RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-09-23 23:25:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1418, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՄԱՄԲ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ

Մ. Խ.

Հայկական ծագմամբ աշխարհահռչակ մարդկանց մասին հրապարակումները միշտ էլ փնտրված են ընթերցողի կողմից: Ներկա այս շարքը, որոշ սրբագրումներով, քաղել ենք սոցիալական ցանցերից: Այդ ցանցերում հանդիպում ենք նաեւ Լիբանանի հանգուցյալ նախագահներից Քամիլ Շամունի անվանը, ինչը բացարձակապես սխալ է:

Կառլոս Մենեմ

1989-1999 թվականներին Արգենտինայի նախագահ է եղել Կառլոս Մենեմը: Ծնվել է Սիրիայից Արգենտինա գաղթած հայ-ալավիական ընտանիքում: Մենեմը մկրտվել է Արգենտինայի հայ կաթոլիկ եկեղեցում: Մենեմի նախագահության ընթացքում Արգենտինայի հայ համայնքը համաշխարհային հայկական լոբբիի շարժիչ ուժերից մեկն էր: Կառլոս Մենեմն այսօր էլ արգենտինահայ լոբբիի սերտ բարեկամներից է:

Ամին Հաֆես

Ամին Հաֆեսը եղել է Սիրիայի նախագահը 1963-1966 թվականներին: Ծնվել է հայաշատ Հալեպում, հայրը սասունցի հայ է եղել, մայրը` հայտնի ալավի ընտանիքից: Բացահայտ քրիստոնեամետ քաղաքականության համար վաստակել է սիրիացի ազգայնամոլների ատելությունը, որոնք ի վերջո հասել են նրա հեռացմանը կառավարումից: Նա հեռացել է նաեւ Սիրիայից, որտեղ կրկին կարողացել է վերադառնալ միայն կառավարության փոփոխությունից հետո:

Էլիաս Սարգիս

Էլիաս Սարգիսը Լիբանանի նախագահն էր 1976-1982 թթ.: Ծնվել է Լեռնային Լիբանանի Զղորթա շրջանում, որտեղ հանգրվանել են բազմաթիվ հայեր 16-րդ - 17-րդ դարերում: Հայրը հայ էր, մայրը` քաղդեացի քրիստոնյա: Ինքը արաբ-մարոնիտ համայնքից էր պաշտոնապես: Է. Սարգիսը Լիբանանում բարձրացնում էր հայկական խնդիրները եւ Թուրքիայի հանդեպ արմատական ժխտողական դիրքերում էր: Իր նախագահության օրոք նա ոչ մի անգամ չի ընդունել թուրքական բարձրաստիճան հրավերները` այցելելու այդ երկիր:

Էմիլ Ջամիլ Լահուդ

Այս նախագահին դժվար չէ հիշել, քանի որ նա Լիբանանում նախագահում էր համեմատաբար ոչ վաղուց` 1998- 2007 թվականներին: Ծնվել է Բաաբդատ քաղաքի հայկական թաղամասում. հայրն արաբ-մարոնիտ Ջամիլ Լահուդն էր, մայրը` հայուհի Ադրինե Բաջաքյանը: Լահուդը, որ լայնորեն աջակցում էր հայությանը Լիբանանում, ամուսնացած է հայուհի Անդրե Ամատունու հետ: Նա բնութագրվում է իբրեւ ազնվագույն, խելացի եւ հավասարակշիռ մի գործիչ, որը չէր սիրում հաճախ երեւալ հանրությանը, լրագրողներին: Նրա օրոք մոտ 40 հայ տարբեր պաշտոններ էին վարում Լիբանանի կառավարման համակարգում, երեք քաղաքներում քաղաքապետները հայ էին, իսկ շատ հայեր ընտրվում էին քաղաքային խորհուրդներում: Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը բարձր է գնահատել Էմիլ Լահուդի ջանքերը` Լիբանանի հայկական համայնքի ուժեղանալու, Հայաստանի եւ Սփյուռքի հետ կապերն ամրապնդելու ուղղությամբ:

Նկար 1. Կառլոս Մենեմ

Նկար 2. Ամին Հաֆես

Նկար 3. Էլիաս Սարգիս

Նկար 4. Էմիլ Ջամիլ Լահուդ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #160, 24-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ