ԴԱՏԱԿԱՆ, ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՆ ԱՄԵՆԱԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾՆ ԵՆ Հ. Հ. «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» ընկերությունը նախորդ տարվա սեպտեմբերից մինչեւ այս տարվա մարտը 107 երկրում կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի հարցում է կազմակերպել, որին յուրաքանչյուր երկրից մասնակցել է 18 տարեկանից բարձր 1068 անձ: Հարցմանը մասնակցել է 114.000 մարդ: Պարզվել է, որ յուրաքանչյուր չորրորդ անձը որեւէ դեպքի առնչությամբ կաշառք է տվել: Հարցվածների 90 տոկոսն էլ հայտարարել է, որ պատրաստ է պայքարել կոռուպցիայի դեմ: Ծրագրի շրջանակներում Հայաստանում նույնպես անցկացվել է սոցհարցում: Պարզվել է, որ Հայաստանում ամենակոռումպացվածը դատական համակարգը, ոստիկանությունն ու առողջապահական կառույցներն են: Հասարակական եւ կրոնական կազմակերպությունները հայ հասարակության մեջ ընկալվում են համապատասխանաբար առավել քիչ կոռումպացված: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի մեկնաբանությամբՙ մտահոգիչն այն է, որ առավել կոռումպացված կառույցները իրենք ի պաշտոնե պետք է պայքարեն կոռուպցիայի դեմ: Հարցված հայերի 69 տոկոսի կարծիքովՙ ծայրահեղ կոռումպացված է դատական, իսկ 66 տոկոսի կարծիքովՙ ոստիկանական համակարգը: Հարցվածների միայն 19 տոկոսն է փաստում, որ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում կոռուպցիան նվազել է, 43 տոկոսն էլ հակառակ տեսակետն է պնդում. երկրում կոռուպցիոն աճ է արձանագրել: 53 տոկոսը իշխանությունների ձեռնարկած քայլերըՙ կրճատելու կոռուպցիան, անարդյունավետ է համարում: Հարցվածների 33 տոկոսը հայտարարել է, որ կբարձրաձայնի կոռուպցիոն դեպքերի մասին, եթե վկա լինի նման տեսարանի: Ուկրաինայում, Եմենում, Լիբիայում եւ Հունգարիայում հասարակության առավել մեծ տոկոսն է պատրաստ պայքարել կոռուպցիայի դեմ: |