RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 25-07-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-07-27 12:25:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1239, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԿՈԶԼԱՐԻՉՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԸ «ԴԱՐՁՆԵԼ ԵԳԻՊՏՈՍ»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Նախագահական ընտրությունների մոտենալուն հետ Բաքվի իշխող վարչախումբը մեծացնում է արտաքին քաղաքական աջակցություն ստանալու ջանքերը: Վերջերս Վաշինգտոն էր մեկնել Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը` Միլլի մեջլիսի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Սամադ Սեիդովի գլխավորությամբ: Ըստ երեւույթին, դրա արդյունք պիտի համարել տեղեկությունը, թե «ԱՄՆ 49 կոնգրեսական արդեն աջակցություն է հայտնել Իլհամ Ալիեւին, այդ խմբի հետ աշխատանքները շարունակվում են»:

Վաշինգտոնից, այդուհանդերձ, Իլհամ Ալիեւը միայն դրական ազդակներ չէ, որ ստանում է: «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությունը հարցազրույց է ունեցել Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի հետ: Վերջինս ընդգծել է, որ «մի կողմից նավթային բումը բերել է Ադրբեջանում չտեսնված տնտեսական զարգացման, փոխվել է Բաքվի տեսքը... մյուս կողմից քաղաքական գործընթացներում ռեգրեսը հասել է մի մակարդակի, երբ չի կարելի ակնկալել, որ հոկտեմբերին կանցկացվեն ազատ եւ արդար ընտրություններ»: Այդ մասին հաղորդել է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Նախկին դեսպանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանում ընդդիմության միավորման եւ Ռուստամ Իբրահիմբեկովին նախագահի թեկնածու առաջադրելու թեմային: «Միասնական թեկնածուի առաջադրումը առաջընթացի նշան է, բայց հայտնի չէ` կկարողանա՞ Իբրահիմբեկովը վերադառնալ Ադրբեջան, նրան թույլ կտա՞ն մասնակցել ընտրություններին: Էությամբ ես հոռետես եմ: Ընդդիմության միավորումը լավ է, բայց որպեսզի դա առաջընթաց համարվի, անհրաժեշտ է, որ նա կարողանա ընտրություններին մասնակցել իր միասնական թեկնածուով: Բայց ես դրան նայում եմ հոռետեսության որոշակի չափաբաժնով»,- ասել է Բաքվում ԱՄՆ նախկին դեսպանը:

Պատասխանելով հարցին, թե «ի՞նչ է պատրաստվում անել ԱՄՆ-ը, որպեսզի Ադրբեջանում ժողովրդավարություն լինի», Կոզլարիչը պատասխանել է, որ «Ադրբեջանում Միացյալ Նահանգները պետք է բռնի այնպիսի դիրք, ինչպես Եգիպտոսում»: Նա նաեւ մանրամասնել է միտքը. «... Մենք իրավունք չունենք լռելու Ադրբեջանում խախտումների մասին»:

Նախկին դեսպանն արտահայտում է զուտ անձնակա՞ն, թե՞ նաեւ ԱՄՆ վարչակազմի վերաբերմունքին մոտ տեսակետ, կարելի է ենթադրել իրողությունից, որ անցած շաբաթ ադրբեջանական ընդդիմության մի խումբ ներկայացուցիչներ, ինչպես լրագրողներին ասել է այսպես կոչված Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի գործադիր ղեկավար Էլդար Նամազովը, «մի շարք պաշտոնական հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Կոնգրեսում եւ պետական դեպարտամենտում, որոնց ընթացքում քննարկվել են Ռուստամ Իբրահիմբեկովին նախագահի թեկնածու առաջադրելու հետ կապված հարցեր»:

Վաշինգտոնում կարծես Ադրբեջանի հետ աշխատում են «երկու ճակատով»` ընդունում են ե՛ւ իշխող վարչախմբի, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչներին: Ըստ երեւույթին, Սպիտակ տունը ձեռնպահ է մնում ընդդիմությանը բացահայտ աջակցելուց, բայց վերջինիս հաստատակամության դեպքում, բացառված չէ, Օբամայի կառավարությունը կարող է Ադրբեջանին վերաբերվել «այնպես, ինչպես Եգիպտոսին»:

«Ազգ»-ի երեկվա համարում, ի դեպ, մենք գրել էինք, որ «Ռուստամ Իբրահիմբեկովը կձերբակալվի, հենց որ ոտք դնի Ադրբեջանի սահմանին»: Երեկ Ռուստամ Իբրահիմբեկովն անդրադարձել է այդ հարցին. «Ինձ ուզում էին վախեցնել, բայց ես կվերադառնամ Բաքու», - վստահահորեն հայտարարել է նա (տես http://haqqin.az/news/7753): Միաժամանակ, «Թուրան» գործակալությանը «եվրոպական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Իբրահիմբեկովը մոտակա օրերին կավարտի եվրոպական հանդիպումները եւ կմեկնի Մոսկվա, այնտեղից` Թբիլիսի»:

Նույն աղբյուրների հավաստմամբՙ Իբրահիմբեկովը Թբիլիսի- Բաքու չվերթով Ադրբեջան կուղեւորվի հուլիսի 31-ին: «Թուրան» գործակալության այս տեղեկությունը Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդում, որի նախագահն է Ռուստամ Իբրահիմբեկովը, հաստատել են: Մնում է սպասել իրադարձությունների հետագա ընթացքին, եթե, իհարկե, տարածված տեղեկատվությունն իրականությանը համապատասխանում է: Ստույգ է թերեւս միայն այն, որ երեկ Իբրահիմբեկովը եղել է Բրյուսելում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 25-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ