ՌՈԲԵՐՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ Ջերմուկում վերջնագիծը հատեց Կարեն Ասրյանի 6-րդ հուշամրցաշարը, որին մասնակցեցին 55 շախմատիստներ: Վերելքով հանդես եկավ Հայաստանի նախկին չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը, որը դեռեւս մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ էր ապահովել առաջին տեղը: Նա 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Ռոբերտը մրցաշարն անցկացրեց առանց պարտության: Նա մեկնարկում 5 անընդմեջ հաղթանակ տոնեց եւ միայն 6-րդ տուրում առաջին կես միավորը կորցրեց Զավեն Անդրեասյանի հետ մրցավեճում: Հաջորդ տուրում Հովհաննիսյանը հաղթեց Հակոբ Վարդանյանին, իսկ ավարտական 2 տուրերում հաշտություն կնքեց Անդրեյ Գորովեցի եւ Ռոբերտ Աղասարյանի հետ: Հաղթողից մեկ միավորով հետ մնացին Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանն ու բելառուս Անդրեյ Գորովեցը: Հենց նշված հերթականությամբ էլ շախմատիստները ելնելով լրացուցիչ գործակիցներից, զբաղեցրին 2-4-րդ տեղերը: Նշենք, որ Տեր-Սահակյանն ու Գորովեցն էլ անպարտելի մնացին: |