ՀԱՅԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում հայ շախմատիստուհիներից առավել հաջող է հանդես գալիս Լիլիթ Մկրտչյանը, որը 6 տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Նա մեկ միավորով է զիջում աղյուսակը գլխավորող Նինո Խուրցիձեին: Լիլիթը վերջին 3 տուրերում հաղթեց Բաիրա Կովանովային, հաշտություն կնքեց Անաստասիա Սավինայի եւ Բելա Խոթենաշվիլու հետ: Մկրտչյանը հայ շախմատիստուհիներից միակն է, որ պարտություն չի կրել: Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան ունեն 3,5 միավոր: Գերազանց մեկնարկից հետո Կուրսովան զիջեց դիրքերը: Նա հաշտություն կնքեց Օլգա Գիրյայի եւ Միհայելա Սանդուի հետ, իսկ 5-րդ տուրում կրեց առաջին պարտությունը Աննա Մուզիչուկի հետ մրցախաղում: Գալոյանը հաղթեց Դայվա Բատիտեին, ոչ-ոքի խաղաց Անա Գավաշելիի հետ, պարտվեց Աննա Մուզիչուկին: Աննա Հայրապետյանն ու ռուսաստանցի Ալինա Բալայանը վաստակել են 3-ական միավոր: Աննան հաղթեց Պետրա Կրուլյացին, հաշտությոն կնքեց Ադելինա Ֆոյսորի հետ եւ պարտվեց Սոֆիո Գվետաձեին: Ալինան ավելի հաջող խաղացՙ հաղթանակներ տոնելով Դարիա Վիսանեսկուի եւ Ջուլիա Նովկովիչի նկատմամբ, զիջելով Մարիա Մուզիչուկին: |