ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԿԵՆԱՐԱՐ ԱՂԲՅՈՒՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԱԿԱՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԸ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի Հինգ երկրներիՙ Հայաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելառուսի եւ Ուկրաինայի մեկ տասնյակ արվեստագետներ են մասնակցում «Կենարար աղբյուր» խորագրով միջազգային քանդակագործական սիմպոզիումին, որն անցած շաբաթ օրը մեկնարկեց Գյումրիում, «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Բացմանը մասնակիցներին ողջունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ցանկություն հայտնելով այս միջոցառումը դարձնել ավանդական եւ անցկացնել ամեն տարի: Ինչպես տեղեկացրեց սիմպոզիումի ղեկավար, գյումրեցի քանդակագործ Արթուր Գեւորգյանը, մասնակիցները մեկ ամիս աշխատելու են, իսկ ստեղծված քանդակները դրվելու են քաղաքի Հաղթանակի զբոսայգու մի հատվածում: Այստեղ ստեղծվելու է քանդակների պուրակՙ յուրատեսակ բացօթյա քանդակագործական թանգարան: Բացման ժամանակ շնորհակալություն հայտնելով նման ձեռնարկին իրենց մասնակից դարձնելու համար, Ռուսաստանը ներկայացնող վրացի քանդակագործ Արչիլ Դադիշվիլին հույս հայտնեց, որ իրենք կստեղծեն լավ, գեղեցիկ քանդակներ, որոնք, իր արտահայտությամբ, այս գեղեցիկ քաղաքն էլ ավելի կգեղեցկացնեն: «Ուզում եմ քանդակել հրեշտակ, որը խաղաղություն կբերի ժողովուրդներին»,- ասաց սիմպոզիումի իտալացի մասնակից, Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, պոետ եւ քանդակագործ Մասսիմո Լիպին: Նա մեծ թվով քանդակներ է ստեղծել, որոնք սփռված են ամբողջ աշխարհում: Այս նոր քանդակի վրա լինելու է նաեւ մետաղից ձուկ, որը շարժվող կլինի: Ձուկը, նաեւ իր բացատրությամբ, հզոր քրիստոնեական խորհրդանիշ է, կյանքի ու կենդանության խորհրդանիշ, եւ առաջին քրիստոնյաներն իրար ճանաչում էին ձկան սիմվոլով: Արվեստագետն ուզում է դրա միջոցով երիտասարդներին փոխանցել ջերմեռանդություն ու կյանքի ավյուն: «Սուրբ ընտանիք» է կոչվելու արցախյան ծագմամբ, տավուշյան առոգանությամբ խոսող գյումրիաբնակ ճանաչված արվեստագետ Կամո Սառիկյանի նոր գործը: Հայտնի են քաղաքի կենտրոնական զբոսայգում տեղադրված նրա Հովհաննես Շիրազի, Ատրպետի, «Սեր» կոչվող քանդակները, Անուշի եւ Սարոյի աղբյուրը, այլ գործեր Գյումրիում, Ջավախքում, Արցախում, այլուր: Արդեն տասը տարի էՙ Քըրք Քրքորյանի արձանի էսքիզն է արել, արձանի պատվանդանն էլ, բայց ցավոք, պատվիրատու չի հայտնվում: Գարեգին Նժդեհի երկու քանդակ ունի արած, նրան համարում է մեր մտավորականներից ամենահզորը... Ազգը, հայրենիքը, հայրենիքի պաշտպանությունը Սառիկյանին մշտապես հուզող թեմա են: Նա մեզ հետ զրույցում նշեց, թե այսօր հայ ազգը դանդաղ է աճում, աճը քանի գնումՙ դանդաղում է, մինչդեռ հենց աճն է, որ մեծ որակ է ծնում: Իր «Սուրբ ընտանիք» քանդակում պատկերելու է չորս երեխա, հայր ու մայր, խնձոր եւ նուռ: «Դրանով հայերիս բազմացման կոչ եմ անում. սերունդ, բազմացում, ուրիշ բան չեմ ուզում: Մեր հայրենիքի պաշտպանությունը կլինի միայն մեր ազգի քանակական աճի միջոցով: Երբ որ ազգը աճ տա, այն ժամանակ էլ կծնվի հզոր ուժը... Ուրիշ ոչ մի հարց գոյություն չունի դրա դեմը»: |