RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#090, 2013-06-01 > #091, 2013-06-04 > #092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #92, 05-06-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-06-04 23:44:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1353, Տպվել է` 82, Ուղարկվել է էլ.փոստով` 60

ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ «ԱՆՏԵՂՅԱԿ» ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԵՎ «ՊԱՅԾԱՌ ԱՊԱԳԱ» ԳՆԱՑՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՆԱԽԱՐԱՐԸ

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Ադրբեջանը, պարզվում է, ըստ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, «տարբեր կրոնների, տարբեր կրոնական խմբավորումների միասին ապրելու կարողության դրսեւորման հրաշալի վիճակ է»: Այսպիսի հայտարարություն, որ ավելի շուտ կենաց է հիշեցնում, արել է ԱՄՆ պետքարտուղարը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ` հունիսի 3-ին:

Պետքարտուղարության կայքէջի համաձայն, Քերրին նախ հիշեցրել է, որ վերջին ամիսներին քանիցս զրուցել է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ, տեղեկացնելով նաեւ, թե մինչեւ իրենց զրույցը Մամեդյարովը հանդիպել է Ամերիկյան հրեական հանձնաժողովին եւ «կանգնած ծափողջույնների արժանացել, երբ խոսել է հակասեմականության դեմ պայքարելու ու բազմազանության եւ բազմակարծության պատրաստակամության մասին»:

Որ Մամեդյարովը կարող է իր ու Ադրբեջանի գլուխը գովել, հասկանալի է, սակայն այնքան էլ հասկանալի չէ, անգամ դիվանագիտական բարեհաճության ու նրբանկատության պարագայում ԱՄՆ պետքարտուղարը կարող է ամենայն հանգստությամբ ներկայացնել Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքերը բազմա... պատրաստակամության մասին, երբ մարդու իրավունքներին առնչվող գրեթե բոլոր զեկույցները հակառակն են պնդում:

«Ադրբեջանը կարեւոր գործընկեր է Աֆղանստանում... հավասարապես կարեւոր է հյուսիսային տեղաբաշխման ուղու, նաեւ հարավային գազամուղի եւ այլ հարցերի առումով, որ մեծագույն կարեւորություն ունեն մեզ համար», ասել է Քերրին:

Այդուհետեւ պետքարտուղարը կտրուկ անդրադարձ է կատարել ղարաբաղյան խնդրին: «Խոսել ենք նաեւ Լեռնային Ղարաբաղի մասին: Դա սառեցված հակամարտություն է, ինչպես մենք կոչում ենք, մի հակամարտություն, որ սպառնում է տարածաշրջանում կայունությանը, եւ ինչով մենք պետք է զբաղվենք», հասկանալի չէՙ ինչ համատեքստում նշել է Ջոն Քերրին մի տեսակ դիլետանտ ներկայանալով: Նրա խոսքերով. «Որպես Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ը լուրջ հետաքրքրություն ունի օգնելու Ադրբեջանին եւ Հայաստանին` ի վիճակի լինելու գտնել առաջ տանող ուղին»:

«Ես կարծում եմ, որ առաջ գնալու ուղի կա, եւ մենք կշարունակենք աշխատել հանդարտորեն ու համբերատար խրախուսելով կողմերին կամ վստահության միջոցներ հիմնել եւ կարգավորման ուղի գտնել», Մամեդյարովին ջերմ ողջունող Քերրին այսպես է ձեւակերպել Միացյալ Նահանգների ներգրավվածությունը, հետաքրքրական շեշտադրում անելով. «Երկուսն էլ նախկինում մոտ էին, սակայն վերջին պահին ինչ-որ բաներ տեղի ունեցան, ինչը բոլորին զրկեց այդ հնարավորությունից»:

Վերջին արտահայտությունն, իհարկե, մեկ հասցեատեր ունի, որ այս ողջ խոսակցության ընթացքում կանգնած է եղել ԱՄՆ պետքարտուղարի կողքին, սակայն Քերրիի խոսքը մնացել է ընդհանուր ձեւակերպմամբ:

Այսքան, փաստացի, անտեղի ասվածին Մամեդյարովն էլ իր բաժինն է ավելացրել, թե Ադրբեջանը հարեւան Հայաստանի հետ «հաստատապես ուզում է ապրել խաղաղ` արժանապատվությամբ... դեպի պայծառ ապագան կնայենք ու կապրենք կողք կողքի որպես լավ հարեւաններ»:

Ռազմատենչ հռետորաբանությամբ արդեն բոլորին հոգնեցրած Ադրբեջանի թիվ մեկ դիվանագետը բնավ չի ամաչում ստել ի լուր աշխարհի, հետն էլ խոսել պայծառ ապագայից այն պարագայում, երբ Ադրբեջանում հայատյացությունն ու հակահայկականությունը պետական քաղաքականության ողջ էությունն են:

Ինչեւէ, երեկ նույն պետքարտուղարի հետ հանդիպել է նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որի մասին դեռ կտեղեկացնենք: Նշենք միայն, որ Վաշինգտոնում նախատեսված էին նաեւ Նալբանդյանի հանդիպումները ԱՄՆ Կոնգրեսում, հանդիպումներ ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւ ելույթը Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #92, 05-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ