չհասնելով, որոշում է թողնել քաղաքականությունն ու զբաղվել... անասնաբուծությամբ: Ահմեդը, նույն ինքըՙ Աբդալը, անասնաբուծական ֆերմա է հիմնում ու սկսում հենց ինքը ղեկավարել: Պարզվեցՙ նոր մասնագիտությունն էլ ինքնաբավության զգացողություն չի տալիս հարգարժան պարոնին, ու Աբդալը որոշում է որքան հնարավոր է շռնդալից վերադառնալ քաղաքականություն, օրինակ, առաջադրվելով, Ադրբեջանի նախագահի թեկնածու: Քաղաքականությունն ու հատկապես իշխանությունը, անշուշտ, շատերին է գրավում, ու շատերն են ձգտում իշխանության: Հաջողություն մաղթենք Ահմեդ Օրուջինՙ Աբդալին, հաջողություն եւ ճաշակ: |