RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-05-29 23:57:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1529, Տպվել է` 40, Ուղարկվել է էլ.փոստով` 50

ԲԻՇՔԵԿ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԵՆ ԳՆՈՒՄ, ԱՅԼԵՎ ՉԵՆ ՀՐԱՎԻՐՎՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ինչո՞ւ մայիսի 28-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցում, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը նշել է, որ մայիսի 28-ը Հանրապետության օրն է, եւ Հայաստանի նախագահը ցանկացել է մնալ այդ օրը Հայաստանում:

Հայկական վերլուծական դաշտն, հասկանալիորեն, անմիջապես որսաց այս իրադարձությունը. բանն այն է, որ անցյալում երբեք, ՀԱՊԿ պաշտոնական թե ոչ պաշտոնական գագաթաժողովները չէին անցել առանց կազմակերպությունում «խիստ ակտիվ դերակատարում ունեցող» Հայաստանի: Հետեւաբար, որ Սերժ Սարգսյանը Բիշքեկում ՀԱՊԿ դաշնակիցների հետ միեւնույն սեղանի շուրջը չէ, աննախադեպ երեւույթ է: Հնչեցին կարծիքներ, որ սա Հայաստանի, անձամբ Սերժ Սարգսյանի կողմից իրականացված դեմարշ է` ընդդեմ Մոսկվայի` կապված, մասնավորաբար Կրեմլիՙ վերջին ժամանակներում ամենեւին էլ ոչ բարեկամական քայլերի հետ` Հայաստանի ուղղությամբ: Ավելի կոնկրետ` կապված գազի սակագնի հետ: Ընդ որում, անգամ ոչ իշխանական հանրույթը ողջունեց նախագահ Սարգսյանի այս «դեմարշը»:

Իրականում Բիշքեկ չի մեկնել նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ու եթե հաշվի առնենք, որ Բելառուսում մայիսի 28-ը ամենեւին էլ համապետական տոն չէ, հետեւաբար գուցե նախագահներ Լուկաշենկոն ու Սարգսյանը Ղրղզստան չեն մեկնել էլի նույն, բայց լրիվ այլ պատճառով:

Օրինակ, եթե Սերժ Սարգսյանի` Բիշքեկ չմեկնելու պատճառը կարող է իրապես լինել Հանրապետության տոնին մասնակցելու Հայաստանի նախագահի անկեղծ ցանկությունը, ապա Բելառուսի նախագահի չմեկնելու պատճառը կարող են լինել բելառուս-ղրղզական ոչ բարվոք հարաբերությունները: Այսպես, չնայած Բելառուսն ու Ղրղզստանը ՀԱՊԿ անդամ են, հետեւաբար` «Բելառուսի դեմ հարձակումը հարձակում է նաեւ Ղրղզստանի դեմ», եւ հակառակը, բայց այս երկրների հարաբերություններն ամենեւին էլ դաշնակցային չեն: Հիշում ենք, որ ոչ վաղ անցյալում Ղրղզստանում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո այդ երկրի նախկին նախագահ Կուրբանբեկ Բակիեւին քաղաքական ապաստան տվեց հենց Մինսկը, անձամբ Լուկաշենկոն: Բիշքեկի նոր իշխանությունները բազմիցս են խնդրել Լուկաշենկոյինՙ վերադարձնել նախկին նախագահին, որի դեմ հայրենիքում հարուցված են մի շարք քրեական եւ ոչ միայն քրեական գործեր: Սակայն Լուկաշենկոն բազմիցս է մերժել Բիշքեկի խնդրանքը: Բացի սրանիցՙ վերջին տարիներին գրեթե բացակայում են բելառուս-ղրղզական միջպետական շփումները, ավելին, երբ 2012-ին Աշխաբադում ԱՊՀ նախագահությունն անցավ Բելառուսին, Ղրղզստանն այդ ԱՊՀ գագաթաժողովին չմասնակցեց նախագահի` Ալմազբեկ Աթամբաեւի մակարդակով, Թուրքմենստանի մայրաքաղաք գործուղվեց առաջին փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը:

Հետեւաբար, Լուկաշենկոն Բիշքեկում չէ գուցե հենց այս պատճառով:

Սակայն, ՀԱՊԿ պաշտոնական կայքէջում կարդում ենք, որ «Բիշքեկում մայիսի 28-29-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին հրավիրվել են միայն կազմակերպության անդամ երկրների ղեկավարներից Ռուսաստանի նախագահը եւ Միջին Ասիայի երկրների ղեկավարները»: Հետեւաբար, նախագահներ Սարգսյանն ու Լուկաշենկոն ոչ թե չեն մեկնել Բիշքեկ, այլեւ չեն հրավիրվել: Ընդ որում, ռուսական պարբերականներում կարդում ենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունը, այդուհանդերձ, փորձել է Բիշքեկի գագաթաժողովը կազմակերպել կազմակերպության լրիվ կազմով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անձամբ է բանակցություններ վարել անդամ երկրների ղեկավարների, կոնկրետ Լուկաշենկոյի հետ: Սակայն Լուկաշենկոն եւ Սարգսյանը Բիշքեկ չեն հրավիրվել, գուցե որովհետեւ Լուկաշենկոն մերժել է Բորդյուժայի հրավերը` ժամանել ոչ բարեկամական Բիշքեկ, իսկ ՀԱՊԿ քարտուղարությունն էլ իր «արագ արձագանքման ջոկատների» պես արագ որոշում է կայացրել, որ Բիշքեկի ոչ պաշտոնական գագաթաժողովին պետք է հրավիրել միայն կամ իհարկե Պուտինին, ինչպես նաեւ Միջին Ասիայի երկրների ղեկավարներին, մանավանդ որ ՀԱՊԿ ոչ պաշտոնական այս գագաթաժողովի օրակարգում Աֆղանստանի հարցն է:

Ուրեմն` մեկնել չցանկանալը ուրիշ բան է, չհրավիրվելը` բոլորովին այլ: Եվ սա ամբողջովին այլ վերլուծությունների հիմք է` կոնկրետ հայկական վերլուծական հանրույթի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ