RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013



Տեղադրվել է` 2013-05-29 23:57:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1047, Տպվել է` 52, Ուղարկվել է էլ.փոստով` 73

ԼԻԴԻՑԵԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Չեխական Լիդիցե ավանում երեկ հանդիսավորությամբ բացվեց 41-րդ միջազգային մանկական ցուցահանդեսը, որին աննախադեպ մասնակցություն էր արձանագրվելՙ աշխարհի 68 երկրներից, այդ թվումՙ Հայաստանից, ստացվել էր 24 593 աշխատանք: Ինչպես մեզ հետ զրուցում նշեց Լիդիցեի ցուցասրահի տնօրեն եւ ցուցահանդեսի համակարգող Իվանա Կասալիցկան, հատկապես Հայաստանի մասնակիցներն այս տարի զարմացրել են իրենց ակտիվ մասնակցությամբ եւ հիանալի աշխատանքներով (մոտ 440 աշխատանք է ստացվել), եւ բացի պատվոգրերից, արժանացել են նաեւ մեդալների:

Դիլիջանի մանկական գեղարվեստի դպրոցի 13-ամյա սանուհի Էսմա Ալիխանյանը ստացել է «Լիդիցեի վարդ» անհատական մեդալը: Նույն մեդալին արժանացել է նաեւ Դիլիջանի մանկական գեղարվեստի դպրոցըՙ Սերյոժա Արզումանյանի (12 տարեկան), Գոռ Ղազարյանի (12 տարեկան), Լիա Ղազարյանի (12 տարեկան), Միլենա Մարտիրոսյանի (13 տարեկան) եւ Աննա Հովհաննիսյանի (10 տարեկան) նկարների հավաքածուի համար:

Խրախուսական պատվոգրեր են ստացելՙ Ներքին Գետաշենից Նոնա Հակոբյանը (11 տարեկան), Երեւանի Մանկական գեղագիտության կենտրոնի սան Էդիկ Մեսրոպյանը (16 տարեկան), Անանիա Շիրակացի կրթահամալիրից Միքայել Աստվածատրյանը (10 տարեկան) եւ Երեւանի Խնկո-Ապոր գրադարանից Նարե Հարությունյանը (14 տարեկան): Այս տարի, բացի գեղանկարչական աշխատանքներից, Հայաստանից պատվոգրերի են արժանացել նաեւ Չարենցավանից 10-ամյա Գոռ Սահակյանի կերամիկական ափսեն եւ Քասախից 7-ամյա Գագիկ Ալեքսանյանի փայտե փորագիր աշխատանքը:

Անձրեւային եղանակի պատճառով այս տարվա բացումը եւ մեդալների հանձնումը կատարվեցին Լիդիցեին մոտ գտնվող Կլադնո քաղաքի մշակույթի տանը, ուր պարային համույթի ելույթից հետո տրվեցին Չեխիայից եւ հարեւան պետություններրից մեդալների արժանացած երեխաների պարգեւները: Ժյուրին գլխավոր մրցանակն այս տարի տվել էր Սլովակիայի Հոլիչի միջնակարգ դպրոցինՙ ներկայացրած աշխատանքների համար, իսկ Չեխիայից արժանացել է Հայ վե Սլեժսկու ավանի դպրոցին: Այնուհետեւ ներկաները տեղափոխվեցին Լիդիցե, ու կեսօրից անց բացվեց միջազգային ցուցահանդեսը: Ի դեպ, հսկայական աշխատանք է կատարել ցուցահանդեսի ժյուրին, որի անդամները ստացված 24 593 աշխատանքներից կարողացել էին գնահատել 1343-ը, որից 204-ը մեդալների ձեւով: Ընդ որում արտասահմանից ստացված մրցանակները 537-ն են, որից 93-ըՙ մեդալակիրներ:

Չեխ մասնակիցներց նրանք, ովքեր կարոացել էին ներկա գտնվել հանդիսավոր բացմանը, տեղում ստացան իրենց պարգեւները: Իսկ օտարերկրյա պետություններից մրցանակի արժանացած երեխաների պարգեւները կփոխանցվեն այդ երկրներում Չեխիայի դեսպանատների միջոցով: Հետագայում, եթե որեւէ պետություն ցանկություն հայտնի ցուցադրել այդ աշխատանքներն իրենց ցուցասրահներում, ապա նրանց համար ցուցահանդեսային հավաքածու է ստեղծվում եւ տրամադրվումՙ վերադարձնելու պայմանով:

Արդեն իսկ հայտնի է նաեւ 42-րդ ցուցահանդեսի թեմանՙ «Իմ պարտեզը, դաշտը կամ տնային հողագործություն», որին աշխատանքներ ուղարկելու վերջնաժամկետը 2014 թվականի փետրվարի 28-ն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ