ԻՍՐԱՅԵԼ-ՊԱՂԵՍՏԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՎՈՒՄ ԵՆ Վերջին երեք տարիներին ընդհատված իսրայելա-պաղեստինյան հաշտության բանակցությունները վերսկսվում են այսօրՙ հուլիսի 30-ին: Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի օգնական Նաբիլ Աբու Ռուդայնեհը Ռոյթեր գործակալության թղթակցին հայտնել է, որ Աբբասը Վաշինգտոնում բանակցություն սկսելու պաշտոնական հրավերը ստացել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիից, որի նախաձեռնությամբ էլ անցկացվում է հանդիպումը: Ռուդայների խոսքերով, բանակցությունների առաջին օրերին կմշակվի կողմերի հետագա գործողությունների ծրագիրը: ԱՄՆ պետդեպարտամենտում Ֆրանսպրեսին տրված հարցազրույցում հաստաստել են, որ պաշտոնական հրավեր է ստացել ինչպես Մահմուդ Աբբասը, այնպես էլ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: Նաեւ հաղորդվում է, որ Պաղեստինի հետ բանակցությունները վերսկսելու նախօրեին Իսրայելը բանտերից ազատ է արձակել 104 պաղեստինցի կալանավորների: Պաղեստինյան կողմը ողջունել է իսրայելցիների որոշումը եւ բանակցությունների ընձեռած հնարավորություններից օգտվելու մտադրություն է արտահայտել: Ավելի վաղ Իսրայելի կառավարությունն ընդունել էր օրենք, ըստ որի Պաղեստինին տարածքային զիջումներ ենթադրող ամեն մի համաձայնագիր պետք է դրվի հանրաքվեի: Պաղեստինյան ինքնավարությունը իր հերթին որոշել է հանրաքվեի դնել Իսրայելի հետ ստորագրվելիք ամեն մի համաձայնագիր: |