ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄՆ ՈՒ ԵԽ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ Մ. Խ. Այս ամսից Հայաստանը նախագահելու է Եվրոպայի խորհրդում, սա ի՞նչ գործնական հեռանկարներ կարող է տալ Հայաստանին. «Ազգի» այս հետաքրքրությանն ի պատասխան ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նկատեց, թե Հայաստանի նպատակը մեկը պետք է լինի` կազմակերպության աշխատանքը շարունակել առավել արդյունավետ ձեւով: Ազգային ժողովում մայիսի 3-ին լսումներ են լինելու այս թեմայով, Հայաստանի արտաքին գործերի նախարարը ներկայացնելու է մեր առաջնահերթությունները (բնականաբար` նա է նախագահելու նախարարների կոմիտեում, որը Եվրոպայի խորհրդի առաջնահերթ կառույցներից մեկն է): Մայիսի վերջին տեղի են ունենալու ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի բյուրոյի եւ կանոնակարգի կոմիտեի նիստերը Երեւանում. «Մենք Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը, օրենքի գերակայության հարցը արդյունավետ լուծելու խնդիրն ունենք որպես նախագահող, կատարելու ենք մեր քայլերը հենց այդ խնդիրները լավագույնս լուծելու համար», ասաց Դ. Հարությունյանը երեկ, Ազգային ժողովում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքը ԵԽԽՎ պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանի եւ Նաիրա Կարապետյանի հետ ասուլիսով ամփոփելու ժամանակ: Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը ԵԽԽՎ բյուրոն քննարկել եւ հաստատել է, հնչել են ե՛ւ դրական, ե՛ւ քննադատական ելույթներ: Դ. Հարությունյանն այն օբյեկտիվ գնահատեց, թեեւ այնտեղ կային դրույթներ, որոնք ինքը չի ընդունում: Իսկ ընտրությունները քննադատող ելույթներ ունեցել են այնպիսի պատգամավորներ, որոնք դիտորդական առաքելության անդամ չեն եղել ու իրենց ելույթները կառուցել են ուրիշներից լսածով: ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանին ելույթի համար հերթ չի հասել, նրա ելույթը կցվել է արձանագրություններին, բնականաբարՙ Հարությունյանի ու Զուրաբյանի հայացքները նույն երեւույթին տարբեր հայացքներով են, այնպես որ այդ ելույթները տրամագծորեն տարբեր կարող էին լինել: Բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի քննարկումների համար մերոնցից հերթագրվել են Զարուհի Փոստանջյանը, Լեւոն Զուրաբյանն ու Արփինե Հովհաննիսյանը, բայց նրանց էլի հերթ չի հասել, ու նրանց ելույթների տեքստերը կցվել են արձանագրություններին: Նախարարների կոմիտեին նստաշրջանի ընթացքում հարցեր են ուղղել Դ. Հարությունյանն ու Լեւոն Զուրաբյանը: Մերոնց խոսք չի հասել նաեւ «Հետմոնիտորինգային երկխոսություն Թուրքիայի հետ» զեկույցի քննարկմանը, այնպես որ Դ. Հարությունյանի եւ Զ. Փոստանջյանի պատրաստած ելույթների տեքստերը էլի կցվել են արձանագրություններին: Չնայած դրան, մերոնցից Ա. Հովհաննիսյանի եւ Ն. Կարապետյանի առաջարկները արտացոլվել են զեկույցի բանաձեւում, թուրքական կողմից խոչընդոտներ են եղել (թեեւ առաջարկները վերաբերել են ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքներին): Ազատ քննարկումների ժամանակ Զ. Փոստանջյանը ելույթ է ունեցել Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ: Ադրբեջանցի պատվիրակները հակահայկական ելույթներ են ունեցել, որոնց կոշտ նկատողություն է արել ԵԽԽՎ նախագահը: Ավելի չմանրամասնենք, քանի որ նստաշրջանի օրերին «Ազգն» անդրադարձել է այնտեղ տեղի ունեցածին: Ավելացնենք միայն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպում եւս եղել է, բայց դա աշխատանքային սովորական հանդիպումներից է եղել ու կապ չունի ԼՂ հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու խնդրի հետ, որի վերաբերյալ հայկական կողմն իր բացասական տեսակետը հայտնել է ժամանակին: ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի եւ երկու պատվիրակությունների ղեկավարների պարբերական հանդիպումները գաղտնապահական են, եւ Դ. Հարությունյանն այնտեղ քննարկվող հարցերի մասին ոչինչ չգաղտնազերծեց, թեեւ նույն բանը չի անում ադրբեջանական կողմը, հաճախ պայմանավորվածությունները խախտելով ու աղճատված տեղեկատվություն ներկայացնելով: Գնահատելով եվրոպական պարտավորությունները կատարման ընթացքը` Դ. Հարությունյանը նշեց, որ մեր երկիրն առաջ է գնացել, չնայած Հայաստանը մոնիտորինգի տակ է, բայց մոնիտորինգից դուրս երկրներ կան, որտեղ վիճակը մերից վատ է` Հունգարիան եւ Բուլղարիան, օրինակ: Վերջինի ընտրությունների վերաբերյալ զեկույցը ներկայացնում է այդ երկրում ողբերգական վիճակ: Չնայած առաջընթացին` Դ. Հարությունյանը չի կարծում, որ Հայաստանը շուտ դուրս կգա մոնիտորինգի տակից: |