ՀԱՂԹԱՆԱԿ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԻ ՄՐՑԱԽԱՂԻՑ ԱՌԱՋ Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում կենտրոնականը Գյումրիում «Շիրակի» եւ «Փյունիկի» մրցավեճն էր: Մրցաշարային աղյուսակում հարեւանությամբ գտնվող թիմերի հանդիպումը մեծ հետաքրքրություն էր ներկայացնում նաեւ այն պատճառով, որ այսօր մրցակիցները կրկին մրցավեճի են բռնվելուՙ այս անգամ «Հանրապետական» մարզադաշտում վիճարկելով Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը: «Փյունիկը», որ շատ հաջող է սկսել ընթացիկ առաջնությունը, Գյումրիում հաղթեց 2-0 հաշվով: 2 գոլերն էլ փյունիկցիները խփեցին տուգանային հարվածներով: Աչքի ընկան Գագիկ Պողոսյանն ու Աղվան Պապիկյանը: Վերջինս բացեց գոլերի հաշիվը Հայաստանի առաջնություններում: Կհաջողվի՞ արդյոք «Շիրակին» Սուպերգավաթի խաղում ռեւանշի հասնել «Փյունիկի» նկատմամբ, ցույց կտա այսօրվա հանդիպումը: «Արարատն» Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ շարունակում է հաջող ելույթները: «Ալաշկերտի» հետ խաղում արարատցիներն աչքի ընկան արդյունավետ գրոհներովՙ 5 անպատասխան գնդակ խփելով մրցակցի դարպասը, որը նախորդ տուրում էլ խոշոր հաշվով (2-9) պարտվել էր «Գանձասարին»: Արարատցիներից 2 գոլ խփեց Գեւորգ Նռանյանը, մեկական անգամ աչքի ընկան Ալեքսանդր Ռակիչը, Խորեն Վերանյանը եւ Արսեն Բալաբեկյանը: Վերջինս իր առաջին գոլը խփեց «Արարատում»: Այս հաղթանակի շնորհիվ «Արարատը» հանգրվանեց 2-րդ հորիզոնականումՙ ընդամենը 1 միավորով հետ մնալով «Փյունիկից»: Ի դեպ, հաջորդ տուրումՙ սեպտեմբերի 28-ին «Փյունիկը» հյուրընկալելու է «Արարատին»: Այդ հանդիպման արդյունքով էլ կորոշվի առաջին շրջանի հաղթողը: «Բանանցն» արդեն 2-րդ հանդիպումն ավարտեց գոլազուրկ ոչ-ոքի: Մրցակիցը «Գանձասարն» էր, որը նախորդ տուրում 9-2 հաշվով ջախջախել էր «Ալաշկերտին»: ՀՀ առաջնություններում «Գանձասարի» հետ անցկացրած վերջին 8 հանդիպումներում «Բանանցին» այդպես էլ չի հաջողվում հաղթել մրցակցին: «Միկայի» հետ մրցավեճում «Ուլիսը» շատ մոտ էր հաղթանակին, սակայն արդեն 2-րդ անընդմեջ հանդիպման վերջին րոպեին գոլ է բաց թողնում: «Ուլիսը» հաղթում էր Արտակ Անդրիկյանի խփած գոլի շնորհիվ, սակայն խաղավերջում Սարգիս Կարապետյանը «Միկային» փրկեց պարտությունից: Այդ գոլի շնորհիվ «Միկան» թիմային նոր ռեկորդ սահմանեցՙ առաջնության մեկնարկային 6 հանդիպումներում մնալով անպարտելի: Մինչեւ ընթացիկ առաջնությունը լավագույն արդյունքին «Միկան» հասել էր նախորդ տարիՙ մեկնարկից 5 խաղ անընդմեջ չպարտվելով: «Միկան» կարող էր նաեւ հաղթել այս խաղում, եթե Սեմյոն Մուրադյանն իրացներ 11 մ հարվածը, որը հետ մղեց «Ուլիսի» դարպասապահ Տիգրան Դավթյանը: Մրցաշարային աղյուսակ | Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | 1. Փյունիկ | 6 | 3 | 3 | 0 | 14-9 | 12 | 2. Արարատ | 6 | 3 | 2 | 1 | 10-4 | 11 | 3. Միկա | 6 | 2 | 4 | 0 | 6-4 | 10 | 4. Գանձասար | 6 | 2 | 2 | 2 | 17-11 | 8 | 5. Շիրակ | 6 | 2 | 2 | 2 | 9-8 | 8 | 6. Բանանց | 6 | 1 | 4 | 1 | 5-5 | 7 | 7. Ուլիս | 6 | 0 | 3 | 3 | 6-11 | 3 | 8. Ալաշկերտ | 6 | 0 | 2 | 4 | 6-21 | 2 |
Ռմբարկուները Արտակ Դաշյան | «Գանձասար» | 6 | Գեւորգ Նռանյան | «Արարատ» | 4 | Նարեկ Բեգլարյան | «Գանձասար» | 4 | Դավիթ Մանոյան | «Փյունիկ» | 3 | Անդրանիկ Բարիկյան | «Շիրակ» | 3 | Սերժ Դեբլե | «Շիրակ» | 3 | Ալեքսանդր Ռակիչ | «Արարատ» | 3 |
|