ՎԻՃԱՐԿԵՑԻՆ ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ Երեւանի հեծանվահրապարակում ավարտվեց արցախյան պատերազմի հերոս, Մարտական Խաչ առաջին աստիճանի շքանշանակիր Սամվել Գեւորգյանի 12-րդ հանրապետական հուշամրցաշարը, որին մասնակցում էին տարիքային 3 խմբերը ներկայացնող մոտ 25 հեծանվորդներ: Մեծահասակների մրցումներում հաղթող ճանաչվեց «Հայաստան» մարզական միության սան Հովհաննես Հովհաննիսյանը, որին հանձնվեց մրցաշարի փոխանցիկ գավաթը: Այս տարի գավաթի վրա փորագրվեց նրա անուն-ազգանունը: 2-րդ տեղը գրավեց Վարշամ Դարբինյանը, 3-րդ տեղը զբաղեցրեց Էդուարդ Մարությանը: Բոլոր մրցանակակիրներն էլ ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանողներ են: Երիտասարդների մրցաշարում մրցատարածությունը բոլորից արագ հաղթահարեց «Հայաստան» մարզական միության ներկայացուցիչ Սարիբեկ Ավետիսյանը: Մրցանակային հաջորդ տեղերը զբաղեցրին Հրայր Հովհաննիսյանն ու Հակոբ Սահակյանը: Պատանիների մրցավեճում ուժեղագույնը կրկին «Հայաստան» մարզական միության պատվիրակն էրՙ Դավիթ Ստեփանյանը: Արծաթե մեդալը նվաճեց Էդգար Ստեփանյանը, բրոնզե պարգեւը բաժին հասավ Էդգար Բագրանյանին: «Դինամո» մարզական ընկերությունը հատուկ գավաթով պարգեւատրեց մրցումների ամենակրտսեր մասնակից, 13-ամյա Լեւոն Դավթյանին: |