ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԵՆ Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող 28 շախմատիստներից առայժմ առավել հաջող են հանդես գալիս Անի Հարությունյանն ու Արամ Հակոբյանը, որոնք 6 հնարավորից վաստակել են 5,5-ական միավոր: Անին հանդես է գալիս մինչեւ 16 տարեկան աղջիկների մրցաշարում: Նա ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող չին շախմատիստուհի Թիանլու Գուին: Հայ շախմատիստուհին վերջին 3 տուրերում հաղթանակներ տոնեց Պոլինա Ռոդիոնովայի, Գուլհայ Նարզիկուլովայի եւ Մահալակշիմի նկատմամբ: Մինչեւ 12 տարեկան տղաների մրցաշարի մասնակից Արամ Հակոբյանը 5,5 միավորով Անդրեյ Եսիպենկոյի եւ Ռոբի Կեւլիշվիլու հետ գլխավորում է աղյուսակը: Արամը 4-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Ամին Տաբաթաբաեւի հետ, ապա հաղթեց Դանիել Դեակին ու Յի Ժուին: Առաջատարների խմբում են գտնվում Մամիկոն Ղարիբյանն ու Ռոբերտ Մուրադյանը, որոնք վաստակել են 5-ական միավոր: Ղարիբյանը մինչեւ 10 տարեկան տղաների մրցաշարում 7-րդ տեղում է: Նա մեկ միավոր է զիջում Ավոնդեր Լիանգին եւ Ալիռեզա Փիրուզիին: Մինչեւ 8 տարեկանների մրցաշարում հանդես եկող Ռոբերտ Մուրադյանը 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Նա նույնպես մեկ միավոր է զիջում առաջատարներինՙ Պրագնանանդային ու Իսիկ Կանին: Մինչեւ 18 տարեկան տղաների մրցաշարում Հովհաննես Գաբուզյանը 6 հնարավորից վաստակած 4,5 միավորով 5-րդ տեղում է: Նա ոչ-ոքի խաղաց Կասպեր Դրոզդովսկու հետ, ապա հաղթեց Ուլվի Բաջարանիին, իսկ 6-րդ տուրում պարտվեց Պոուա Իդանիին: Վերջինս 5,5 միավորով առաջատարն է: Կարեն Գրիգորյանն ունի 4 միավոր: Նա առայժմ անպարտելի է: Մեկնարկում տոնած 2 հաղթանակներից հետո Կարենը 4 անընդմեջ ոչ-ոքի է ավարտել պարտիաները: Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում 4,5-ական միավոր են վաստակել Տիգրան Հարությունյանն ու Մանուել Պետրոսյանը: Այստեղ առաջատարը Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Պառավյանն է, որը լրացուցիչ գործակիցներով գերազանցում է նույնպիսի արդյունք (5-ական) ունեցող յոթ շախմատիստի: |