ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ՈՒ ԲՐՈՒՏՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ Բրազիլիայի Պոնտա Նեգրա քաղաքում մեկնարկած շախմատի աշխարհի առաջնության փնջային մրցաշարի 84 մասնակիցների թվում են բրազիլահայ շախմատիստներ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանն ու Արմեն Բրուտյանը: Կայացած 4 տուրից հետո նրանք վաստակել են 3 միավոր եւ գտնվում են առաջատարների շարքում: 4 միավորով առաջատարն Ալեքսանդր Ֆիեռն է: Մխիթարյանը 2 անընդմեջ հաղթանակներով սկսեց մրցաշարըՙ պարտության մատնելով Մուգաբե Մարտինսին եւ Մենդոսա Կաետանոյին: Հաջորդ 2 պարտիաներում Մխիթարյանը հաշտություն կնքեց Լուիսմար Բրիտոյի եւ Հերբերտ Կարվալհոյի հետ: Արմեն Բրուտյանն էլ մեկնարկում հաղթեց Կառլոս Ֆերեյրային եւ Էնդսոն Լիմային, ապա պարտվեց Ալեքսանդր Ֆիեռին: 4-րդ տուրում նա 3-րդ հաղթանակը տոնեց Լեւի Մակեդոյի հետ պարտիայում: Մրցաշարին մասնակցում են Բրազիլիայի, Բոլիվիայի եւ Պերուի շախմատիստները: |