RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#090, 2013-06-01 > #091, 2013-06-04 > #092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #92, 05-06-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-06-04 23:44:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1088, Տպվել է` 52, Ուղարկվել է էլ.փոստով` 44

ՄԱՐԿՈՍ ՊԻԶԵԼԻՆ ՈՒ ՆՈՐԱՅՐ ԱՍԼԱՆՅԱՆԸ ԼԱՎԱՏԵՍՈՐԵՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ

Մնում է այդ լավատեսությունն ամրապնդել բարձրակարգ խաղով

Հայաստանի ազգային հավաքականն Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում սկսել է նախապատրաստությունը հունիսի 7-ին Մալթայի ընտրանու հետ կայանալիք աշխարհի առաջնության ընտրական մրցախաղին: Առաջին մարզմանը մասնակցել են հավաքի հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Յուրա Մովսիսյանի, որը դեռ չէր ժամանել ԱՄՆ-ից:

Դա ազգային հավաքականի առաջին եւ միակ բաց մարզումն էր, որին ներկա էին մեծ թվով ֆուտբոլասերներ: Մարզումից հետո ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելին եւ Նորայր Ասլանյանը ճեպազրույց ունեցան լրագրողների հետ:

Մարկոս Պիզելի - Առաջիկա ընտրական մրցախաղերում մենք պայքարելու ենք միայն հաղթանակի համար: Պետք է լավ աշխատենք մարզումների ժամանակ, որպեսզի կարողանանք 6 միավոր վաստակել: Հարկավոր է մտածել, որ մենք Դանիայից ուժեղ ենք: Ընտրական նախորդ մրցաշարում հավաքականը շատ լավ էր խաղում: Իսկ ահա այս մրցաշարում հավաքականի խաղը լավ չի ստացվում, դժվարությամբ ենք հաղթում: Մենք պետք է ամեն ինչ մոռանանք ու տրամադրվենք պայքարի:

Երբ «Կրասնոդարից» հրավեր ստացա, համաձայնվեցի տեղափոխվել: Արդեն 28 տարեկան եմ եւ խաղադաշտում ինձ խաղային շատ ժամանակ է անհրաժեշտ: Իսկ «Կուբանում» ոչ միշտ էի ընդգրկվում թիմի մեկնարկային կազմում: Ինձ խաղային պրակտիկա է անհրաժեշտ, որպեսզի օգտակար լինեմ նաեւ հավաքականին:

Նորայր Ասլանյան - Չէի սպասում, որ Հայաստանում կարող է ֆուտբոլային այսպիսի ակադեմիա լինել, որում հիանալի պայմաններ են ստեղծված: Նույնիսկ Հոլանդիայում նման բան չէի տեսել: Ուղղակի հիացած եմ: Առաջին անգամ եմ Հայաստանում, որտեղ ինձ շատ ջերմ ընդունեցին: Հիացած եմ Երեւանով: Չէի սպասում, որ այսքան գեղեցիկ կլինի քաղաքը: Հավաքականի որոշ ֆուտբոլիստների հետ արդեն շփվել եմ, շրջել ենք Երեւանում: Նրանց հետ արդեն ընկերական հարաբերություններ եմ հաստատել:

Առաջին անգամ հավաքականին միացել էի այս տարվա փետրվարին Ֆրանսիայում: Այն ժամանակ ընդամենը 3 օր էր հատկացված Լյուքսեմբուրգի հետ ընկերական հանդիպմանը նախապատրաստվելու համար:

Հավաքականը մարտականորեն է տրամադրված: Թեեւ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, սակայն կարծում եմ, որ Մալթային անպայման պետք է հաղթենք: Դանիայի հավաքականը թեեւ շատ ուժեղ է, սակայն նրա նկատմամբ էլ կարող ենք հաղթանակ տոնել: Մենք ուժեղ հավաքական ենք եւ կարող ենք 6 միավոր վաստակել:

«Էմենի» հետ պայմանագիրս ավարտվել է եւ այժմ բանակցություններ են ընթանում ակումբի հետ: Սակայն այլ տարբերակներ եւս դիտարկում եմ: Իմ ծառայություններով հետաքրքրված են Հոլանդիայի բարձրագույն խմբի ակումբները, որոնց ներկայացուցիչները պատրաստակամ են մեկնել Դանիաՙ դիտելու իմ ելույթը: Կարծում եմ, որ Դանիայի խաղից հետո ամեն ինչ պարզ կլինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #92, 05-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ