RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#090, 2013-06-01 > #091, 2013-06-04 > #092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #92, 05-06-2013



Տեղադրվել է` 2013-06-04 23:44:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 2298, Տպվել է` 80, Ուղարկվել է էլ.փոստով` 94

ԱԶԱՏՎԵԼ «ՀԱԲՌԳԱԾՆԵՐԻՑ»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ինչի՞ համար են տեղական կառավարման մարմիններն ու նրանց գլուխները, ասենք ` մարզպետները: Արդյո՞ք նրա համար միայն, որ պետական դոտացիան բաշխեն ըստ իրենց հայեցողության, թիկնազոր պահեն` պահպանելով սեփական անձեռնմխելիությունն ու իրենց ապարանքը, սեփական բիզնեսը ծաղկեցնեն` պաշտոնը կտուր դարձնելով, թե՞ նրա համար, որ մարզի բնակչության խնդիրները լուծեն, ապահովեն արդար Հայաստանի մարզային մակարդակը: Այդ թվում` ապահով ու անվտանգ միջավայր ստեղծեն բնակչության համար, բացառեն «ռազբորկաները», սպանությունները: Իսկ եթե դա չեն կարողացել իրականացնել` հրաժարական ներկայացնեն: Այնպես որ անհասկանալի է Սյունիքի մականունավոր մարզպետի տարածած հայտարարությունը, թե ամեն մեկն իր կատարածի համար պիտի պատասխան տա: Անգամ եթե անձամբ ինքը չի խառնված հանցագործությանը եւ, ինչպես ինքն է ասում, չի կարողացել կանխել իր առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգությունը, ապա չի կատարել իր պաշտոնեական պարտականութունները եւ հենց պետք է հրաժարական տա: Եվ ոչ թե ժամանակավորապես դադարեցնի իր լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը: Կամ մեր ինչի՞ն է պետք մի մարզպետ, որի թիկնապահները հսկում են իր առանձնատունը` եթե լավ կառավարիչ է, ժողովուրդն իրենից չի վախենում, օրինակարգ է` ի՞նչ պատճառ ունի «պահպանվելու», կամ մեզ մի՞թե այդպիսի տեղական կառավարիչ է պետք, որ թիկնազորով է պարսպապատվում իր ժողովրդից: Ուրեմն` անկախ ամեն ինչից, դա վատ կառավարիչ է, եւ նրանից պետք է ազատվել` հանուն Հայաստանի քաղաքացի սյունեցիների: Անկախ տխրահռչակ եւ սկանդալային պատմություններից: Ահա այս դառն զգացումն է պարուրում սովորական մահկանացուին` վերջին օրերի լրահոսին հետեւելով:

Դեռ չեն մարել Գյումրիի կրակոցների արձագանքները, դեռ զգալ են տալիս դրանց հետեւանքները, որոնք հիշեցնում Գյումրիի նախկին աղմկոտ քաղաքապետի մասին, դեռ չի մոռացվել Վահե Ավետյանի դեպքի ցավը, դրանք երկուսն էլ մեր երես առած օլիգարխների շրջապատի հետ կապ ունեին: Չի մարել Պռոշյանի գյուղապետի սպանության հարուցած անապահովության զգացումը: Այդ բոլորը չմոռացած հասարակությանն այս անգամ էլ մի այլ արյունոտ միջադեպ ցնցեց, եւ մահվան ելքով սկանդալի հետ հերթական անգամ կապ ունի մեկ այլ մականունավոր` Լիցկան կամ Սյունիքի տխրահռչակ մարզպետ (ժամանակավորապես սառեցված լիազորություններով) Սուրիկ Խաչատրյանը:

Այս երկու-երեք օրը, երբ Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցավ մահվան ելքով «ռազբորկա»` վիճաբանության եւ կրակոցների հետեւանքով մեկ մահ եւ վիրավորներ կան, գործող լրագրողները մեկ-մեկ հիշում են բոլոր այն սկանդալները, որոնք կապվում են Սյունիքի մականունավոր մարզպետի հետ, ու բոլոր եզրահանգումներում մի միտք է թեւածում. եթե Սյունիքի մարզի բնակիչները եւ մենք, լրագրողներս, հանդուրժողական կեցվածք չորդեգրեինք Սյունիքի մարզպետի եւ նրա շրջապատի անհանդուժելի վարքի նկատմամբ, ապա այս վերջին հանցագործությունը տեղի չէր ունենա: Նաեւ մեր մեղքն է: Սոցիալական ցանցերը դժժում են տեղի ունեցածի քննարկմամբ, հնչում են մեղադրանքներ իշխանության եւ իշխող կուսակցության հասցեին, որի անդամ ու այն էլ ղեկավար կազմի անդամ է Սուրիկ Խաչատրյանը: Պահանջվում է մարզպետի վերջնական հրաժարականը: Մի մասը հավատում է, որ հանցագործներն արժանի պատիժ կստանան, մի մասը թերահավատ է` անցյալի նախադեպերն աչքի առաջ ունենալով, ու անգամ, ինչն ամենասարսափելին է, վենդետայի կոչեր են հնչում: Լիցկայի կուսակիցների թույլ հակադարձումները եւ նախաքննությանը հղումները ցույց են տալիս, որ Լիցկային այս անգամ էլ են ուզում անվնաս դուրս բերել, անկախ նրանից, որ նրա որդին ձերբակալված է: Ու մնում ես զարմացած. լավ, ի՞նչ ծառայություն պետք է մատուցած լինի Ս. Խաչատրյանը, որ նրանից ազատվելը իշխանության թիվ մեկ խնդիրը չլինի այն դեպքում, երբ նրա անվան հետ կապված հերթական սկանդալն առաջին հերթին իշխանությանն է կպչում:

Ինչ ծառայություն էլ Սուրիկ Խաչատրյանը մատուցած լինի երկրի պաշտպանության ժամանակ, ինչ ծառայություն էլ մատուցած լինի սեփական կուսակցությանը, նրա շուրջն առաջացած աղմուկը մշտապես խփել է հենց այդ կուսակցությանն ու նրա լիդերին: Սոցիալական ցանցերում սկսված բողոքի շարժումն ընդդեմ մականունավոր մարզպետի եւ արյունոտ միջադեպը հրահրող նրա շրջապատի, նախագահ Սարգսյանին ուղղված պահանջը` նրան անմիջապես պաշտոնից ազատելու, մեզ հուշում են, որ ամեն ինչ փոխվել է մեր շուրջը, հասարակությունն այլեւս առաջվանը չէ, եւ «հաբռգածներից» չազատվելն այժմ չի ներվելու, «հաբռգածներից» չազատվելն այժմ խփում է իշխանությանը, նրա առաջին դեմքին, այն էլ` ոնց է խփում. ով էլ լինի «հաբռգածը»` նրանից պետք է ազատվել, անպատժելիության այս մթնոլորտը պետք է փոխվի, անպատժելիներ չպետք է լինեն: Գաղջ մթնոլորտը պետք է փոխվի, ասել եք, իշխանությունը պետք է մաքրել իրենց անպատժելի պատկերացնողներից: Այս նոր միջապետը վկայությունն է հենց Հայաստանի նախագահի մատնանշած գաղջ մթնոլորտի: Իսկ հանցագործության բացահայտումը պետք է լինի հնարավորինս բաց, ու այս անգամ գոնե ոչինչ չպետք է կոծկվի կամ ուրիշների վրա բարդվի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #92, 05-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ