ՉԵԶՈՔԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ԳԻՆՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ «ՃՆՇՈՒՄԸ» Վ. ՊՈՂՈՍՅԱՆ Մաքսային միությանը միանալու պարտադրանք-երկընտրանքի առաջ կանգնած, իսկ ավելի պարզ ձեւակերպմամբ` Եվրոմիության հետ Ասոցիացման համաձայնագիր ստորագրելու համար Ռուսաստանի կողմից ճնշումների տակ հայտնված Արեւելյան գրոծընկերության երկրներին, ըստ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, հնարավոր է փոխհատուցում տալ` տնտեսական պատժամիջոցներից կրած վնասների համար: Ֆյուլեն այս մասին ընդամենը սեպտեմբերի կեսերին հայտարարեց, իսկ երեկ արդեն Եվրոպական հանձնաժողովի մակարդակով խոստացվածն ի կատար են ածում: ԵՀ պաշտոնական հաղորդագրության համաձայն, Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է Մոլդովայից գինու ներմուծման համար ամբողջապես բացել Եվրոպական միության շուկան: Ընդ որում, առաջարկվում է շուկան ամբողջապես բացել մինչեւ Մոլդովայի հետ Ասոցիացման համաձայնագրի նախաստորագրումը: Առաջարկը հիմնավորված է այն մոտեցմամբ, որ շուկան բացում են որպես «մոլդովական գինու ավանդական որոշ շուկաներ դրա արտահանման հետ կապված դժվարությունները թեթեւացնելու միջոց»: «Եվրոպական միության շուկան կայուն այլընտրանք է եւ հաստատուն լինելու կենսունակ դեր ունի մոլդովական գինեգործության հատվածի համար: Մոլդովական գինու համար ամբողջապես բաց ԵՄ շուկան, երբ մոլդովացի գինեգործները դժվարության մեջ են, ցույց է տալիս, որ բացի տնտեսական ինտեգրման հաջող ծրագիր լինելուց` ԵՄ-ը նաեւ համերաշխության տարածք է», հայտարարել է ԵՄ գյուղատնտեսության հարցերով հանձնակատար Դացիան Սիոլոսը: Մոլդովայի հետ Ասոցիացման համաձայնագրի, եւ դրա հետ մեկտեղ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի նախաստորագրումը նախատեսված է Վիլնյուսում նոյեմբերի վերջին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում: Մոլդովական գինիներին մինչեւ այդ փաստաթղթի ստորագրումն արդեն ուզում են ԵՄ մուտքն ապահովել: Հենց այդ նպատակով էլ Եվրոպական հանձնաժողովը առաջարկել է Եվրոպական խորհրդին եւ Եվրոխորհրդարանին` արդիականացնել Մոլդովայի հետ առեւտրի պայմանները, ընդ որում, անել հնարավորն այդ գործընթացը արագ ավարտելու համար: Իհարկե, մոլդովական գինին մեկ օրում եվրոպական ստանդարտներին չի համապատասխանելու, ու թերեւս աշխարհի լավագույն գինիների շարքում էլ չէ, սակայն, ինչպես տեսնում ենք, կարվի հնարավորը` մոլդովական գինի ԵՄ շուկայում վաճառելու համար: Եվ այս դեպքում հետաքրքրական կլիներ լսել հայ փորձագետ ու գործիչ ներկայացող մի քանիսի դատողությունները` մոլդովական գինու մրցունակության վերաբերյալ, երբ նույն պատճառաբանությունը բերվում էր հայկական ապրանքների համար` ԵՄ-ում անմրցունակ լինելու հիմքով: Հարցի մեկ այլ կողմն է, թե անմրցունակ ապրանքն ինչպես են հիշատակված «մասնագետները» մրցունակ տեսնում Մաքսային միության երկրների շուկաներում: Պարզապես փաստենք, որ անմրցունակ մոլդովական գինին հաստատ այսպիսի հնարավորության պայմաններում մրցունակ կդառնա, ամեն դեպքում` կարվի ամեն ինչ, որպեսզի որոշակի հնարավորություններից օգտվելու տարբերակ ստացած մոլդովական գինին նաեւ վաճառվի, իսկ դա զարգացում է նշանակում, այլ ոչ թե անմրցունակ գինին այնպիսի մի շուկայում սպառելու հեռանկարը, որտեղ կարեւորը, հատկապես ոգելից խմիչքի դեպքում, աստիճանն է ու ազդեցության երկարատեւությունը: |