RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #162, 26-09-2013



Ազգային

Տեղադրվել է` 2013-09-26 01:13:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 863, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Թարգմ. Հ. Ծ.

Վերհիշելով 1955 թվի սեպտեմբերի 6-7-ը

Ստորեւ թարգմանաբարՙ Փարիզում գործող «Եվրոպա եւ Արեւելք» ընկերության տնօրեն Վարուժան Սիրապյանի հիշողությունները այդ դաժան օրերի մասին:

Երեւի հազիվ տասը տարեկան էի, երբ Ստամբուլում տեղի ունեցան սեպտեմբերի 6-7-ի դեպքերը, որոնք իրականում ցեղասպանության համազոր էին: Ինը ժամվա ընթացքում կատաղած խմբավորումներ, գյուղացիներ, բանվորներ, անգործներՙ հեռավոր շրջաններից մեքենաներով Ստամբուլ բերված, շրջում էին փողոցներով, յուրաքանչյուրի ձեռքում նմանատիպ մահակներով, որոնք կարծես գործարանային արտադրանք լինեին: Սկզբում նրանց վերահսկում էին քեմալիզմի մոլեռանդ ակտիվիստները, ծայրահեղական ազգայնականների մի խումբ ուսանողներ: Բայց շուտով ամեն ինչ դարձավ անվերահսկելի: Ոստիկանությունը պասիվ էր, երբեմն նույնիսկ համագործակցող:

Ամեն ինչ ապատեղեկատվությունից էր սկսվել: «Իստամբուլ էքսպրես» թերթում «Ռումբ է գցվել Աթաթուրքի տան վրա» սադրիչ վերնագրով մի հոդված էր տպագրվել: Իրականում դա ինքնաշեն մի փոքրիկ սարք էր, որը թուրքական հակահետախուզության աշխատակիցներից մեկը գցել էր տան վրաՙ պատճառելով շատ փոքր վնաս: Թեսալոնիկեի այդ տանը երիտասարդ տարիներին ապրել էր Մուստաֆա Քեմալը: Թերթի սեպտեմբերի 6-ի հավելյալ համարների տպագրության որոշումը կայացրել էր խմբագրի տեղակալ Գյոկսին Սիպահիօղլուն:

Տարերային ցույցերը անմիջապես վերածվեցին կազմակերպված սպանությունների եւ հետապնդումների: Ազգությամբ հույն 16 քաղաքացի, որոնցից 2-ը քահանաներ, եւ մեկ հայ սպանվեցին: 32 հույներ ստացան լուրջ վնասվածքներ: 4348 խանութներ, որոնք պատկանում էին հույների, հայերի եւ հրեաների, հարձակման ենթարկվեցին եւ թալանվեցին: 110 հյուրանոցներ, 27 դեղատներ, 23 դպրոցներ, 21 գործարաններ, 70 եկեղեցիներ, երեք գերեզմանատներ եւ ոչ մահմեդական համայնքների անթիվ-անհամար տներ լրջորեն վնասվեցին: Բռնաբարությունների թիվը հնարավոր չեղավ ճշգրտել, որովհետեւ նման բարբարոսության զոհ գնացած ընտանիքները չէին ցանկանում ամոթանքն ավելացնել անպատվությանը: Բայց հետզհետե բերանները բացվեցին, եւ հայտնի դարձավ, որ զոհերի թվում ճանաչված հրեա մի ոսկերչի կինն էր եղել:

Մեր թաղամասումՙ Շիշլիում մի ալբանացու պատկանող հացի խանութ կար, որի տերը ամեն երեկո «չորեք» էր բաժանում դիմացի ոստիկանատան աշխատակիցներին: Սեպտեմբերի 6-ի երեկոյան ամբոխը, ենթադրելով, որ տերը հույն է, ջարդ ու փշուր արեց նաեւ նրա խանութը. երբ խեղճ մարդը ոստիկանատուն էր գնացել բողոքելու, նրան պատասխանել էին. «Ներեցեք, բայց ոչինչ անել չենք կարող: Այսօր մենք թուրք ենք, ոստիկաններ չենք»:

Դեպքերին հաջորդող ամիսներին եւ տարիներին փոքրամասնություններին պատկանող մեծ թվով քաղաքացիներ, որոնք ենթարկվել էին բռնությունների, հեռացան Թուրքիայից: Նրանք հասկացել էին, որ Հայոց ցեղասպանությունից 40 տարի անց թուրքը մնում է թուրք, եւ արտաքնապես արդիական թվացող այդ հանրապետությունում մարդկանց մտայնությունը չէր փոխվել:

Հետագայում հաստատվեցին այն ենթադրությունները, որ թուրքական հակահետախուզության աշխատակիցն էր մասնակից Աթաթուրքի տան վրա կատարված այդ հարձակմանը: Բայց մեղավոր ճանաչվելու փոխարեն նա պաշտոնի բարձրացում ստացավՙ ի նշան երախտագիտության: Իսկ թերթում տպագրված հրահրող վերնագրի հեղինակըՙ Սիպահիօղլուն, որոշ ժամանակ անց տեղափոխվեց Փարիզ եւ այնտեղ հիմնեց (ո՞ւմ փողերով) «ՍԻՊԱ» լրատվական գործակալությունը: Հետագայում նախագահ Շիրակի կողմից նա նույնիսկ արժանացավ Պատվո լեգեոնի շքանշանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #162, 26-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ