ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԴԱՌՆԱԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաջողությանը մոտ էին Մուսա Մուրթազալիեւը եւ Արթուր Առաքելյանը, սակայն նրանց չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Մինչեւ 60 կգ քաշայինների մրցավեճում Արթուր Առաքելյանը պայքարը սկսեց չինացի Կունջուն Մայի հետ գոտեմարտովՙ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ: Հաջորդ փուլում Արթուրը հաղթեց Բելառուսը ներկայացնող Ասադուլա Լաչինաուին, այնուհետեւ պայքարից դուրս մղեց սլովակ Նիկոլա Բոլոտնյուկին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշի հաղթարշավը կանգնեցրեց ռուսաստանցի Բեխան Գոյգերեեւը: Վերջինս հաջող հանդես եկավ նաեւ հաջորդ փուլերումՙ հռչակվելով աշխարհի չեմպիոն: Իսկ Արթուր Առաքելյանը Գոյգերեեւի հաջող ելույթների շնորհիվ իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Առաջին գոտեմարտը հաջող էր Արթուրի համար, որը հաղթեց պուերտոռիկացի Ֆրանկլին Գոմես Մատոսին: Ցավոք, բրոնզե մեդալի համար վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը պարտվեց իրանցի Մահմուդ Իսմայելպորջույբարին: Մինչեւ 84 կգ քաշային կարգում էլ Մուսա Մուրթազալիեւը հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ: Նա հաջորդաբար հաղթեց մոլդովացի Պյոտր Յանուլովին եւ շվեյցարացի Լուկաս Ռիսենին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը չկարողացավ հաղթահարել ուկրաինացի Իբրահիմ Ալդատովի դիմադրությունը, որն ի վերջո նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսըՙ եզրափակիչում հաղթելով կուբացի Ռայներիս Սալասին: Մուրթազալիեւը բրոնզե մեդալի համար առաջին իսկ գոտեմարտում պարտվեց հունգարացի Իշտվան Վերեբին եւ զրկվեց մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից: |