RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #70, 01-05-2013



Տեղադրվել է` 2013-04-30 23:34:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1410, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 47

ԲԱՔՎՈՒՄ ԼՐՋՈՐԵՆ ՎԱԽԵՑԵԼ ԵՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿՈՇՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Մեհր» իրանական գործակալության հաղորդմամբՙ երեկ սկսվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի այցը Թեհրան: Այցի ժամանակացույցի եւ օրակարգի մասին ոչինչ չի ասվում: Իրանական լրատվամիջոցը միայն տեղեկացրել է, որ այցի ընթացքում Մեհթիեւը «կհանդիպի Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալալիի եւ այլ պաշտոնատար անձանց հետ»: Այդ մասին հաղորդել է ադրբեջանական haqqin.az-ը:

«Թուրան» գործակալության վերլուծական կենտրոնի կարծիքովՙ «մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Մեհթիեւը Թեհրանում բացատրություններ է տալու ԱԳ նախարար Մամեդյարովի Իսրայել կատարած այցի պատճառների մասին»: Ավելի վաղ ադրբեջանական եւ իսրայելական կողմերը Մամեդյարովի այցը գնահատել էին «պատմական»:

Այդուհանդերձ, Ադրբեջանի ԱԳ նախարարը խուսափել էր հրապարակել, թե ի՞նչ ժամկետներում է նախատեսվում իր երկրի դեսպանատան բացումը Իսրայելում: Ինչպես հայտնի է, Իսրայելի դեսպանատունը Բաքվում գործում է վաղուց, մինչդեռ տեւական ժամանակ Ադրբեջանը պատասխան քայլ ձեռնարկելը հետաձգում է: Գրեթե բոլոր փորձագետները Բաքվի զգուշավորությունը բացատրում են Իրանի հետ հարաբերություններով:

Մինչեւ վերջին ժամանակներս իրանա-ադրբեջանական հարաբերությունները երկուստեք գնահատվում էին «բարեկամական»: Կողմերը պաշտոնապես դա չեն վերանայել, սակայն լարվածությունն ակնհայտ է: Վերջերս Բաքվում անցկացված համաժողովում քննարկվել էր այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի ապագան», ինչին իրանական կողմն արձագանքել էր Թուրքմենչայի պայմանագրի վերանայման մասին օրենսդրական ակտի ընդունման սպառնալիքով:

Հարաբերությունների սառնության այս պահին էլ տեղի էր ունեցել Մամեդյարովի այցը Իսրայել: Դա Ադրբեջանի ԱԳ նախարարի առաջին այցելությունն էր, ինչին փորձագիտական շրջանակները չափազանց կարեւորություն տվեցին` համարելով, որ Ադրբեջանը «վերջնականապես ընտրություն է կատարել»: Խոսքը ենթադրվող հակաիրանական գործողությունների հանդեպ պաշտոնական Բաքվի վերաբերմունքի մասին է: Միջազգային մամուլում տեսակետ է շրջանառվել, որ իսրայելական կողմն «Ադրբեջանում արդեն իսկ օգտագործում է ռազմական նշանակության ենթակառուցվածքներ»:

Այս իրավիճակում է Թեհրան գործուղվել Ռամիզ Մեհթիեւը, որը համարվում է իշխանական հիերարխիայի երկրորդ դեմքը: Ակնհայտ է, որ նա իրանական կողմի հետ շփվելու է որպես անձնական ներկայացուցիչ կամ հատուկ բանագնաց, որ պաշտոնական Թեհրանին է փոխանցելու Իլհամ Ալիեւի բացատրությունները:

Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում վերջինս հայտարարել էր, որ Ադրբեջանի «տարածքը երբեք չի օգտագործվի դաշնակից պետության դեմ»: Ասածը վերաբերում էր Ռուսաստանի՞ն, թե՞ Իրանինՙ Իլհամ Ալիեւը չէր հստակեցրել: Բայց ամենայն հավանականությամբ Ռամիզ Մեհթիեւը Թեհրանում կշեշտադրի իր երկրի հենց այդ կեցվածքը եւ կփորձի իրանական կողմին համոզել, որ պաշտոնական Բաքուն հակաիրանական կոալիցիային մաս չի կազմի:

Իրանա-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ Բաքվի քաղաքական, այդ թվում` իշխող կուսակցության, ներկայացուցիչների գնահատականներում ավելի հաճախ ընդգծվում է, որ «իսլամական համերաշխության անունից հանդես եկող Իրանը բարեկամական հարաբերություններ է զարգացնում Հայաստանի հետ»: Բացառված չէ, որ Ռամիզ Մեհթիեւը Թեհրանում փորձի շոշափել նաեւ այդ թեման:

Բայց գլխավորը կարծես այն է, որ Բաքվում լրջորեն վախեցած են իրանական կողմի վերջին կոշտ հայտարարություններից: Մեհթիեւին կհաջողվի՞ «կոտրել սառույցը»: Ադրբեջանական աղբյուրներից մեկը երեկ նրան անվանել էր «չափազանց վատ բանակցող» եւ ակնարկել, որ մոսկովյան վերջին այցի ընթացքում Մեհթիեւը չէր կարողացել հաջողություն արձանագրել Պուտին-Իլհամ Ալիեւ հարաբերություններում: Ակնարկվել էր, այսպիսով, որ չպետք է մեծ ակնկալիքներ ունենալ նաեւ նրա թեհրանյան այցից: Մանավանդ որ ամռանն Իրանում սպասվում են նախագահական ընտրություններ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #70, 01-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ