ՄԻԽԱՅԻԼ ՇՎԻԴԿՈՅ. ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՓՈՒՄՆԵՐՆ ԱՐԳԵԼՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ ԷԼ ԱՎԵԼԻ ԿՍՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մոսկվա Միջպետական մշակութային համագործակցության գծով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, մեկնաբանելով Ադրբեջանի խորհրդարան ներկայացված «Օկուպացված տարածքների մասին» օրենքի նոր նախագիծը, կարծիք հայտնեց, որ նման կարգի փաստաթղթերը պետք մանրակրկիտ ուսումնասիրվեն, իսկ վերլուծաբաններն իրենց գնահատականը տան: Հիշեցնենք, որ «Օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծը ենթադրում է, որ Ադրբեջանն արգելելու է հասարակական կազմակերպությունների եւ անհատների բոլոր տեսակի շփումները հայերի հետ: Համագործակցություն եւ շփում հայ մասնավոր անձանց եւ կազմակերպությունների հետ կթույլատրվի միայն որոշ քաղաքական գործիչների, այն էլ բացառապես Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների համատեքստում: Բոլոր նրանք, ովքեր կխախտեն այս օրենքը, կպատժվեն ազատազրկմամբ ու տուգանքով: Ըստ Շվիդկոյի, եթե օրենսդրական մակարդակում նման փաստաթուղթ ընդունվի եւ արգելվեն հանրության շփումները, ապա դա «լավագույն լուծումը չի լինի, քանի որ կսրի իրավիճակն ու կխոչընդոտի նաեւ ղարաբաղյան կարգավորմանը»: «Փորձը ցույց է տալիս, որ բոլորը պատերազմները ավարտվում են խաղաղությամբ: Այլ հարց է, թե այդ խաղաղության գինն ինչպիսին կլինիՙ մեծ ու չվերականգնվող կամ նվազագույն: Չպետք է մոռանալ, որ պատերազմը մարդկային զոհեր է պահանջում: Հետեւաբար հարկավոր է ջանքեր գործադրել, որպեսզի խուսափենք նման ելքից», ասաց նա: Խոսելով հայ-ռուսական մշակութային հարաբերությունների մասինՙ Շվիդկոյը շեշտեց, որ նախկինում այդ հարաբերությունները շատ ավելի ամուր էին, եւ ռուս հանդիսատեսը ճանաչում էր հայ մտավորականներին: «ԽՍՀՄ փլուզումից հետո ռուս հանդիսատեսը չգիտի արդի հայ երգիչներին, դերասաններին ու նկարիչներին: Ձեր մտավորականները, երգիչները գալիս են Ռուսաստան, շրջագայում քաղաքներում, սակայն համերգներ ու ներկայացումներ կազմակերպում միայն սփյուռքի իրենց հայրենակիցների համար: Դա շատ վատ է, քանի որ մենք չգիտենք, թե այսօր ովքեր են հայկական մշակույթի էլիտան, ինչ գաղափարներ ունեն եւ ինչպիսի ճաշակ են թելադրում: Ձեր մտավորականները գալիս են Ռուսաստան, բայց կարծես Հայաստանում լինեն, քանի որ այդ հանդիպումները բացառապես այստեղի հայերի համար են կազմակերպվում: Լավ կլիներ, որ նման հանդիպումներ ու միջոցառումներ նրանք կազմակերպեին նաեւ ռուս հանդիսատեսի համար», ասաց Շվիդկոյը: Հ. Գ. Այցելությունը Մոսկվա իրականացել է «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության ՀԿ-ի նախաձեռնությամբ: |