RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014



ՍՓՅՈՒՌՔ

Տեղադրվել է` 2014-03-20 23:48:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 3318, Տպվել է` 76, Ուղարկվել է էլ.փոստով` 60

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՈՍՔ, ՈՐ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ Էՙ ՊԱՀԵԼ Է ՊԵՏՔ»

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ

Հայ-բելգիական հարաբերությունների աշխուժացում

Հայ ժողովրդի պատմության գրեթե բոլոր էտապներում արտագաղթը մեր ճակատագրական ուղեկիցն է եղել: Բելգիայի հայ համայնքն ունի տարիների հարուստ նկարագիր: Պատմական տարբեր ժամանակահատվածներում, տարբեր թոհուբոհների հետեւանքով են հայերը հաստատվել այստեղ: Առաջին հայացքից, շատերի համոզմամբ, Եվրոպան բաց դռներով օրրան է, ուր կարող ես գտնել ապահով, բարեկեցիկ կյանք, սակայն, այդ ամենին հասնելն այնքան էլ դյուրին չէ: Այն նախ պահանջում է տարիների համբերատար սպասում, օտար բարքերի հաղթահարում, իսկ ամենակարեւորըՙ կոսմոպոլիտ հասարակության մեջ ուրույն տեղ գտնելու հնարավորություն:

Մաքառումների ճանապարհներ հատած մեր հայրենակիցներն այսօր արդեն բելգիական հասարակության մեջ զգալի տեղեր են զբաղեցնում:

Դանիել Տիգրանյանի ընտանիքը 80 -ական թվականներին է Թուրքիայից գաղթել Բելգիա: «Թուրքիայում ապրելու համար շատ համարձակություն էր պետք ունենալ: Հայերն այնտեղ ապրել են մշտական ահուսարսափի մեջ, վախեցել են հայերեն խոսել: Հիմա վիճակը գուցե մի քիչ փոխվել է, գուցե ավելի հեշտ է հայերի համար, բայց մինչեւ 80- ականները հայերը սարսափի մեջ են եղել: Ովքեր հնարավորություն են ունեցել, դուրս են եկել երկրից: Ծնողներս ուզում էին, որ հայ մնանք, հայեցի մեծանանք, հայկականը պահպանենք: Մենք այստեղ ենք իմացել ցեղասպանության մասին, մեր ծնողները մեզ խնայել են, վախեցել են այդ մասին խոսել», այսպես մեր զրույցում իր հիշողությունները վերապրեց մեր հայրենակիցը:

Բարձրագույն կրթությունը ստանալով Բելգիայում, մասնագիտացած որպես սրտաբան, սրտանոթային հիվանդությունների գծով, նա այսօր պատասխանատու աթոռ է զբաղեցնում Բրյուսելի սբ. Էլիզաբեթ բժշկական կլինիկայի սրտաբանության բաժանմունքում: Մեր զրույցի ընթացքում, պարոն Տիգրանյանը տեղեկացրեց, որ պարբերաբար մասնակցում է նաեւ հայ համայնքի կողմից կազմակերպված միջոցառումներին: Վերջերս նա գործնական այցով Հայաստան էր մեկնել եւ ցանկացավ հայաստանյան որոշ հիվանդանոցների վերաբերյալ կիսել իր տպավորությունները:


- Հաճախ ե՞ք լինում Հայաստանում:

- Չորս անգամ եղել եմ Հայաստանում, բայց վերջին անգամ երկու տարի առաջ հայ-բելգիական առեւտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ կազմակերպված գործնական այցով էի գնացել: Ցանկանում էի ուսումնասիրել Երեւանի հիվանդանոցների, մասնավորապեսՙ սրտանոթային բաժանմունքներում տիրող իրավիճակը:

- Ինչպիսի՞ն էր տպավորությունը:

- Այցը կարճատեւ էր, ժամանակսՙ սահմանափակ: Հասցրեցի միայն Երեւանի երեք հիվանդանոցներում լինելՙ «Մարաշ», «Էրեբունի» եւ «Նաիրի» բժշկական կենտրոնում: Հայաստանում բժիշկներն ունեն մասնագիտական լավ ուսում, փորձում են կապեր ունենալ արտասահմանյան երկրների հետՙ փորձի փոխանակման եւ ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու համար: Հնարավորություն ունեցա տեսնելու սրտաբանության, սրտանոթային բաժանմունքների տեխնիկական սարքավորումները, վիրաբուժության վիրահատական սարքավորումները եւ շատ զարմացած եմ: Օրական բավականին վիրահատություններ են կատարվում, բայց սարքավորումները հին են: Բելգիայի համեմատ անցած մոդելի են: Այդպես շատ դժվար է հիվանդին բուժել ինչպես որ հարկն է: Ամեն դեպքում, ես չեմ ուզում քննադատել իրենց աշխատանքը, քանի որ իրենք ա՛յդ սարքավորումներն ունեն եւ անում են հնարավորն ինչ կարողանում են:

- Արդյոք Ձեր այս այցը կունենա՞ որեւէ հետեւանք:

- Միայն իմ անձնական նախաձեռնությամբ շատ բարդ է: Այն ինչ տեսա Հայաստանում, կարծում եմ, որ Հայաստանի երիտասարդ բժիշկները Եվրոպայում վերապատրաստման, փորձի փոխանակման կարիք ունեն: Ես իհարկե խոսում եմ միայն իմՙ սրտանոթային համակարգի բնագավառի վերաբերյալ: Կարծում եմ կարելի է Հայաստանի եւ Բելգիայի հիվանդանոցների միջեւ ստեղծել համագործակցություն: Դա իհարկե առողջապահության նախարարի միջոցով, քանի որ այս ամենը պահանջում է նախ ադմինիստրատիվ եւ ֆինանսական խնդիրների լուծում:

- Տարիներ ի վեր Բելգիան հոգատար օգնություն է ցուցաբերել հատկապես առողջական խնդիրներ ունեցող այն անձանց, ովքեր այս երկրում ապաստան են խնդրել, սակայն վերջին հինգ տարիներին, այստեղից մեծ քանակությամբ հայերի են արտաքսում Հայաստան: Մեր հայրենակիցներն այս ամենի մեղքը բարդում են մեր ղեկավարության վրա, իսկ ավելի ստույգՙ Արա Բաբլոյանի: Նրանցից շատերի խոսքերով հայկական կողմը Բելգիայում հիմնավորել է, թե իբր Հայաստանում կան լավագույն հիվանդանոցներ, բժշկական սարքավորումներ, եւ անվճար բժշկություն:

- Ես չգիտեմ, որ հիվանդանոցն է ղեկավարում Արա Բաբլոյանը , բայց կարծում եմ յուրաքանչյուր խոսք,որ արտահայտվում է, պետք է պահել:

Ես չեմ կարող ասել, որ բաժանմունքների մասին է եղել խոսքը, բայց, ամեն դեպքում, դա չի վերաբերում սրտաբանության, սրտանոթային բաժանմունքներին: Այն, ինչ ես տեսա Հայաստանում, կարծում եմ շատ հիմնարար փոփոխությունների կարիք ունի: Հայաստանի բժիշկները վերապատրաստման կարիք ունեն: Սա միայն իմ տեսակետը չէ: Հայաստանյան բժիշկներն էլ են նույն համոզման: Իհարկե նրանք անում են հնարավորը, բայց դա ամենայն հավանականությամբ բավարար չէ: Օրինակ, այստեղ Բելգիայում, հնարավոր չէ հիվանդին բժշկել լավ պայմաններումՙ բայց սահմանափակ սարքավորումներով:

- Ի՞նչ եք կարծում, հայ-բելգիական համագործակցության շրջանակներում հնարավո՞ր է որեւէ աջակցության ծրագիր իրականացնել:

- Սա առաջին գործնական այցն էր Հայաստանՙ տեսնելու, առավել մոտից տեղեկանալու հայաստանյան հիվանդանոցների խնդիրներին: Հետագայում պետք է նստել սեղանի շուրջ եւ քայլեր մտածել այս ուղղությամբ: Հաջորդ այցը նախատեսված է հունիսին: Այո, հնարավոր է նախաձեռնել որեւէ կոնկրետ ծրագիր,բայց միայն իմ մասնակցությունը բավարար չէ: Այս գործում պետք է ներգրավել դեսպանությանը, բելգիական կառավարությանը, արտգործնախարարությանը:

Տեսնենք ինչպես է հնարավոր աջակցել:

Բելգիա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ