ԶԱՐԻՖ-ՔԵՐՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԺՆԵՎՈՒՄ Պ. Ք. Իրանին առաջարկվել է «միջուկային գործարք» Մերձավոր Արեւելքի երկրներում շրջագայությունն ավարտելովՙ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նոյեմբերի 8-ին թռել է Ժնեւ, որպեսզի հանդիպում ունենա Իրանի արտործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Այդ մասին հաղորդում է ամերիկյան NBC հեռուստաալիքը: Բրիտանական «Թելեգրաֆ» թերթի տեղեկությունների համաձայն, ամերիկացիները Ժնեւում Իրանի ներկայացուցիչներին առաջարկել են այսպես կոչված «միջուկային գործարք»: Դա պայմանագրի ծրագիր է, որի շրջանակներում Թեհրանը պետք է կես տարով սառեցնի ուրանի հարստացումըՙ միջազգային պատժամիջոցների զգալի մեղմացման դիմաց: Դատելով այն բանից, որ Զարիֆը համաձայնել է հանդիպում ունենալ Քերրիի հետ, կարելի է ենթադրել, որ տվյալ տարբերակը հետաքրքրում է իրանական կողմին: «Թելեգրաֆը» մեջբերում է պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի այն խոսքը, որ Ժնեւում Քերրիի խնդիրն է «նպաստել բանակցություններում կողմերի դիրքորոշումների տարբերության կրճատմանը»: Ժնեւում Իրանի եւ «Վեցյակի» երկրների բանակցություններին մասնակցում է նաեւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Իսրայելական «Հաարեց» թերթի կայքէջը հաղորդում է Իրանին առաջարկված գործարքի որոշ մանրամասնություններ: Իրանցիների միջուկային ծրագրի ընդհատումը հիմնականում պետք է արտահայտվի ուրանի հարստացման մակարդակի ու ծավալների նվազեցմամբ, այսինքնՙ ցենտրիֆուգերի թվի կրճատմամբ: Ինչ վերաբերում է հակաիրանական տնտեսական պատժամիջոցների մեղմացմանը, կայքէջը ամերիկյան աղբյուր վկայակոչելով հաղորդում է, որ համաձայնագիրը չի վերաբերի հիմնական պատժամիջոցներին, որոնք կապված են իրանական բանկերի եւ իրանական նավթի վրա ԵՄ սահմանած բեռնարգելքի հետ: |