«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ- 2013» ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ «Մանկական եվրոտեսիլ- 2013» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 27-ին` ժամը 21:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում: Մրցույթին մասնակցելու համար Առաջին ալիքը ստացել է մասնակցության 82 հայտ, իսկ ընտրական փուլին կներկայացվեն դրանցից 12-ը: Ինչպես «Ազգին» հաղորդեց Եվրոտեսիլի պատվիրակության նախագահ Գոհար Գասպարյանը. «Ընտրություն կատարելիս հաշվի է առնվել ներկայացված երգերի` մրցույթի խիստ կանոններին ու պահանջներին համապատասխան լինելու հանգամանքը, բովանդակությունը, որակն ու հիթային լինելը»: Հայաստանը մրցույթին ներկայացնելու հնարավորությունը ստանալու համար կպայքարեն հետեւյալ մասնակիցները` Մերի Վարդանյան` «Երգն իմ այս» (10 տարեկան, Վարդենիս), Միքայել Վարոսյան` «Happy Day» (10 տարեկան, Երեւան), Դավիթ Վարդանյան (11 տարեկան) եւ Էռնա Միրզոյան (15 տարեկան)` «Լուսավորական» (Ստեփանակերտ), Պետրոս Ղազարյան` «Դու-դու» (12 տարեկան, Երեւան), Կարեն Ուղուրյան` «Ընկերներ ենք» (12 տարեկան, Երեւան), Կարեն Օհանյան` «Share and Like» (12 տարեկան, Երեւան), Կարապետ Կարապետյան` «Miracles» (13 տարեկան, Երեւան), Գայանե Ղազարյան` «We Are Young» (13 տարեկան, Երեւան), Միլենա Ղազարյան` «Անծանոթ աշխարհ» (13 տարեկան, Երեւան), Ռոզա Կոստանդյան` «Գիտեմ» (13 տարեկան, Վանաձոր), Մոնիկա Ավանեսյան` «Շոկո ֆաբրիկա» (15 տարեկան, Երեւան), Միքայել Սիմոնյան` «Օտար մի վայրում» (12 տարեկան, Իջեւան): Հաղթողը կընտրվի հեռուստաքվեարկության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության միջոցով` 50/50 հարաբերակցությամբ: Նշենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիեւի «Ուկրաինա» արվեստների պալատում: Այս տարի մրցանակային են համարվելու 1-ին, 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները: Հեղինակավոր մրցույթի հաղթողին կընձեռվի Կոպենհագենում կայանալիք «Եվրոտեսիլ-2014» երգի մրցույթին հանդես գալու հնարավորություն: |