ՆԱԶԱՐԲԱԵՎԸ` ՊՈՒՏԻՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԻՋՆՈ՞ՐԴ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ Դիվանագիտական աղբյուրներից virtualaz.org-ին, որի հիմնադիր-գլխավոր խմբագրին ադրբեջանական ընդդիմադիր մամուլը կնքել է «լրատվական դաշտում Իլհամ Ալիեւ աշխատակազմի ներդրած», հայտնի է դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Բաքվում կլինի օգոստոսի կեսերին»: Ո՛չ Կրեմլի, ո՛չ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի աղբյուրները դա դեռեւս չեն հաստատել, բայց չեն էլ հերքել: Միաժամանակ նույն լրատվամիջոցին «հայտնի է դարձել, որ Պուտինի հետ Բաքվում կլինի նաեւ Ղազախստանի նախագահ Նազարբաեւը»: Ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները Նազարբաեւի Բաքու ուղեւորվելու մտադրության մասին գրել էին, բայց` ակնհայտ վերապահումներով: Երեկ, մինչդեռ, նշվել է հստակ ժամկետ` օգոստոսի 15-ը, որն իրոք «համընկնում է Պուտինի Բաքվում գտնվելու օրվան», եթե, իհարկե, վերջնականապես հաստատվի, որ ՌԴ նախագահը մեկնելու է Ադրբեջան, այն էլ հատկապես «եկող ամսվա կեսին»: Virtualaz.org-ն, այնինչ, իր տեղեկացվածությանը բոլորովին չի կասկածում: Լրատվամիջոցի «բացահայտմամբ»ՙ Բաքվում բանակցությունների «առանցքային թեման լինելու է էներգետիկ համագործակցության հեռանկարը»: Այս իմաստով առանձնահատուկ շեշտադրվում է, որ ռուսաստանյան պատվիրակության կազմում կլինեն «Ռոսնեւթ» պետական ընկերության եւ «Լուկօյլ»-ի նախագահներ Իգոր Սեչինը եւ Վագիթ Ալեքպերովը: Վերջինս թեեւ այսպես կոչված «Միլիարդատերերի ակումբի», որը Բաքվում համարում են հակաալիեւյան կառույց, անդամ է, սակայն մի քանի օր առաջ ռուսաստանյան լրատվամիջոցներին ասել է, որ «նախագահական ընտրություններում պաշտպանում է Իլհամ Ալիեւի թեկնածությունը» եւ հույս ունի Բաքվում «առանձին հանդիպել նրա հետ»: Ռուս-ադրբեջանական հարաբերություններում «շրջադարձի ակնկալիքի» մասին, ինչպես հայտնի է, սկսեցին խոսել, երբ հուլիսի 3-ին Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ «ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում Վլադիմիր Պուտինը Մոսկվա է հրավիրել Իլհամ Ալիեւին»: Դրան գրեթե անմիջապես հաջորդեց «Ռոսնեւթ» պետական ընկերության նախագահ Իգոր Սեչինի ուղեւորությունը Բաքու եւ տետ-ա-տետ հանդիպումն Իլհամ Ալիեւի հետ, որից հետո ադրբեջանական կողմի ակնկալիքների տոնայնությունը փոխվեց այն իմաստով, որ շրջանառվեց Պուտինի` Ադրբեջան այցելելու մտադրության մասին «տեղեկատվական արտահոսքը»: Բացառված չէ, որ Իգոր Սեչինն Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը վերջինիս է փոխանցել Վլադիմիր Պուտինի ուղերձը, ինչի հանդեպ պաշտոնական Բաքուն գտնվել է ընկալունակ: Եթե իրականությանը մոտ է, որ Պուտինի հետ միաժամանակ Բաքվում է գտնվելու նաեւ Ղազախստանի նախագահ Նազարբաեւը, ապա թերեւս նա իր վրա է վերցրել առավել սկզբունքային հարցերում կողմերի միջեւ «կապող օղակի» կամ ձեռքբերվելիք պայմանավորվածությունների «երաշխավորի» դերակատարությունը: Բայց առավել հետաքրքրական է, որ նույն ժամանակահատվածում` օգոստոսի կեսերին, անոնսավորվել է նաեւ Թուրքիայի նախագահ Գյուլի Բաքվում գտնվելը: Այսպիսով, եթե տեղեկատվական «արտահոսքերում» գերիշխի իրական պայմանավորվածությունների գործոնը, ապա ստացվում է, որ եկող ամսվա 15-16-ին գրեթե «միաժամանակ Բաքվում կլինեն» Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաեւը եւ Աբդուլլա Գյուլը: Ըստ էության, «նախապատրաստվում է ՌԴ- թուրքախոս երկրների միություն գագաթաժողով»: Իսկ այդպիսի հանդիպում «հերթապահ հարցերի» շուրջը չի կազմակերպվում: Haqqin.az-ը, վերաշարադրելով virtualaz.org-ի` «դիվանագիտական աղբյուրներից հայթայթած» տեղեկությունները, հռետորական հարց է հնչեցրել. «Կհամոզի՞ Ալիեւին Պուտինը»` նկատել տալով, որ «էներգետիկ համագործակցության հեռանկարի անվան տակ, փաստորեն, դրված է Եվրասիական միությանն Ադրբեջանի անդամակցության խնդիրը»: Եթե ճիշտ է, որ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններում Վլադիմիր Պուտինին ընկերակցելու է Նուրսուլթան Նազարբաեւը, մի երկրի նախագահ, որը Եվրասիական միության «հենասյուներից մեկի» համարում ունի, ապա թերեւս կարելի է համաձայնել ադրբեջանական լրատվամիջոցի ընդհանրացման հետ: Ավելի վաղ եվրասիականության ռուսաստանցի գաղափարախոսներից քաղաքագետ Դուգինը vesti.az-ին տված հարցազրույցում կանխատեսել էր, որ Պուտինը հարցը «հստակ է ձեւակերպելու` կամ, կամ»: Այսինքն` Ադրբեջանը կամ միանում է Եվրասիական միությանը, կամ վերջնականապես հայտարարում, որ արեւմտյան ուղղությունն է նախընտրում: Իլհամ Ալիեւի վրա ազդելու համար Վլադիմիր Պուտինը ամենահարմար ժամանակն է ընտրել. առջեւում նախագահական ընտրություններ են, իսկ Բաքվում «իրավիճակ փոխելու» Կրեմլի հնարավորություններին ոչ ոք չի կասկածում: |