RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014



ԹՈՒՐՔԱՊԱՏՈՒՄ

Տեղադրվել է` 2014-03-20 23:48:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 5026, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 55

ԱՐԴԵՆ 100 ՏԱՐԻ ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻ ԳԱՆՁԵՐԸ ԳՏՆԵԼՈՒ ՏԵՆԴԻ ՄԵՋ ԵՆ. ԴԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մատենադարանի արխիվային բաժնի ավագ գիտաշխատող Անահիտ Աստոյանի հետ մեր զրույցը վերաբերում է 1915 թ. Մեծ եղեռնի կազմակերպման եւ իրականացման նյութական դրդապատճառներին` ի թիվս թուրքերի պետական քաղաքականության եւ կրոնական ատելության շարժառիթների: Ա. Աստոյանը հեղինակել է «Դարի կողոպուտը. հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ.» ուսումնասիրությունը, որը շուտով լույս կտեսնի նաեւ անգլերենով` որպես հերթական ապտակ ուրիշ ժողովուրդներից խլված նյութական եւ հոգեւոր արժեքներով սեփական պետությունը կանգնեցնող թուրքերի երեսին: Աստոյանն իր գրքում եւ մեզ հետ զրույցում Հայոց ցեղասպանությունը դիտարկում է հայության ունեցվածքի կողոպուտի դրդապատճառի տեսանկյունից: Ընդհանրապես` հայության կրած նյութական կորուստները Հայոց ցեղասպանության հետեւանքով առավել պակաս ուշադրության են արժանացել Հայոց Մեծ եղեռնի մասին հրատարակված հսկայածավալ գրականության մեջ: Գիրքը հենվում է շուրջ 700 արխիվային փաստաթղթի վրա, օգտագործված են Օսմանյան կայսրությունում օտարերկրյա դեսպանների, եղեռնի ականատեսների վկայությունները, անգամ արտացոլված են նյութին անդրադարձած թուրք պատմաբանների տեսակետները: Անահիտ Աստոյանի հետ զրույցի մի շարք մանրամասներ փոխանցելով` փորձենք պատկերացում տալ հայության կրած նյութական վնասների չափերի եւ ծավալների մասին:

«Թուրքերի` հայերի նկատմամբ ատելությունը ոչ քաղաքական է, ոչ էլ կրոնական, այլ միմիայն տնտեսական: Թուրքիո այսօրվա եւ նախկին ղեկավարները թուրք ժողովրդին ներշնչել են քրիստոնյաների ունեցվածքին տիրանալու տենչը: 1915-ին ես պտտեցի ամբողջ Անատոլիայով եւ չտեսա թուրքական մեկ տուն, որտեղ չգտնվեին հայերի կարասիներ, գորգեր կամ ուրիշ իրեղեններ: Վաղը եթե առիթ գտնեն, թուրքերը նույնը պետք է անեն անպատճառ»: Սա թուրքական «Ալեմդար» թերթի խմբագիր Րեֆի Ջեւադ Ուլունայ բեյի կարծիքն, որ նա հայտնել է դեռ Լոզանի խորհրդաժողովում հայ պատվիրակներին: Թուրք մտավորականների այսպիսի տեսակետներ տարբեր ժամանակերում հնչել են, մանավանդ վերջին տարիներն թուրք պատմաբաններից ոմանք մեղքի զգացմամբ են մոտենում հարցին:

Այսօրվա Թուրքիայի ազգային կապիտալի 32 տոկոսը հայկական ունեցվածքն է. սա թուրք պատմաբան Սաիդ Չեթինօղլուի պրպտումների արդյունք-տեսակետն է, ինչը պարզապես վկայում է այն հրեշավոր դրդապատճառի մասին, որը մարմին ստացավ տնտեսապես վատ վիճակում հայտնված եւ այլ պետություններին բազմաթիվ պարտքեր կուտակած Թուրքիայում` հայերի կոտորածների եւ տեղահանության միջոցով նրանց ունեցվածքին տիրանալով խնդիրները լուծելու նպատակով:

«Ընդհանրապես` թուրք պատմաբանները հիմա շատ են գրում այս ասին, ավելի շատ, քան մենք», ասում է Ա. Աստոյանը, նշելով մի շարք թուրք պատմաբանների անուններ, որոնք ընդունում են այս իրողությունը` Սաիդ Չեթինօղլու, Թաներ Աքչամ, Ունգուր Ումիթի, Նեվզաթ Օնարան, Այշե Հյուրի եւ այլք:

Հայ եւ օտար պատմաբանները Հայոց ցեղասպանության, Արեւմտյան Հայաստանի հայության բնաջնջման շարժառիթների թվում կարեւոր են համարում թուրքերի մոտ արմատացած` քրիստոնյաների ունեցվածքին տիրանալու անհագուրդ կիրքը, թուրքերը հատկապես մեծ նախանձով են վերաբերվել Օսմանյան Թուրքայում հայերի նշանակալից ձեռքբերումներին:« The Iiving AGE» ամերիկյան պարբերականը 1916 թվականի փետրվարի 5-ի համարում «Հայաստանի մահը» հրապարակման մեջ նշում է. «Պատճառներից մեկն ազգային նախանձն է: Թուրքերն իրականում օտարական են իրենց կողմից կառավարվող երկրում: Նրանք բռնի ուժով են նվաճել այժմյան իրենց տարածքները: Չնայած ճնշմանը` հայերն իրենց խելքով եւ այլ հատկանիշներով կարողացել են յուրաքանչյուր բնագավառում առաջինը լինել»:

Պատմաբան Լեւոն Վարդանը գիրք ունի` «Հայկական Տասնհինգը եւ հայերու լքեալ գոյքերը» (1970 թ. Պէյրութ), որն առաջինն է ուսումնասիրել թեման` նշելով, որ Հայոց ցեղասպանության ուսումնասիրողն անպայման պետք է անդրադառնա դրան: Հայոց Մեծ եղեռնին նվիրված ուսումնասիրությունների մեջ շատ փաստեր կան, որոնք մատնանշում են ցեղասպանության` հայերի ունեզրկման դրդապատճառի մասին: Անահիտ Աստոյանը ուսումնասիրել, հանել-մեկտեղել է այդ փաստերը մեկ ուսումնասիրության մեջ: Այնտեղ կան Թուրքիայում օտար դիվանագետների եւ ականատեսների վկայություններ, թուրքական եւ օտար մամուլից հրապարակումներ, Օսմանյան խորհրդարանի քննարկումների, երիտթուրքերի դատավարությունների նյութեր` թեմայի վերաբերյալ:

Հենրի Մորգենթաուն, ԱՄՆ դեսպանը Թուրքիայում, եւս ասում էր, որ հայերի կոտորածի հիմնական նպատակը կողոպուտն է: Որպեսզի պատկերացում լինի` ինչի մասին է խոսքը, Ա. Աստոյանը ներկայացնում է նախ հայերի տնտեսական դրությունը Մեծ եղեռնին նախորդող շրջանում:

Օսմանյան կայսրությունն առաջին համաշխարհային պատերազմից առաջ պարտքերի տակ էր, եւ որպես պետություն վտանգված էր նրա ապագան: Հայերի ձեռքում էին կենտրոնացված տնտեսության բոլոր կարեւորագույն լծակները` առեւտուրը, արդյունաբերությունը, հողամշակումը, հայերն իրենց տաղանդի եւ խելքի շնորհվ կարողացել էին զգալի հարստությունների տեր դառնալ: Թուրքական իշխանություններին եւ թուրք բոլոր խավերին շատ շահավետ էր հայկական ունեցվածքը յուրացնելն ու հայերի հարստությանը տիրանալը: Ի դեպ` դա թուրք ազգի նկարագրի մեջ արդեն նստած է` ուրիշի ունեցվածքը խլելով պետություն ստեղծել.« Եւ հայերի` հազարամյակներով ստեղծված հարստությունը յուրացվեց պետության կողմից, ստեղծվեց թուրքական տնտեսություն, որը չկար: Օսմանյան տնտեսության 65 տոկոսը հայերի ձեռքում է եղել` բանկային գործ, արհեստներ, գյուղատնտեսություն: Երիտթուրքերն իրենց գաղտնի ժողովներում վաղուց էին ծրագրում հայերին կոտորելու եւ նրանց ունեցվածքով իրենց երկիրը ոտքի կանգնեցնելու ծրագիրը: Հայերին բնաջնջելով, նրանց անշարժ եւ շարժական գույքը կողոպտելով` երիտթուրքերը թրքացրին երկրի տնտեսությունը, արտաքին պարտքերը վճարեցին:Օրինակ` Ջոն Կիրակոսյանը գտնում է, որ արդեն մոլեռանդ երիտթուրքերը ավելի մոլեռանդ դարձան ոչ թե քաղաքական դրդապատճառներով առաջին հերթին, այլ այն պատճառով, որ տնտեսության մեջ թուրքերը տանուլ էին տվել քրիստոնյաներին, մանավանդ` հայերին: Այդ պատճառով երիտթուրքերը վախ ունեին, որ շատ շուտով հայերը կտիրանան նաեւ քաղաքական իշխանություններին, ինչպես դա արել էին տնտեսության ասպարեզում: Դա 1915 ի դրդապատճառներից մեկն էր` հայերի ունեցվածքին տիրանալու եւ երկրի տնտեսությունը թրքացնելու: Մանավանդ ` 1912-1913 թվականների Բալկանյան պատերազմից հետո թուրքերը հասկացան, որ Հայաստանին որոշ արտոնություններ տալով` իրենք դառնալու են հայերի հպատակը», ասում է Ա. Աստոյանը:

Ա. Աստոյանը` պատասխանելով մեր հարցին, թե արդյոք հնարավո՞ր է դրամական արժեքով հաշվարկել հայերի կրած կորուստները Հայոց ցեղասպանության ընթացքում. «Անհնարին բան է, նշում է նա, մարդկային ուղեղն ի զորու չէ հաշվարկել: Օրինակ, հայտնի է, որ 1919-ին Ազգային միացյալ պատվիրակության նախաձեռնությամբ ստեղծվեց միջազգային հանձնաժողով, որը հաշվարկեց ըստ Փարիզի Խաղաղության վեհաժողովի ներկայացրած պահանջների Արեւմտյան Հայաստանի նյութական կորուստների չափը, որը լինում էր 15 միլիարդ ֆրանկ` ըստ այդ ժամանակվա ֆրանկի համարժեքի, բայց դա չափազանց մոտավոր է: Բացի դա` շարունակվեց կողոպուտը նաեւ քեմալական շրջանում, կողոպտվեց իզմիրահայությունը` ամենահարուստ հայկական համայնքը, հետո նաեւ պոլսահայությունը քեմալական շարժման շրջանում, 1922-23 թվականներին, որին, օրինակ, քիչ են անդրադարձել:Իզմիրի դեպքերից հետո պոլսահայությունը սարսափած, որ Քեմալը պիտի մտներ Պոլիս, թողեց տները, խանութներն ու այգիները` կյանքն ազատելով: Մի օրինակ թուրքական այն ժամանակվա թերթերից մեկից. 1923-ի սկզբին բռնագրավվել է մի ձիթենու այգի, որտեղ 30000 ձիթենի կար, մի այլ այգում` 4500 ձիթենի: Հետո երբ հայերը, քրիստոնյաներն ընդհանրապես, փորձեցին Պոլիս վերադառնալ, դա այլեւս ընդհանրապես արգելվեց: 1920, 1923 եւ 1927 թվականներին երեք օրենք են ընդունել թուրքական իշխանությունները` հայերի մուտքն հավերժ արգելելով իրենց երկիր, իրենց իսկ հայրենի հող»:

Մեր այն հարցին, թե ի վերջո մի օր հնարավոր կլինի՞ բարձրացնել հատուցման խնդիրը Թուրքիայի առջեւ, Ա. Աստոյանը պատասխանեց տարակուսելով. «Գիտեք ի՞նչն է հետաքրքրական` թուրք պատմաբանները շատ են գրում այս մասին, ինձ ծանոթ է արդեն այս թեմայով հետեւողականորեն զբաղվող թուրք պատմաբանների հինգ գիրք, որ վերջին մի քանի տարին է գվել հենց հայերի ունեզրկման մասին: Նրանք անում են այն, ինչ մենք, հայ պատմաբաններս ի վիճակի չենք անելու, քանի հնարավորություն ունեն օգտվելու թուրքական արխիվներից հայկական ունեցվածքի կորուստների մասին` լքյալ գույքերի հանձնաժողովների արձանագրություններն օրինակ ուսումնասիրելով թեկուզ: 1915-ին ընդունված հրահանգների, օրենքի եւ կանոնադրության հիման վրա ստեղծված լքյալ գույքերի հանձնաժողովներն էին, որոնք կազմակերպեցին հայերի ունեցվածքի կողոպուտն ու յուրացումը: Գրքում կան Թուրքիայի վարչապետարանի հանրապետական արխիվի փաստաթղթերը, որտեղ հենց լքյալ գույքերի հանձնաժողովների արձանագրություններն են:

Իսկ հատուցման խնդիր ձեւակերպելուց առաջ նախ հայկական կորուստների մոտավոր սահմանում պետք է տանք` հայկական հանձնախումբ պիտի աշխատի: Իմ ուսումնասիրության մեջ մի գլուխ արդեն նվիրված է հայկական կորուստների մոտավոր հաշվարկին` ես տվել եմ թվերի վերածված փաստեր միայն, անգամ հազարավոր ոսկեդրամների գումարումը չեմ արել»:

Գրքում ներկայացված են 63 օտար ապահովագրական գործակալությունների փաստաթղթեր, օտարերկրյա բանկերի գովազդներ, որոնք գործել են Օսմանյան Թուրքիայում, եւ որոնց շահառուների զգալի մասը հայեր են եղել: Երկիր չկար, որ Թուրքիայում ապահովագրական գործակալությամբ ներկայացված չլիներ:

Արդեն հարյուր տարի է` թուրքերը գանձ են որոնում, թուրքերի մոտ հայերի թաքցրած գանձերը որոնելու տենդ է, բոլորը դրանով են վարակված: Ամեն հայ ընտանիք, մտածելով, որ վերադառնալու է եւ տեղահանությունը ժամանակավոր երեւույթ է` իր հարստությունն ու ոսկին թաղել է ապահով մի տեղ. հայերի լքյալ գույքերի մաս է կազմում թաքստոցներում պահված այդ հարստությունը: Փաստեր կան, որ մարդիկ կճուճներով են թաղել իրենց ոսկին, այնպես որ հարյուր տարի է` թուրքերի մոտ գանձ որոնելու տենդ է: Եւ այդ գանձ որոնողները քանդում են հայկական եկեղեցիները, հայկական տները, եւ էսօր էլ է Թուրքիան հարստանում մեր ունեցվածքի հաշվին:

Իսկ թե ե՞րբ կգա հատուցման պահը` Անահիտ Աստոյանը չգիտե ու հավատ էլ չունի այդ հարցի նկատմամբ: Թուրքերը երկու խնդիր ունեն` նրանք նյութականի եւ ինքնության ճգնաժամի մեջ են: Բոլորի արյան մեջ հայ է հայտնաբերվում, որպես ազգ շատ դեպքերում է կասկածի տակ դրվում թուրքական ինքնությունը, եւ դա շատ է բարդույթավորում թուրքերին:

Նկար 1. Ղալաթիայի Փափազյան կոշիկի վաճառատան գովազդը

Նկար 2. Արամ Համբարձումյանի թզի վերամշակման գործարանը Իզմիրում

Նկար 3. Անահիտ Աստոյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ