RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#113, 2013-07-04 > #114, 2013-07-05 > #115, 2013-07-09 > #116, 2013-07-10 > #117, 2013-07-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #115, 09-07-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-07-08 23:34:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1333, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ՍԿՍՎԵՑ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԱՅԻՆ» ՇԱԲԱԹԸ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի հոբելյանական մեկնարկը նշանավորվեց Շառլ Ազնավուրի աստղի բացմամբ իր անվան հրապարակում, իր իսկ մասնակցությամբ:

Աստղի բացմանը Ազնավուրը կես կատակ-կես լուրջ ասաց, որ արդեն դժվարանում է ֆրանսերեն խոսել, իսկ հայերենը` սկսել է մոռանալ. «Մենակ մի բան կուզեմ ըսելՙ մեծցա, մեծցա, եւ միայն մի բան մնաց նույնը` հասակս»:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւս ներկա էր «Ոսկե ծիրանի» բացմանը: Նա իր ելույթում փաստեց Ազնավուրի աստղի կարեւորությունը Երեւանում. «Բացվեց մի աստղ, որը խորհրդանշում է մեծ հայի, մեծ արվեստագետի, դեսպանի, մեծ երգչի ու դերասանի գոյությունը: Ցանկանում ենք, որ Շառլ Ազնավուրի աստղը, որը ուղեկցելու է մեզ մեր քաղաքի սրտում, եւ երկնային աստղը հարատեւ լույս բերի»:

Ապա երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ միջոցառման պաշտոնական բացումը` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարումներով, ինչպես նաեւ «Կրակել դաշնակահարին» ֆիլմով:

Արդեն երրորդ տարին է, ինչ փառատոնի շրջանակներում կներկայացվի «ԱՊՀ երկրների կինո» ծրագիրը ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագիրը, որ կներկայացնի ԱՊՀ երկրների` վերջին տարիների ստեղծված լավագույն ֆիլմերը, այս անգամ կկայանա Գյումրիում: Ցուցադրությունների ծրագրում ընդգրկված են 19 ֆիլմ, որից 1-ը վավերագրական, 9-ը` խաղարկային եւ 6-ը` կարճամետրաժ:

Փառատոնի ծրագրում ներառված է նաեւ «Վրացական կինոյի շաբաթ»-ը, որի շրջանակում կներկայացվի վրաց անվանի կինոռեժիսոր Ռեզո Չխեիձեի ֆիլմերի ընտրանին` հետահայաց ցուցադրությունների շարքում: Փառատոնը անմասն չի մնացել նաեւ «Ռուսաստանի ֆիլմերի օրեր» ծրագրից, որը կմեկնարկի այսօրՙ հուլիսի 9-ից:

Անդրադառնալով «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնին ՎիվաՍել ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց. «Յուրաքանչյուր նախագիծ որոշակի փուլեր է անցնում մտքից ծրագիր դառնալու ճանապարհին, այսպիսին է նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Եթե փորձենք պատկերավոր նկարագրել, ապա կարող ենք փառատոնի ամբողջ ընթացքը նմանեցնել մի կինոնկարի ստեղծման պատմության: Տասը տարի առաջ «Ոսկե ծիրանում» իշխում էր հուզականությունը. կար նպատակ եւ այն իրականացնելու երազանք: Մարտահրավերներով լի էր երկրորդ փուլը: Հարկավոր էր միջազգային հարթակում ներկայացնել մի երկիր, որը թեեւ դժվար նկատելի է քարտեզի վրա իր զբաղեցրած տարածքով, սակայն մշակութային բազմադարյա պատմություն ունի: Սա արդեն համատեղ իրականացված ծրագրի երրորդ փուլն է, որը նման է վավերագրական ֆիլմի»:

Արտամրցութային ծրագրերում այս տարի ընդգրկված են նաեւ նորՙ «Հայացք ներսից եւ դրսից» ծրագիրը, որտեղ ընդգրկված են Հայաստանի մասին օտարազգի հեղինակների կողմից ստեղծված ֆիլմերը, ինչպես նաեւ հայաստանյան արտադրության:

Փառատոնի շրջանակում այս տարի ինչպես միշտ տեղի կունենան վարպետության դասընթացներ` Մարգարեթե ֆոն Թրոթանի, Պավել Ֆիննի, Թուե Սթին Մյուլլերի, Յոս Ստելինգի եւ Գոդֆրի Ռեջիոնի կողմից:

Փառատոնի շրջանակում հանդիպումներ են տեղի ունենում ռեժիսորների հետ: Իսկ երեկ լրագրողների հետ էր հանդիպել ռեժիսոր Թամարա Ստեփանյանը, որի «Անթեղ» ֆիլմը առաջադրված է «Հայկական համայնապատկեր. կարճամետրաժ ֆիլմեր» անվանակարգում: Թամարան ծնվել է Երեւանում, սակայն շուրջ 20 տարի է ինչ ապրում է Լիբանանում:

«Անթեղ» ֆիլմը նկարահանել եմ Հայաստանում միայնակ. ե՛ւ օպերատորը, ե՛ւ ռեժիսորը, ե՛ւ հնչյունային ռեժիսորը ես եմ: Ցանկանում էի ես էլ մոնտաժել, սակայն հասկացա, որ այդ ամենն ինձ շատ հարազատ է եւ չեմ կարող կտրտել կադրերն ու հանել: Աշխատել եմ երկու մոնտաժողների հետ, սակայն վերջում ինձ օգնության եկավ սառը բնավորությամբ մի կին: Ֆիլմում արծարծել եմ ե՛ւ սոցիալական, ե՛ւ քաղաքական թեմաներ: Ներկայացրել եմ երկու սերունդների երկխոսություն` իմ ու տատիկիս: ֆիլմը նկարահանել եմ տատիկիս մահից երկու տարի անց. կարոտը ստիպեց նկարահանել ֆիլմը: Ափսոսում եմ, որ տատիկս չկարողացավ դիտել այն, սակայն վստահ եմ, որ նա ինձ հետ է: Շատ հուզված եմ նկարահանել ֆիլմը, քանի որ վերապրում էի տատիկիս կյանքը, կռիվը, երիտասարդությունը», ասաց ռեժիսորը:

Նրա «Փետրվարի 19» ֆիլմ արդեն հաջողություններ է գրանցել տարբեր մրցույթներում: Իսկ մինչ այս նկարահանել է «Մանվելիկ», «Ասեղը», «Վերջին կայարանը», «Փոքրիկ քարեր», «Մայիսի 9» ֆիլմերը:

Փառատոնը կամփոփվի Սերժ Ավետիքյանի եւ Օլեն Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմով, որի առաջին ցուցադրությունը կայացավ օրերս Չեխիայում, Կառլովի Վարիում (տեսՙ կողքի սյունակները):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #115, 09-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ