RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #70, 01-05-2013



Տեղադրվել է` 2013-04-30 23:34:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 2046, Տպվել է` 81, Ուղարկվել է էլ.փոստով` 73

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱ՛Մ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԵՆ, ԿԱ՛Մ ԱՆՀԵՏԱՆԱՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մի բանում համաձայն ենք մեր սոցիոլոգների հետ` ավագանու ընտրություններում խախտվելու է ստերեոտիպը եւ ոչ թե նվազ մասնակցություն է գրանցվելու, ինչպես սովորաբար է եղել, այլ, հակառակը, երեւանցիների աննախադեպ մասնակցություն կարող է գրանցվել: Պատճառները մի քանիսն են: Նախ` բնավ երկրորդական տեղում չի լինելու օրվա շահը, ընդ որում` բաժանվող փողի չափն այս անգամ, ըստ լուրերի, բավական բարձր է: Արդեն իսկ բոլորը գիտեն տարբեր վճարունակ կուսակցությունների պատրաստած «սեփական» ընտրողով ցուցակների մասին, խոստացվում է կամ արդեն իսկ տրվում է փող, սուպերմարկետների ժամկետանց ապրանքներից, անգամ ձու, անվճար բուժօգնություն, անվճար տրանսպորտ եւ այլն, համենայն դեպս` օդում առկա են այդպիսի խոսակցություններ, ու քվեն փոխանակվում է ինչով ասես` բնամթերքով, ծաղիկներով, շապիկ-գլխարկով, ծառայությամբ կամ պարզապես հովանավորությամբ: Այս առումով մարդկային երեւակայությունը սահման չի ճանաչում` մեկ քվե անգամ ավելի տանելու համար:

Մյուս պատճառն այն է, որ հայ ընտրողների մի զգալի մաս` իշխանությունից դժգոհները, նախագահական ընտրություններին ձեռնունայն մնալով, կարող են որոշել դաս տալ պարզապես իշխանություններին ու գնալ ընտրել ում ասես, բացի իշխող ուժից, ի դեպ` մինչեւ ընտրությունն ու դրանից հետո էլ գաղտնի պահելով, թե ո՞ւմ են ընտրել: Չէ, մենք առանձնապես չենք հավատում, որ ընդդիմադիր ինչ-որ ուժ մեծ տոկոս է հավաքելու: Ավելի շուտՙ ընտրությանը մասնակցող ոչ իշխանական ուժերին տված ձայներով փոշիանալու են ընտրողների ձայները, միգուցե նրանցից մեկ-երկու ուժ ընդհանրապես ավագանի չանցնի, ու ոչ իշխանական ուժերի ընդհանուր տոկոսը բարձր չլինի, սակայն այս դեպքում, երբ ընտրողների ձայները փոշիացած լինեն, տուժելու է նաեւ իշխող Հանրապետականը, որի տոկոսները նույնպես իր սպասածից քիչ կարող են լինել: Սա կլինի ընտրողի վրեժը բոլորից, եւ ընտրությունների հին տեսակի վերջին ակորդը, քանի որ ոչ ոք, կարծում ենք, չի կասկածում, որ հինգ տարի հետո բոլորովին ուրիշ Հայաստան ենք ունենալու մտայնության առումով. ավագ սերնդի ընտրողների մի մասը, կներեք, բայց բնականոն ճանապարհով հեռանալու է ասպարեզից, ավելանալու է լրիվ նոր, պրագմատիկ եւ փոփոխությունն արյան մեջ կրող նոր ընտրողը: Իսկ այսօր առկա կուսակցությունները, իրենց գոյությունը պահպանելու համար, իրենք եւս կարդինալ փոփոխությունների պետք է ենթարկվեն կամ էլ անհետանան, քանի որ արդեն այժմ նրանց մեծ մասը հնացել է ու չի հասնում ընտրողի պահանջի հետեւից: Ինքներդ դատեք` եթե կուսակցությունները նրա համար են, որ մեր կյանքը փոխելու գեներատոր դառնան, ապա Հայաստանի կուսակցությունները նրա համար են, որ իրենք իրենց պահպանեն` ոչինչ չփոխելով կամ փոխել չկարողանալով Հայաստանում (ընդդիմություն), ու անգամ առկա իրավիճակից գոհ լինելով, ինչպես որ ՀՀԿ-ն է հիմնականում` փորձելով պահպանել ստատուս քվոն:

Անդրադառնալով քաղաքական ուժերի քարոզարշավին` նշենք, որ այս անգամվա նման կոշտ քարոզարշավի` ՏԻՄ ընտրությունների առումով, դեռ ականատես չենք եղել, եւ դա հասկանալի է. մասնակից քաղաքական ուժերի` իրենց առաջ դրած նպատակների անհասանելիության առումով ոչինչ չի մնում, քան միմյանց սեւացնելը, քանի որ կոնկրետ քաղաքային կյանքի բարելավում առաջարկելն ավելի դժվար է` մեխանիզմներին չտիրապետելու պատճառով:

Հիմա նպատակները. ԲՀԿ-ն մեկ նպատակ ունի` նախագահական ընտրություններին չմասնակցելուց հետո փաստել, որ ինքը բարձր վարկանիշ ունեցող ուժ է, իսկ ավելի ստույգ` վարկանիշը չի կորցրել, ինչը, հավատացեք, դժվար է, քանի որ ԲՀԿ-ում ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչը` Գագիկ Ծառուկյանը, ավագանու ցուցակում չկա, ու նրա համակիրը չի հասկանում, թե ինչու պետք է ձայնը տա Վարդան Օսկանյանին կամ Գուրգեն Արսենյանին:

ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանը որ ասում է` դեռ մեզ չեք փորձել (քաղաքը ղեկավարելու առումով), գուցե դրա մեջ ճշմարտություն կա, բայց հարյուրտոկոսանոց չէ, քանի որ մի՞թե նախագահական կամ խորհրդարանական ընտրությունները փորձ չեն ընտրողի համար` ՀՅԴ-ի հանդեպ դիրքորոշում ունենալու առումով. առաջինին ՀՅԴ-ն ոչ մասնակցեց, ոչ էլ թեկնածու առաջադրեց, դուրս մնալով գործընթացներից, երկրորդի մասին ոչինչ չենք կարող ասել, քանի որ ընդհանրապես Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացման կարգը հնարավորություն չի տալիս ընտրողին ու փորձագետին իրական պատկերացում կազմել ոչ իշխող ուժերի իրական վարկանիշի մասին: ՀՅԴ-ի հույսը, այնպես որ, ինչպես եւ բոլոր ընտրություններին, մնում է իր կայուն ընտրազանգվածը:

ՕԵԿ-ը խնդիր է դրել խմբակցություն ունենալ գոնե, այսինքն` անցնել 6 տոկոսի շեմը, ու, պատկերացրեք, դա կախված է լինելու էլի ոչ իշխանական ուժերից: Եթե նրանց ընդհանուր տոկոսը բարձր լինի, որքան էլ անձամբ ՕԵԿ ցուցակը ղեկավարող Արմեն Երիցյանը ակտիվ քարոզարշավ է տանում, ՀՀԿ-ն արդեն ՕԵԿ-ի մասին մտածելու «մաջալ» չի ունենա, քանի որ իր տոկոսները բարձրացնելու խնդիր պետք է լուծի: ՀԱԿ-ը նույնպես խնդիր ունի խմբակցություն ունենալու, քանի որ նախորդ ավագանիում խմբակցություն ունենալն ու աշխատանքին չմասնակցելն ու ավագանու որոշումներին չդիմադրելը նրա օգտին չեն աշխատել: Ու անգամ Վահագն Խաչատրյանի` ոչ կոնֆլիկտային կերպարն ու, չնայած դրան, նրա ագրեսիվ քարոզարշավը կարող են մեծ օգուտ չտալ` նվազագույն շեմ հաղթահարելն անգամ կասկածի տակ դնելով: Ու անգամ ՀԱԿ-ի նորարարությունը` դիմել գլխավոր դատախազությանը` ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը ստուգելու պահանջով, կարող է արդյունք չտալ: Դե իսկ բոլորի քննադատության թիրախ դարած բարեւականների առումով նվազագույն շեմ հաղթահարելու խնդիր չի ծագի` նախագահական ընտրությունների բոնուսը դեռ աշխատելու է «Բարեւ, Երեւանի» համար, բայց հավանաբար երկրորդ ուժ լինելու իր նախագահական ռեկորդը նա կզիջի, որքան էլ խնդիր ունի հենց այդ պահպանել, քանի որ հետընտրական գործընթացները նվազեցրել են բոնուսը:

Իսկ ահա ՀՀԿ-ն եւս բարդ խնդիր է լուծելու` պահպանել գոնե նախագահական ընտրությունների տոկոսը, ինչը, այս ընտրութունների ավելի մրցակցային լինելու պատճառով, նրա համար դժվարանալու է:

Հ.Գ. Վերջերս մի նախընտրական անեկդոտ է շրջանառվում. երբ Կենտրոնի ինչ- որ տարածքում հերթական փողոցի բավական նոր ասֆալտն է հանվում ու լրիվ թարմ ասֆալտ գցվում, մարդիկ հարցնում են, թե ախր լրիվ նոր ասֆալտ էր, ինչո՞ւ եք փոխում, ասֆալտ անողները պատասխանոում են. «Չէր փայլում, պետք է ընտրությունների օրը փայլուն ասֆալտ լինի, որ Տարոնի ընտրությունը փայլուն անցնի»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #70, 01-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ