«ՀՐԱՇԱԼԻ ՔԱՌՅԱԿ»-Ի ԼԵԳԵՆԴԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Կամ ի՞նչ էր անում ԲՀԿ-ն` մինչեւ «հեղափոխությունը» Հավանաբար բոլորս ենք հիշում սովետական կինոյի լավագույն նմուշներից` «Անորսալի վրիժառուներ» ֆիլմը, որտեղ ֆիլմի գլխավոր չորս հերոսները ողջ ֆիլմի ընթացքում հերոսություն անելուց հետո հեռացան չորսով` դեպի արեւը: Ավելի շատերս հիշում ենք լիվերպուլյան հայտնի քառյակին` «Beatles» խմբին, որն իր ողջ պատմության ընթացքում ցնցեց աշխարհը, հետո պառակտվեց: Ֆուտբոլասերները պետք է իմանան նաեւ անգլիական «Big Four»-ին («Մեծ չորս»)` «Մանչեսթեր Յունայթեդ», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» ակումբներին, որոնք տարիներ շարունակ, տարբեր հերթականությամբ գլխավորել են Անգլիայի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակը, մինչեւ արաբական շեյխերի գումարներով հզորացած «Մանչեսթեր Սիթի»-ին սասանեց «Մեծ չորս»-ի ինքնատիպ «միասնությունը»: Պակաս հանրահայտ չեն Դյումա հոր չորս հերոսները, որոնցից դ՛Արտանյանը միայն վերջում դարձավ հրացանակիր, իսկ մինչ այդ իրեն դրսեւորում էր որպես հրացանակիր: Այս բոլոր եւ էլի շատ պատմական քառյակները պատմությանը հայտնի են` «հրաշալի քառյակներ» անվանումով: ՀԱԿ վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ-«Ժառանգություն» կվարտետային համագործակցությունն անվանեց ոչ ավել, ոչ պակաս` «հրաշալի քառյակ»: Այս համագործակցությունն է, որ, ըստ Տեր-Պետրոսյանի, ունակ է երկրում իրականացնել արմատական փոփոխություններ, ու հիշյալ չորս ուժերի միավորումից է, որ, ըստ մեկ այլ Լեւոնի` Զուրաբյան, «ոմանք սրտի կաթված են ստանում»: Իշխանական ճամբարից, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իրենք ոչ միայն ողջունում են «քաղաքական ուժերի համագործակցությունը», այլեւ կարծում են, որ աստիճանաբար մեր քաղաքական դաշտում պետք է տեղի ունենա ուժերի բեւեռացում, երբ մի բեւեռում կլինի (արդեն կա) ՀՀԿ-ն` որպես իշխանություն, մյուս բեւեռում էլ ԲՀԿ-ն, եւ նրանք, ովքեր ԲՀԿ-ի կողքին են: Աթոսը, Պորտոսը եւ Արամիսը Իսկ ԲՀԿ-ի կողքին են այսօր ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը»: Երեք քաղաքական ուժերն էլ իրենց, ի տարբերություն ԲՀԿ-ի, հռչակել են ընդդիմադիր, այսինքն, գոնե անվանմամբ, կամ քաղաքական դաշտում «ճամբարավորմամբ» հիշյալ երեք ուժերը մեկ միասնություն են: Ընդ որում, ինչը շատ կարեւոր է, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» ընդդիմադիր էին եւ այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն իշխանության մաս էր կազմում: Ընդ որում, երբ ԲՀԿ-ն իշխանություն էր, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» ավելի մարդաշատ խմբակցություններ ունեին խորհրդարանում, ինչը նշանակում է, որ նրանք ավելի բարձր տոկոս էին ապահովել ԱԺ-ի ընտրություններում, իսկ ՀԱԿ-ը, նախքան ԲՀԿ-ին` «խորհելու նյութ» տալով իշխանությունից պոկելը, ավելի անկախ ու զանգվածային ուժ էր ընկալվում: Եթե ավելի պարզ ասենք, ապա այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն իշխանություն էր, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» գործերը` առանձին-առանձին եւ ընդդիմության գործերը` որպես քաղաքական բեւեռ, ավելի լավ էին, գոնե նրանց ավելի ժողովրդականության առումով: Դ՛Արտանյանը Տրամաբանական է, որ, եթե որեւէ երկրում որեւէ ընդդիմադիր, զանգվածային ուժի նպատակը իշխանություն դառնալն է, ապա որեւէ երկրում որեւէ իշխանության նպատակը` դա թույլ չտալն է, հասկանալի է` ընդդիմությանը թուլացնելու ճանապարհով նաեւ: Մեր իշխանությունը, այն ժամանակ նաեւ ԲՀԿ-ն ներառելով, հասկանալի է, որ ցանկանում էր ընդդիմության թուլացումը, այն էլ քաղաքացիական` անկախ դարձող եւ աստիճանաբար ուժգնացող խիստ խայտաբղետ հոսանքների ու շարժումների համապատկերում: Ընդդիմադիր դաշտի ընդհանուր անմիաբանությունը հրաշալի հնարավորություններ իշխանությանը` իր նպատակին հասնելու համար տալիս էր: Ընտրությունը լայն չէր. կամ իշխանությունը, անտեսելով զուգահեռաբար ընթացող եվրոինտեգրման, այն է` ժողովրդավարացման գործընթացը, գնում էր բիրտ ճանապարհով, այսինքն` ընդդիմադիր ուժերի առանձին-առանձին, մանավանդ` համատեղ գործողությունները ի սկզբանե եւ ընդգծված տապալելով-սաստելով, կամ իշխանությունը ստեղծում էր յուրօրինակ «դ՛Արտանյան», որին գործուղում էր «երեք հրացանակիրների» ճամբար` հասկանալի նպատակներով: Հասկանալի է, որ ինչպես ամեն դեպքում` քաղաքականության մեջ, այնպես էլ այս դեպքում, ընտրվեց շահեկան տարբերակը, կամ` «դ՛Արտանյան» օպերացիան. այս պարագայում ոչ մի եվրոպացի չէր կարող իշխանությանը մեղադրել ընդդիմությանը ճնշելու գործողությունների մեջ, քանի որ ընդդիմությունը` ինքը կգնար ինքնաճնշման ճանապարհով: «Դ՛Արտանյանի» դերում հաստատվեց ԲՀԿ-ն, քանի որ իշխող կոալիցիայից ՀՀԿ-ն` նույնականացվում է ընդհանուր իշխանության հետ, ՕԵԿ-ը չուներ եւ չունի համապատասխան ռեսուրս ու կշիռ` բեւեռ կամ կոնսոլիդացիա ստեղծելու համար, իսկ ԲՀԿ-ն ուներ եւ ունի այն, ինչը չունեն ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» միասին վերցրած` փող եւ էական մարդկային ռեսուրս: Գործունեությամբ` հրացանակիր Հետեւաբար խորհրդարանական վերջին ընտրություններից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն մաս չի կազմելու իշխող կոալիցիային: Աստիճանաբար ընդդիմադիր դաշտում սկսվեց մի շատ ուշագրավ եւ միեւնույն ժամանակ ենթադրելի շարժում. բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, մասնավորաբար Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ գործող ՀԱԿ-ը, նպատակաուղղվեցին` ներգրավել ԲՀԿ-ին (կոնկրետ նրա ֆինանսական ու վարչական ռեսուրսը) իրենց քաղաքական նպատակներին հասնելու գործում, այն է` իշխանափոխության: ԲՀԿ-ն որոշ նյութեր «լավ խորհելուց հետո», արագորեն ստացավ ընդդիմադիրների այս ուղերձն ու համագործակցության ձեռք մեկնեց նրանց: Աստիճանաբար ստեղծվեց ոչ իշխանական ուժերի համագործակցություն, եթե ոչ միավորում, որտեղ անգամ ընդգծված ընդդիմադիր կուսակցությունները, ԲՀԿ-ի «խաթեր», այլեւս ամաչեցին իրենց ընդդիմադիր անվանել, բավարարվելով` «ոչ իշխանական» անունով: Ամբողջովին մտնելով դերի մեջ` ԲՀԿ-ն սկսեց պահանջել «այս կառավարության» հրաժարականը եւ դա արեց եւ անում է բավական ակտիվ ու բարձր տոնով: Հասկանալի է, որ «այս կառավարությունից» ժամ առաջ ազատվելը ամբողջովին տեղավորվում էր ընդդիմադիրների օրակարգում, հետեւաբար ԲՀԿ-ն ստեղծեց ընդդիմադիրների հետ համագործակցելու` ամենեւին էլ ոչ «ֆրագմենտալ հարցեր» լուծելու հիմք: Եւ չնայած այսօր 4 խմբակցությունները չեն կարողանում փոխհամաձայնեցնել «այս կառավարության» հրաժարականը պահանջող իրենց համատեղ տեքստը, բայց ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ ՀԱԿ-ը, ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ «Ժառանգությունը» բազմիցս են հայտարարել, որ պայքարի այս փուլում իրենք կարող են բավարարվել առաջին հերթին «այս կառավարության» հրաժարականը պահանջելով եւ դրան հասնելով: Սակայն, ԲՀԿ-ն, գոնե ըստ տպավորության, իրականությունից կտրված ու քաղաքականապես ոչ հասուն չի թվում: Հետեւաբար, չեմ կարծում, որ ԲՀԿ-ում չեն հասկանում կամ չեն հասկացել, որ «այս կառավարության» հրաժարականը (եթե այն, իհարկե, տեղի ունենա) հարցերի լուծում չէ, որովհետեւ մեր երկրում ոչ թե իշխանության մեկ օղակն է վատ աշխատում` այլ իշխանությունն առհասարակ: Բայց իր գոյության ողջ ընթացքում ԲՀԿ-ն չի արել երկու բան. նա չի պահանջել եւ չի պահանջում նախագահի հրաժարականը` մեկ, եւ իրեն համառորեն չի անվանում`... «հրացանակիր»` երկու, չնայած գործունեությամբ ցույց է տալիս իր` հրացանակիր լինելը : Հարց է առաջանում` ինչո՞ւ: Նկատենք, որ այս «ինչո՞ւ»-ների պատասխանը կապված է մեկ այլ «ինչո՞ւ»-ի հետ. ինչո՞ւ ԲՀԿ-ն թողեց գործադիրում իր բարձր աթոռները եւ դուրս եկավ իշխանական կոալիցիայից: Հրացանակիրները ոչ թե քսան, այլ չորս տարի անց Չորս տարի հետո Սերժ Սարգսյանն այլեւս չի կարող ընտրվել Հայաստանի նախագահի պաշտոնում: Արդեն հիմա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում ամենասերտ կապերով կապում են, եւ մենք էլ կապում ենք` ԲՀԿ-ի հետ, ակնարկում է իր վերադարձը ակտիվ քաղաքականություն: Մինչեւ հիմա Սերժ Սարգսյանն իրեն իրավահաջորդ չի պատրաստել, համենայնդեպս այս պահին գործող հանրապետականներից ոչ ոք իրեն չի պահում` «ապագա նախագահի» պես, ավելին` հեռավոր գյուղի դպրոցի ուսմասվար հանրապետականից սկսած մինչեւ Գալուստ Գրիգորիչն ու Տիգրան Սարգսյանը իրենց պահում են այնպես, ինչպես պահանջում է Սերժ Սարգսյանը, այսինքն որեւէ հանրապետական այսօր Սերժ Սարգսյանից անկախ չի գործում կամ դրա փորձն անգամ չի անում: Հետեւաբար, ինչպես հայաստանյան քաղաքականության հետ շատ կապված խաղատանն են ասում`«ստավկան» (գրավը) այստեղ այլ է: Մասնավորաբար, մամուլում լուրեր տարածվեցին, որ Քոչարյանը մեկնել է Մոսկվա եւ արդեն մի քանի օր է, ինչ փորձում է հանդիպել Պուտինին: Քոչարյանի գրասենյակից Վիկտոր Սողոմոնյանը, սակայն, հերքեց այս լուրը, բայց միայն այն մասով, որ Քոչարյանը նոր է պատրաստվում մեկնել Մոսկվա, ոչ թե արդեն մի քանի օր է, ինչ այնտեղ է: Հետեւաբար, մոտ օրերս Քոչարյանը գուցե հանդիպի Պուտինին, եւ դատելով այն հարցերի շրջանակից, որոնք այս պահին հետաքրքրում են Պուտինին` վերջինս ու Քոչարյանը հազիվ թե զուտ քաղաքավարական զրույց ունենան: Կասկածից վեր է, որ Մաքսային, այնուհետեւ` Եվրասիական միություններում Պուտինին ավելի շատ ձեռնտու է իր բարեկամ Քոչարյանը, եւ ոչ թե սեփական երկրի զարգացման վեկտորը արմատապես փոխելու փորձ ունեցող Սերժ Սարգսյանը, ով, ըստ տպավորության, այդպես էլ չի կարողացել Պուտինի հետ ստեղծել անձնական բարեկամություն: Հետեւաբար, Քոչարյանի վերադարձը կարող է ապահովվել` նախ եւ առաջ Պուտինի աջակցությամբ: Բնականաբար Սերժ Սարգսյանն այս մասին գիտի (տեղեկացված է), հենց այդ պատճառով էլ նա մինչեւ հիմա չի մտածում իր իրավահաջորդի մասին, եւ հենց այդ պատճառով էլ ո՛չ Սարգսյանը, ո՛չ Քոչարյանը երբեք եւ ոչ մի պարագայում չեն քննադատում կոնկրետ միմյանց: Այսինքն, հարցին, թե ինչու ԲՀԿ-ն չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, պատասխանենք. որովհետեւ Սերժ Սարգսյանը` իր իշխանությունը ինքնակամ, խնամքով ու փափուկ ԲՀԿ-ին հանձնելու «միջազգային» օպերացիայի մասնակիցն է: Իսկ այս ընթացքում, երբ ԲՀԿ-ն պահանջում է կառավարության հրաժարականը, այս «օպերացիան» ոչ մի կերպ չի արգելափակվում: Որովհետեւ, եթե կառավարությունն այս պահանջից դրդված հրաժարական տա, ապա նոր կառավարությունում պետք է ներառվեն նաեւ ԲՀԿ-ականներ, ինչը չի կարող ԲՀԿ-ին` գոնե այս փուլում չբավարարել: Իսկ եթե կառավարությունը հրաժարական չտա, միեւնույն է, առանց դրա էլ «օպերացիան» շարունակվում է, ավելին, քանի գործում է «այս կառավարությունը», այնքան ԲՀԿ-ն ստանում է հնարավորություն` խոսելու ժողովրդի ցավից, նրա հոգսերից եւ նրա անունից: Հիմա, չի բացառվում, որ ԲՀԿ-ի` իշխող կոալցիան լքելու որոշումը այս «օպերացիա»-ի նախաբանն էր: Այսինքն, ժողովրդի աչքի առջեւ ԲՀԿ-ն պոկվեց իշխանությունից եւ սկսեց նրան ակտիվ ու փաստարկված քննադատել, ինչը, հասկանալի է, որ ավելացրեց ԲՀԿ-ի համակիրների թիվը` ժողովրդի շրջանում: Բացի սրանից, ԲՀԿ-ն, ընդդիմադիրներին իր շուրջը հավաքելով, նախ սկսեց նրանց սեփական օրակարգը պարտադրել, ապա եւ շեղեց նրանց հիմնական նպատակից` ամբողջական իշխանափոխությունից, եւ վերջապես, իշխանությանը քննադատելով եւ ընդդիմադիրներին միավորելով` ԲՀԿ-ն զգալիորեն բարձրացրեց իր հեղինակությունն ու ազդեցությունը` ժողովրդի մեջ: Հետեւաբար, երբ 4 տարի անց վերջապես ավարտվի այս, ընդունում ենք` ենթադրյալ «օպերացիան», եւ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն երկրում իշխանությունը զիջեն ԲՀԿ-ին, ապա սովորական ժողովրդի ընկալմամբ, կգրանցվի հաղթանակ, որովհետեւ ՀՀԿ-ն կհեռանա, եւ նրան կփոխարինի «այդքան սիրելի» ԲՀԿ-ն, ով, փաստորեն, երբեք իրեն «հրացանակիր» չհռչակելով, իշխանության եկավ` «հրացանակիրների» միջոցով ու նրանց անմիջական օգնությամբ նաեւ: Իսկ իրականում, երկու նախագահների, ըստ էության, անգամ` ըստ գաղափարախոսության նույն թիմը իշխանությունը կփոխանցի մեկը` մյուսին, ժողովրդի եւ ընդդիմադիրների խանդավառության համապատկերում, ինչը արագորեն կանհետանա, որովհետեւ կուսակցությունների փոփոխությունից ու փոխատեղումից Հայաստանում իշխանությունը չի փոխվում, գոնե մինչեւ հիմա... Գագիկ Ծառուկյանը հանդիպել է... Անցնող օրերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ե՛ւ ՀՅԴ ներկայացուցիչների հետ, ե՛ւ ՀԱԿ-ի, ե՛ւ «Ժառանգության»: Այս հանդիպումներում քննարկվել է ԲՀԿ-ի առաջարկած օրակարգը, բայց, ինչպես, օրինակ, ասել են ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ու «Ժառանգություն»-ից Ռուբեն Հակոբյանը` «Մենք էլ մեր օրակարգով ենք ներկայանում այդ հանդիպումներին»: Բայց, հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն ընդդիմությանն ավելի շատ է պետք, քան ընդդիմությունը` ԲՀԿ-ին, հասկանալի է, որ ԲՀԿ-ի օրակարգը ավելի լայն ժողովրդականություն ունի` չորսի մեջ, մանավանդ, որ ընդդիմադիրները միաբերան ընդգծում են, թե` «կարեւոր չէ, թե որտեղ ենք մենք հանդիպում, ով ում մոտ է գնում եւ ում առաջարկած հարցերին ենք առաջնահերթություն տալիս. կարեւորը համատեղ պայքարն է, որը կա»: Հեմինգուեյն ասում էր. «Երբեք մի խառնեք շարժումը` գործողության հետ»: Մենք էլ չենք խառնում, մանավանդ, որ ցանկացած բան, այդ թվում` քառյակը, հրաշալի է դառնում կամ ոչ` գործողության արդյունքո՛ւմ, այլ ոչ թե` շարժման ընթացքում: |