ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԲԱՐ ՔԵՄՓ ԵՐԵՎԱՆ 2013-Ը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ հազար մասնագետներՙ ծրագրավորողներ, ճարտարագետներ, բլոգերներ, օն-լայն լրագրողներ եւ սոցիալական ցանցերի ակտիվիստներ, մայիսի 11-12-ը հնարավորություն կունենան մասնակցելու Բար Քեմփ Երեւան 2013 կոնֆերանսին: Հայաստանյան ՏՏ ոլորտ յուրահատուկ աշխուժություն եւ ստեղծագործական ոգի բերող Բար Քեմփը Երեւանում անցկացվում է հինգերորդ տարին անընդմեջ: Հայաստանի ամերիկյան համալսարանի Փարամազ Ավետիսյանի մասնաշենքում անցկացվող ոչ պաշտոնական կոնֆերանսի մասնակիցները այս տարի կրկին հնարավորություն կունենան նոր գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերել` մասնակցելով Բար Քեմփի հատուկ հյուրերի կողմից վարվող վարպետության դասընթացների, ելույթ ունենալ` կիսվելով սեփական փորձով հատուկ այդ նպատակով տրամադրվող լսարաններում, քննարկել համացանցային տեխնոլոգիաները, ծրագրավորման կիրառական խնդիրները, ճարտարագիտական նորարար լուծումներն ու սոցիալական մեդիայի վերջին զարգացումները տարածաշրջանում եւ աշխարհում: Այս տարի միջոցառմանը ելույթ ունենալու համար հրավիրվել է Google ընկերության ամերիկյան կենտրոնակայանում աշխատող ավագ ծրագրավորող Դեւիդ Գարսիա Քինթասը: Հատուկ Բար Քեմփին մասնակցելու համար Երեւան կայցելեն նաեւ ճգնաժամային քարտեզագրության եւ սոցիալական մեդիայի ռազմավարության մասնագետ Անահի Այալա Իակուչին, ինչպես նաեւ ռուսաստանյան ՌԻԱ-Նովոստի գործակալության ինֆոգրաֆիկաների եւ վիզուալիզացիայի մասնագետներ Ֆիլիպ Կացը եւ Միխայիլ Դունաեւը: Հյուրերը դասախոսություններ կկարդան եւ վարպետության դասընթացներ կանցկացնեն միջոցառման մասնակիցների համար: Արդեն երկրորդ տարին անընդմեջ Բար Քեմփ Երեւան 2013-ի գլխավոր հովանավորն է Orange-ը: Միջոցառման հովանավորներն ու աջակիցներն ենՙ Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագիրը եւ Ինտերնյուս Հայաստանը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, ռուսաստանյան RIA Novosti գործակալությունը եւ SFL ընկերությունը: «Որպես ինտերնետի ծառայություններ մատուցող ընկերություն եւ շարժական ինտերնետի առաջատարը Հայաստանում` մենք մեզ պատասխանատու ենք զգում նաեւ երկրում վեբ միջավայրի կատարելագործմանն աջակցելու գործում: Մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում այս նախագիծը, որի իրականացմանն արդեն երկրորդ անգամ ենք աջակցում ինչպես ֆինանսապես, այնպես էլ իհարկեՙ մասնակիցներին Orange Ինտերնետ տրամադրելով: Վստահենք, որ այն բացառիկ միջավայրը, որը կստեղծվի Բար Քեմփի ժամանակ, մտքերի եւ փորձի փոխանակման յուրահատուկ հարթակ կստեղծի: Կարծում ենք, որ այս իրադարձությունը, ի թիվս այլ նման միջոցառումների, չափազանց կարեւոր է երկրում տեղեկատվական հասարակության ձեւավորման եւ ստեղծագործ միտքը խթանելու համար», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: Բար Քեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ եւ մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձեւաչափ է, որը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում: Բար Քեմփի մասնակիցներն իրենք են նախապատրաստում եւ ներկայացնում զեկուցումներ, նախաձեռնում քննարկումներ: Բար Քեմփ Երեւան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մեդիաոլորտի ներկայացուցիչներ են: Բար Քեմփի օրակարգը ձեւավորվում է միայն միջոցառման բացումից հետո, երբ մասնակիցները գրատախտակի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները: |