ԳՈՆԵ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Իրավաբանների համահայկական 2-րդ համաժողովում Ցեղասպանության եւ առհասարակ Հայ դատի հարցում իրավական թղթապանակի հավաքագրումն ու պատրաստ, բայց եւ միշտ համալրվող իրավիճակում պահելը խիստ անհրաժեշտություն է Հայաստանի համար: Նախ, որովհետեւ, գուցե մի օր, Հայաստանը` որպես հայցվոր, միջազգային դատարանի առջեւ կանգնեցնի Թուրքիային, ապա եւ, գուցե մի օր, Թուրքիան` որպես հայցվոր, նույն միջազգային դատարանում զրպարտանքի համար մեղադրանք ներկայացնի Հայաստանին: Հուլիսի 5-6-ը Երեւանում, սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցած Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը պետք է մեկնակետ լիներ այս գործընթացում, որի մասին նախկինում միայն խոսվել է, ոչինչ ավելին: Պետք է նկատենք, որ հիշյալ համաժողովը որոշ նոր երանգներ բերեց Հայ դատի, պահանջատիրության պայքարում, մասնավորաբար. ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը , համաժողովի բացմանը ելույթ ունենալով, նշեց, որ Թուրքիան պարտավոր է վերադարձնել ոչ միայն հայ եկեղեցու գույքը, այլեւ Հայաստանի Հանրապետության, փաստորեն, տարածքներն ու գույքը: Այսինքն գլխավոր դատախազը ՀՀ-ն որակեց որպես Ցեղասպանության տուժող կողմ, ինչը, ընդունենք, միջազգային դատարանում հիմնավոր, իրավական ապացուցման կարիք ունի: Մյուս կողմից, դատարանը ապացույցներ է պահանջելու նաեւ, թե որքանո՞վ է այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության իրավահաջորդ: Դատախազի ելույթն, անշուշտ, աննախադեպ էր. մինչ այսօր Հայաստանի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա ՀՀ-ի անունից հողային պահանաջատիրությամբ հանդես չէր եկել Թուրքիայի դեմ: Ավելին, Իրավաբանների համաժողովում հնչած բոլոր զեկույցներում շեշտվում էր ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու ջանքերի շարունականությունը, այլ Ցեղասպանության հետեւանքների հաղթահարումը, հատուցումը, պահանջատիրությունը: Այսինքն, գոնե հայ իրավաբանների համար Ցեղասպանությունն այսօր ամբողջ աշխարհի կողմից ճանաչված փաստ է, որը քննարկման ենթակա չի կարող լինել, հետեւաբար այսօր արդեն ավելի արդիական ու անհրաժեշտ է խոսել դրա հետեւանքների հաղթահարումից: Համաժողովը հայկական պահանջատիրությունը բաժանեց երեք մակարդակի. նախ` անհատական, այսինքնՙ Թուրքիան փոխհատուցում է Ցեղասպանության զոհերի ու տուժածների ժառանգներին անհատապես: Հաջորդը` համայնքային, այսինքնՙ Թուրքիան փոխհատուցում է, օրինակ, Հայ եկեղեցու գույքը, եւ վերջապես երրորդ մակարդակովՙ Թուրքիան փոխհատուցում է Հայաստանի Հանրապետությանը` որպես Ցեղասպանությունից տուժած կողմի: «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ, Կանադայում ՀՀ նախկին դեսպան, քաղաքագետ Արա Պապյանի խոսքերով, հատկապես այս վերջին հարցում հաջողության մեր գրավականը` Սեւրի պայմանագրի «հիշեցումն է», եւ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը` հիմք ընդունելով Սեւրի պայմանագիրը հենց: «Ազգ»-ի հարցին, թե ի՞նչ արդյունք կարող է լինել Սեւրի պայմանագրի անընդհատ հիշատակումից, երբ այն նախ վավերացված երբեք չի եղել, ապա եւ չի ունեցել եւ այսօր չունի քաղաքական հետեւանքներ, Արա Պապյանը պատասխանեց. «Այո, Սեւրի պայմանագիրն ունի խոցելի կողմ. դա նրա չվավերացված լինելն է, բայց մեր խնդիրը Թուրքիան տրոհելը չէ, մեր խնդիրն այն է, որ մենք պետք է պատրաստ լինենք Թուրքիայի տրոհմանը, որում տարածաշրջանային շատ երկրներ, հատկապես ժողովուրդներ են շահագրգռված այսօր: Սա հնարավոր է, քանի որ հնարավոր եղավ ԽՍՀՄ-ի տրոհումն անգամ, ինչն անհնարին էր թվում փաստից տասը տարի առաջ, օրինակ: Հետեւաբար, մեր խնդիրն է նաեւ ցույց տալ տարածաշրջանի երկրներին ու ժողովուրդներին, որ Սեւրի պայմանագրի վավերացումն ու փաստացի կենսագործումը ոչ թե հայկական շահի հետապնդում է, դրա իրագործում, այլ դա հենց իրենց շահն է»: Իրավաբանների համաժողովն ավարտվել է, սփյուռքից ժամանած իրավաբանները մեկնել են, եւ այժմ արդեն աշխատանքի ու աշխատելու ժամանակն է` մեկտեղելու, հավաքագրելու, վերամշակելու այսօր հրապարակում եղած այն բոլոր իրավական փաստաթղթերն ու վկայությունները, որոնք կան Հայ դատի վերաբերյալ: Պահանջատիրության իրավական հիմնավորման թղթապանակ է պետք, եւ ինչպես գլխավոր դատախազն է ասել համաժողովում` «ժամանակը մեր օգտին չի աշխատում», ուրեմն այսօր միայն հայտարարություններով չպետք է բավարարվել, անգամ եթե այդ հայտարարություններն աննախադեպ են, առավել եւս, որ աննախադեպ են: Արա Պապյանն առաջարկում է գործողությունների սեփական սցենարը. նախ Հայաստանը հռչակում է իր իրավունքները, օրինակ, Կարսի նահագի վրա: Այնուհետեւ իր այդ պահանջը հիմնավորող իրավական փաստաթղթերով մտնում է ՄԱԿ-ի միջազգային դատարան, որի վճիռներն ու որոշումները ենթակա են պարտադիր կատարման ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների, այդ թվումՙ Հայաստանի ու Թուրքիայի համար: Այնուհետեւ, ինչպես պարոն Պապյանն է վստահ, «երբ դատարանը դրական եզրակացություն տա մեր իրավական պահանջին Կարսի նահանգի վերաբերյալ», մենք արդեն դատարանի որոշմամբ մտնում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որը, թե ինչպես կպարտադրի Անկարային` հրաժարվել իրեն չպատկանող Կարսի նահանգից, մեզ չպետք է մտահոգի, մեզ պետք է մտահոգի արդյունքը` Կարսի նահանգը: Որպես սկիզբ, իհարկե... որովհետեւ, ինչպես Արա Պապյանն է կարծում. «Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դրա հետեւանքների հաղթահարումը նշանակում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում»: Միայն թե անգամ միջազգային իրավունքը ուժեղի իրավունքն է, դրա հետեւում ուժն է կանգնած, եւ անգամ դրա իրականացման ու պահպանման համար ուժեղ լինել է պետք: Որքանո՞վ Հայաստանն ու հայկական, հենց հայկական, ոչ թե հայաստանյան, տարբեր շահագրգիռ շրջանակներ ուժեղ ու միահամուռ-միասնակամ կլինեն այս պայքարում, դժվար է ասել, հետեւաբար դժվար է ասել, թե ինչո՞վ կավարտվի այս պայքարը, եւ ինչն ամենացավալին է, դժվար է ասել, կսկսվի՞ դա արդյոք: Մի բան է ակնհայտ, այդ պայքարը պետք է սկսել, գոնե այս անգամ: |