ԱԴԱՄ ՇԻՖԻ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ Հ. Ծ. Ադամ Շիֆը դարձյալ դիմել է նախագահ Բարաք Օբամայինՙ խնդրելով, որ վերջինս թույլ տա ցուցադրել հայ որբերի հյուսած գորգը այն հատուկ միջոցառման ժամանակ, որ նա կազմակերպելու է Կապիտոլ Հիլում: Միջոցառմանը նա նպատակ ունի հրավիրելու Եղեռնը վերապրողներին, պատմաբաններին, ամերիկահայ համայնքի եւ Կոնգրեսի ներկայացուցիչներին: Նպատակը վեր հանելն է ամերիկյան կառավարության ջանքերըՙ օգնելու 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից տուժածներին եւ ցույց տալ վերջիններիս երախտագիտական քայլը: «Արմինյն Միրոր- Սփեքթեյթր» շաբաթաթերթի դեկտեմբերի 21-ի համարը, հրատարակելով այս լուրը, միաժամանակ հիշեցնում է, որ դրանից առաջ Շիֆը դիմել էր Օբամային խնդրանքով, որ հայ որբերի հյուսած գորգը ցուցադրվի Սմիթսոնյան հաստատության թանգարանում: Նոր նամակում նա հատկապես նշել է, որ Կոնգրեսի իր գործընկերներից շատերը տեղյակ չեն հայերի ցեղասպանության վերաբերյալ ամերիկյան կառավարության դիրքորոշման մանրամասնություններին: «Մենք հանրային թե մասնավոր ջանքերով օգնել ենք գաղթականներին վերատեղավորվելու եւ ոտքի կանգնելու: Բայց այդ բարյացակամ վերաբերմունքը զուր չի կորել: 1925-ին Ղազիիրում (Լիբանան) ապաստան գտած հայ որբերը հյուսել են մի գորգ եւ նվիրել ԱՄՆ նախագահ Քուլիջին որպես երախտագիտության արտահայտություն: Պատշաճ կլիներ, որ այդ գորգը ցուցադրվեր այն հատուկ միջոցառման ժամանակ, որ ես նպատակ ունեմ անցկացնելու Կապիտոլ Հիլում առաջիկա հունվարին կամ փետրվարին», գրել է նաՙ հույս հատնելով, որ Սպիտակ տունն այս անգամ կբավարարի իր խնդրանքը: |