RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#113, 2013-07-04 > #114, 2013-07-05 > #115, 2013-07-09 > #116, 2013-07-10 > #117, 2013-07-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #115, 09-07-2013



Տեղադրվել է` 2013-07-08 23:34:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1512, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵԽԽՎ-Ի ՄԻՋՈՑՈՎ «ՍԱՌԸ ՋՈ՞ՒՐ Է ԽՆԴՐՈՒՄ»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Վերջին օրերին ադրբեջանական մամուլը երկու անգամ անդրադարձել է ամերիկյան The Wall Street Journal-ի` Արցախի կարեւորագույն օբյեկտներից Սարսանգի հիդրոհանգույցի թեմայով հրապարակումներին: Ըստ իշխանամետ day.az-ի, ամերիկյան պարբերականի երկրորդ հրապարակումը վերնագրված է այսպես. «Եվրոպայի խորհրդարականները օկուպացված Լեռնային Ղարաբաղում ամբարտակի վերաբերյալ անհետաձգելի քայլերի կոչ են անում»:

The Wall Street Journal-ը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում 18 եվրոպացի պատգամավոր «անհապաղ գործողությունների կոչ են արել` լուծելու «Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում» (չակերտները մերն են- Վ. Ա.) Սարսանգի ամբարտակի շուրջը իրավիճակը»: Բանաձեւի «օգտին հանդես է եկել 45 պատգամավոր Իտալիայից, Սան Մարինոյից, Մեծ Բրիտանիայից, Ֆինլանդիայից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից...»:

Ամերիկյան պարբերականը նշել է, որ «1976թ.-ին կառուցված 125 մետրանոց ամբարտակը գտնվում է ողբալի վիճակում, անցած երկու տասնամյակներին «օկուպացիոն ռեժիմը» (չակերտները մերն են- Վ. Ա.) այնտեղ վերականգնողական աշխատանքներ չի կատարել»: Հոդվածում մեջբերված է ադրբեջանցի անանուն պատգամավորի կարծիքը, որ «հույս չունեմ, թե փաստաթուղթը կքննարկվի, քանի որ ԵԽԽՎ-ում եւ այլ միջազգային կառույցներում տիրում են հայամետ տրամադրություններ»: Ավելի վաղ ամերիկյան նույն պարբերականը գրել էր, որ «առկա է Սարսանգի ամբարտակի փլուզման վտանգ, որի դեպքում 35 կմ-ի վրա գտնվող բնակավայրերը կհայտնվեն հեղեղման տակ»:

Կասկածից դուրս է, որ The Wall Street Journal-ի հրապարակումները պատվիրված են: Միացյալ Նահանգների հանրության համար Սարսանգի հիդրոհանգույցի «ողբալի» վիճակը հազիվ թե ինչ-որ հետաքրքրություն ներկայացնի, ինչպես եւ ԵԽԽՎ այն պատգամավորների, որ հարցի վերաբերյալ բանաձեւ ընդունելու նախաձեռնությամբ են հանդես եկել, եթե հավատանք ադրբեջանական քարոզչությանը:

Այլ բան է, որ Սարսանգի արհեստական ջրամբարն Ադրբեջանի համար ունի խիստ կենսական նշանակություն: 1976թ.-ին կառուցված հիդրոհանգույցը ոչ այնքան էներգետիկ, որքան ոռոգման նշանակություն ուներ: Գտնվելով Լեռնային Ղարաբաղի տարածքում, ջրամբարը գերազանցապես ծառայում էր հարակից ադրբեջանական շրջաններին. Սարսանգի ջրերով էին ոռոգվում 100-հազարավոր հեկտար ադրբեջանական հողահանդակներ:

1993թ.-ից հիդրոհանգույցը վերահսկվում է Արցախի պատկան կառույցի կողմից: Կողմերի միջեւ շփումների բացակայության, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով ենթակառուցվածքների քայքայման եւ դրանք վերականգնելու անհնարինության պատճառով ներկայումս ադրբեջանական շրջանները Սարսանգից ոռոգման ջուր չեն ստանում: Հէկը, մինչդեռ, գործում է անխափան: Ռազմավարական կարեւորության օբյեկտի պահպանման եւ անվտանգ շահագործման նպատակով Արցախի կառավարությունը վերջին տարիներին համապատասխան աշխատանքներ իրականացրել է:

Ավելին, քայլեր են ձեռնարկվել եւ ձեռնարկվում են` կառուցելու նոր հէկեր, որոնց շահագործմամբ Արցախի էներգետիկ անվտանգությունը զգալիորեն բարձրացել է: Ամենայն հավանականությամբ, հենց այս հանգամանքն է, որ ադրբեջանական կողմին դրդել է ԵԽԽՎ-ում բարձրացնելու «ամբարտակի ողբալի վիճակի» մասին հարցը:

Չպետք է բացառել նաեւ, որ այդ կերպ Ադրբեջանը միջնորդավորված խնդրում է, որպեսզի Սարսանգի ջրամբարից ոռոգման ջրի մատակարարումը վերականգնվի: Նախկինում Արցախի իշխանությունները պատրաստակամություն էին հայտնել` համապատասխան ձեւաչափով քննարկելու կողմերին հուզող տնտեսական բնույթի հարցերը: Այդ նախաձեռնությունը մնացել էր անարձագանք:

Հետաքրքրական է, որ Սարսանգի ամբարտակի «անվտանգությամբ մտահոգված» Ադրբեջանը 1992թ.-ի ամռանը հատկապես այդ ուղղությամբ էր ծավալել հարձակում, որի ընթացքում ռազմավարական նշանակության օբյեկտը բազմիցս ենթարկվել է ռմբակոծության, դարձել հրթիռահրետանային կրակի թիրախ: Շուրջ մեկ տարի Սարսանգի հիդրոհանգույցը գտնվել է ադրբեջանական գրավման տակ, բայց «մտահոգված» կողմը ոչ միայն որեւէ վերականգնողական աշխատանք չի կատարել, այլեւ, ընդհակառակը, միտումնավոր ձեւով շարքից հանել կամ կողոպտել է հէկի թանկարժեք սարքավորումները:

Ներկայումս Ադրբեջանը ձեռք է բերել ռուսաստանյան «Սմերչ» համազարկային կրակի կայանքներ: Դրանց կործանիչ ուժն ատոմային զենքից հետո երկրորդն է: Հավանական պատերազմում «Սմերչ» կիրառելու դեպքում կա՞ երաշխիք, որ առաջինը հենց Սարսանգի հիդրոհանգույցը չի դառնալու թիրախ: Ահա այդ ենթադրվող իրավիճակում Սարսանգի ամբարտակն իրոք կհայտնվի ողբալի իրավիճակում, հարակից հայկական քաղաքներն ու գյուղերը` հեղեղման վտանգի տակ: Գուցե Ադրբեջանը քաղաքական հող է նախապատրաստում իր հետագա ոտնձգությունների հետեւանքները «տեխնիկական անսարքությամբ պատճառաբանելո՞ւ» համար:

Ենթադրություններ էլի կարելի է անել: Ակնհայտ է, սակայն, որ Ադրբեջանի ձեռնարկումները չպետք է մնան անպատասխան: Այդ թվում, գուցե, առաջին հերթին` արտաքին ուղղորդված քարոզչությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #115, 09-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ