ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ` Լ. ԲԱՅՐՈՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 20 ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Ինչպես «Ազգ»-ն արդեն տեղեկացրել էր, Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցին անհրաժեշտ է օգնություն` կրթօջախի ջեռուցման եւ ջրամատակարարման համակարգերի բարելավման համար: Ահա այս առթիվ արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է բարեգործական համերգ, որի հասույթը կտրամադրվի դպրոցին: Նախորդ բարեգործական համերգին իրենց կատարումներով հանդես եկան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, բրիտանացի ջութակահար Ռաֆայել Զամբռզիսկի-Պեյնը եւ հրավիրյալ դիրիժոր Թոմաս Քարոլը: Իսկ ահա այս անգամ, հունիսի 28-ին, Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում «The Beautified Project» ռոք խմբի վոկալիստ, կիթառահար Անդրե Սիմոնյանը, ինչպես նաեւ մասնակիցներ` «Հայ սուպեր սթար»-ից, «The Voice of Armenia»-ից եւ «X Factor»-ից հանդես կգան բարեգործական համերգային ծրագրով: Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրի Ջեյն Լինչը երեկ լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց, որ մտահոգված է Գյումրու Լորդ Բայրոնի անվան դպրոցի ճակատագրով, քանի որ այն բրիտանացիների նվերն էր հայ ժողովրդին. «Մտահոգ եմ այդ կառույցով, որի ողջ նյութը բերվել է Մեծ Բրիտանիայից, իսկ բրիտանացի շինարարները շուրջ ինն ամիս են անցկացրել Հայաստանում` դպրոցը կառուցելու համար: Շենքի ջեռուցման համակարգը նախկինում լավն էր, սակայն այժմ ենթակա չէ օգտագործման: Ըստ իս, Հայաստանը կայացած պետություն է եւ հնարավոր է նման գումար հավաքել այստեղ»: Դեսպանը ուրախությամբ նշում է, որ մարդիկ մասնակցում են ի նպաստ դպրոցի հանգանակությանը. «Նույնիսկ մի օր, Գյումրու բնակիչներից մեկը ինձ ցույց տվեց իր կատարած հանգանակության կտրոնը, որը կազմում էր 20 000 դրամ: հասկանում եմ, որ դա մեծ գումար է իրենց համար եւ ուրախ եմ, որ դեռ կան նման մարդիկ»: Անդրե Սիմոնյանն էլ իր հերթին է որոշել օգնել դպրոցին: Ի դեպ, նա սովորել է Միացյալ Թագավորությունում. «Դպրոցական տարիներին էի լսել Լորդ Բայրոնի անվան դպրոցի մասին: Դպրոցում եղել եմ երեք տարի առաջ եւ զարմացել, քանի որ այդ դպրոցն ուներ անգլիական շունչ: Մենք պետք է գնահատենք անգլիացիների նվերը հայ ժողովրդին», եւ ավելացրեց, որ ինքը լինելով երաժիշտ, պրոդյուսեր, որոշեց համերգի միջոցով աջակցել նախագծին, ինչպես նաեւ մարդկանց հնարավորություն տալ լավ համերգ վայելելու: Նախագիծը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է 14 մլն դրամ, որի որոշ մասը 9 միլիոնն արդեն հավաքվել է: Իսկ այս համերգի տոմսերի վաճառքից ակնկալվում է մոտ 1000 դոլար հասույթ, ինչպես նաեւ նախատեսված է աճուրդ: Դեսպան Քեթրի Ջեյն Լինչն էլ հույս ունի, որ Բայրոնի անվան դպրոցի շրջանավարտները, որոնք այժմ ՌԴ-ում, Եվրոպայում կամ ԱՄՆ-ում են ապրում, կոգեւորվեն եւ իրենց ներդրումը կունենան դպրոցի աջակցության գործում: Նշենք, որ Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցը կառուցվել է 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Միացյալ Թագավորության կողմից: Դպրոցի բացման արարողությանը 1990թ. հունիսի 10-ին ներկա է եղել Մեծ Բրիտանիայի հանգուցյալ վարչապետ Մարգարետ Թետչերը: Կոչ ենք անում բոլորին մասնակցելու համերգին, քանի որ ամեն մի գնված տոմսով դուք կօգնեք դպրոցին, ինչպես նաեւ հնարավորություն կունենաք վայելելու լավ երաժշտություն, հիանալի համերգ: Տոմսերը մատչելի են բոլորի համար: Եթե յուրաքանչյուր ոք իր պարտքը համարի օգնել դպրոցին, որտեղ սովորում եւ դաստիարակվում են մեր ապագա երաժիշտերը, ապա կունենանք հիանալի ապագա: Չմոռանանք, որ Գյումրիում են ծնվել մեր լավագույն երաժիշտներից, դերասաններից, արվեստագետներից շատերը: |