«ՎՃԱՐԵՔ 100 ԴՐԱՄ ԵՎ ԺՊՏԱԼՈՎ ԻՋԵՔ» ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում բողոքի ցույցեր անող երիտասարդների պաստառների մակագրություններում կա եւս մեկ ուշագրավ կոչ: Պաստառներից մեկի վրա կարդում ենք` «Վճարեք 100 դրամ եւ ժպտալով իջեք», ու այստեղ շատ կարեւոր է «ժպտալով» բառը: Այսինքնՙ երիտասարդները ոչ միայն սովորեցնում են ժողովրդին` քաղաքացի լինել ու մնալ, այլեւ մի տեսակ մթնոլորտ են փոխում, հասարակական մթնոլորտ` կոչ անելով` «ժպտալ»: Դժվար է այս պահին ասել, թե ինչով կավարտվի այս շարժումը: Մի բան ակնհայտ է, այս երիտասարդները այս Հայաստանի քաղաքացի չեն ցանկանում լինել, նրանք իրենց Հայաստանն են ուզում, նրանք ունեն իրենց Հայաստանն ունենալու իրավունքը, եւ նրանց պետք չէ այսօր կոտրել: Մի բան, ի վերջո, պետք է այս ժողովուրդը այս երկրում թույլ չտա, եթե անգամ ժողովուրդը ճիշտ չէ, իսկ ժողովուրդը երբեք չի սխալվում: Դառնանք «ժպիտ»-ին: Ուրեմն մեզ կոչ են անում ժպտալ: Իսկ կա՞ն մեր քաղաքում ժպիտ առաջացնող բաներ: Ծաղիկները շատացել են, գետնանցումները մաքրվում են, բակային անցումները նկարազարդված են, երիտասարդները` գովելի համարձակ են, տրասպորտը նույնն է, չնայած հիսուն տոկոսով թանկ է, բայց ժպտալու առիթը ո՞րն է: Օրինակՙ Բաղրամյան պողոտայում տեղակայված Մեծ Բրիտանիայի շենքի պատին, հասկանալի է, բրիտանական դեսպանատան թույլտվությամբ, հնարավոր է անգամ նախաձեռնությամբ, գունավոր տառերով գրվել է` «It"s boy». հիշեցնենք, երկու օր առաջ բրիտանական թագավորական ընտանիքը համալրվեց արքայազն Ուիլյամի ու Քեյթի տղա առաջնեկով: Եվ ահա բրիտանական դեսպանատունը ավետում է այդ մասին: Բայց, ամենակարեւորը, հնարավոր չէ նայել այդ մակագրությանը ու չժպտալ... Խնդիրն այն է, որ այդ մակագրությունը ճիշտ է, Երեւանում է, բայց բրիտանական դեսպանատան պատին է, նախաձեռնությունն էլ մերը չէ: Մեր պատերը մռայլ են, գորշ, տխուր, թախծոտ, էլիտար, բարձրահարկ, մի տեսակ սառը... Այդուհանդերձ, ընտրությունն իհարկե ձերն է` 100 կամ 150 դրամ վճարելու երթուղայինի վարորդին, բայց «ժպտալով իջեք», եւ ոչ միայն` իջեք: |