«ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱՅԻ» ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ Ի. Պ. «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը սկսել է նոր նախաձեռնություն, որը կոչվում է «Պարզապես մեկ ծառ»: Նախաձեռնության միջոցով ընկերությունը հրավիրում է Հայաստանում գործող ICT ոլորտի ընկերություններին տնկել մեկ ծառ իրենց յուրաքանչյուր աշխատակցի համար, եւ այժմ տնկվող ծառերը կգեղեցկացնեն Երեւանը` նրա միջավայրը դարձնելով առավել առողջարար: Նախաձեռնությունը բաց է բոլորի համար եւ եզակի այն բանի համար, որ ոլորտի յուրաքանչյուր ընկերություն` անկախ իր չափերից ու ֆինանսական դրությունից, կարող է ցուցաբերել իր մասնակցությունը: Երեւանի քաղաքապետարանը նույնպես միանում է նախաձեռնությանը եւ պատրաստակամ է իր լիազորության սահմաններում նպաստելու ծրագրին: «Յուրաքանչյուրիս ցանկությունն է տեսնել մեր քաղաքն ավելի կանաչ ու ավելի մաքուր: «Ավելի լավ Երեւան» ծրագիրը հիմնված է հենց կանաչ տարածքների ավելացման վրա, ինչի ուղղությամբ առաջիկա տարիներին բոլորս միասին կիրականացնենք մեծամասշտաբ ծրագրեր», ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: |