ԶՈՒՅԳ 50-ԱՄՅԱԿ ԱՎՍՏՐԱԼԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ Հ. Ծ. Ավստրալիայում լույս տեսնող Հայկական բարեգործական ընդհանուր միության «Միութիւն» ազգային, քաղաքական եւ մշակութային ամսաթերթից տեղեկանում ենք, որ այս տարի լրանում է ՀԲԸՄ Սիդնեյի մասնաճյուղի հիմնադրման 50-ամյակը: Այդ առթիվ նախատեսված է անցկացնել հոբելյանական գեղարվեստական մի միջոցառում հոկտեմբերի 26-ին «Ուեսլի կենտրոնում», հովանավորությամբ Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Հայկազուն եպս. Նաճարյանի: Տարին հոբելյանական է նաեւ տեղի Ալեք Մանուկյան շաբաթօրյա վարժարանի համար, որն իր հիմնադրման ոսկյա (50-րդ) տարեդարձը որոշել է նշել նոյեմբերի 3-ին «Հայկական մշակույթի օր եւ տոնավաճառ» հանդիսավոր ձեռնարկով: Իսկ զույգ հոբելյանների առթիվ կազմակերպված պարահանդեսը տեղի կունենա նոյեմբերի 1-ին Հոմբուշի «Ուոթերվիու կոնվենշն Սենտրում»: Ջերմագին շնորհավորանքներ եւ հետագա բեղուն գործունության անկեղծ մաղթանքներ ինչպես ՀԲԸՄ-ի Սիդնեյի մասնաճյուղի, այնպես էլ Ալեք Մանուկյան շաբաթօրյա վարժարանի բոլոր նվիրյալ աշխատակիցներին, որոնք անձնազոհաբար առաջ են տանում հայապահպանման գործը Սփյուռքում: |