RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-05-08 22:48:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1518, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 24

Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ՄԻԽԵԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Բաքվում ավարտված «Հարավկովկասյան առաջին խորհրդաժողովի» քիչ թե շատ ուշադրության արժանի դեմքը Վրաստանի հեռացող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին էր: Նա երկրորդ անգամ բարձրաձայնեց, որ Ադրբեջանի դեմ սադրանք է ծրագրվում, ինչպես եւ պնդեց, որ «Հարավային Կովկասի եւ ողջ հետխորհրդային տարածքի ճակատագիրը վճռվում է Բաքվում»:

Ադրբեջանական վերլուծաբանական հանրությունը, մեղմ ասած, այդ հայտարարությունից չափազանց է «թուլացել եւ հաճույք է ստանում»: Բայց արդյո՞ք ասվածը հաճոյախոսություն էր Ադրբեջանին: Տեղավորվո՞ւմ է տրամաբանության մեջ, որ մի երկրի թեկուզ եւ պաշտոնից հեռանալ պատրաստվող նախագահը մյուսին վերագրի չափազանց կարեւոր դերակատարություն կամ իր հայրենիքը ստորադասի հարեւան պետությանը:

Որքան էլ էկզոտիկ կամ անհավասարակշիռ, կամ «ոչ ադեկվատ», ինչպես կառավարությունն է բնութագրել Վրաստանի նախագահին, Միխեիլ Սաակաշվիլին, կարծում ենք, էությամբ վրացի ազգայնական է, եւ բացառված է, որ Ադրբեջանի հանդեպ անկեղծ սեր է տածում: Նրա հայտարարության ադրբեջանական արձագանքներից մեկը դա է վկայում: Քաղաքագետ Լեյլա Ալիեւայի կարծիքովՙ «Ռեժիմներն Ադրբեջանում եւ Ռուսաստանում նույնական են, եւ նրանք միշտ կգտնեն ընդհանուր լեզու: Նրանք կարող են ունենալ մարտավարական, բայց երբեք` հիմնարար տարաձայնություններ» (տես` http://haqqin.az/news/5638):

Ահա այստեղ է «թաղված շան գլուխը»: Միխեիլ Սաակաշվիլին փաստորեն ակնարկել է, որ Ադրբեջանում իշխող վարչախումբն էությամբ եթե չփոխվի, ապա դա սպառնալիք կդառնա Հարավային Կովկասի եւ ողջ հետխորհրդային տարածքի համար: Քանի որ իլհամալիեւյան ռեժիմը, որքան էլ Ադրբեջանի էներգետիկ եւ կոմունիկացիոն հնարավորությունները գրավիչ լինեն եւ ունենան ռազմավարական նշանակություն, Արեւմուտքում որպես ընդունելի գործընկեր չի ընկալվում:

Պատմական ոչ այնքան հեռավոր անցյալում Ադրբեջանը մեկ անգամ տհաճ անակնկալ արդեն մատուցել է: Ճիշտ է, այսօր Բաքվում փորձ է արվում 1920թ. ապրիլի 28-ը ներկայացնել իբրեւ «օկուպացիայի եւ անեքսիայի» օր, բայց բազմաթիվ փաստաթղթեր վկայում են, որ Ադրբեջանի խորհրդայնացումը տեղի է ունեցել մուսավաթական կառավարության համաձայնությամբ` թուրք-բոլշեւիկյան գործարքով:

Դրա գինը Հայաստանից Նախիջեւանի եւ Արցախի, Վրաստանից` Նուխիի օկրուգի անջատումն էր հօգուտ խորհրդային Ադրբեջանի: Բաքվում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությամբ է, որ հնարավոր է դարձել նաեւ նախ Հայաստանի, ապա` 1921թ. փետրվարի 25-ին Վրաստանի խորհրդայնացումը: Ինչպես նաեւ` «իմպերիալիզմի դեմ պայքարում» քեմալական Թուրքիայի հաղթանակը:

Այն, ինչ Վրաստանում տեղի ունեցավ 2008թ. օգոստոսին, ակնառու վկայություն է, որ Արեւմուտքը հարավկովկասյան տարածաշրջանում ռազմական դերակատարություն ունենալ չի կարող: Այսօր Արեւմուտքի միջոցով ԼՂ խնդիրը լուծելու գայթակղությամբ վարակված է Իլհամ Ալիեւի վարչախումբը:

Սաակաշվիլին ակնարկել է այդ մտայնության վտանգավորությունը: Նա, թերեւս, ադրբեջանական էլիտային փորձել է հասկացնել, որ «կողմնորոշում` հանուն Լեռնային Ղարաբաղի» կեցվածքը հեռանկար չունի: Կամ գուցե հեռանկար չունի Արեւմուտքի հետ հարաբերություններում: Իսկ երկրորդ` «հյուսիսային վեկտորի ընտրությունը հղի է անկախության կորստի սպառնալիքով»:

Խոսելով Ադրբեջանի կողմից Ռուսաստանի նախաձեռնություններին միանալու մասին, «Զերկալո»-ի մեկնաբանը շատ կտրուկ ձեւակերպում է արել. «Նույնիսկ հանուն Ղարաբաղի չարժե գնալ դրան»: Միխեիլ Սաակաշվիլին նույն խորհուրդը տվել է դիվանագիտական լեզվով:

Ըստ էության, Վրաստանի նախագահը Հարավային Կովկասի համար վտանգավոր է գնահատել Իլհամ Ալիեւի բռնապետական ռեժիմը: 2008-ի օգոստոսյան պատերազմից ընդամենը մեկ ամիս առաջ Բաքու էր այցելել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Միխեիլ Սաակաշվիլին հազիվ թե մոռացել է այդ «մանրուքը»: Ադրբեջանում կարծում են, թե բատոնո Միխեիլին «մտահոգում է իր եղբայր Իլհամի քաղաքական ապագան»: Մինչդեռ Սաակաշվիլին հասկացողների համար պարզ ակնարկել է, որ Իլհամ Ալիեւը պետք է հեռանա...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ