ՊԱՇՏՈՆԱԿԱՆ Է ԱՐԴԵՆՙ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԹԻՎ 2 Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ «Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիան հիշեցնում է մեզ, որ մեր ազատ երկրները չեն կարող ինքնաբավ եւ ինքնագոհ լինել մեր ընդհանուրՙ «ամբողջական, ազատ եւ խաղաղ Եվրոպա» տեսլականի մեջ»: «Մենք պետք է կանգնենք ազատություն տենչացողների կողքին»: «Սրանք պարզապես խոսքեր չեն: Սրանք անբեկանելի հանձնառություններ են, որոնց թիկունք են կանգնում աշխարհի հզորագույն դաշինքն ու պատմության հզորագույնՙ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը: Եվ դուք վկա եք այսօր մեր հանձնառությանը: ՆԱՏՕ-ի օդուժըՙ Բալթյան երկնքում, դաշնակից ռազմանավերըՙ Սեւ ծովում պարեկություն անելիս, մեր զինված ուժերի համատեղ զորավարժությունները, մեր հզորացված ու դիմակայող ներկայությունը լեհական հողում: Մենք այս բաներն անում ենք ոչ թե որեւէ երկրի սպառնալու, այլ մեր եւ մեր բարեկամների անվտանգությունն ու տարածքները պաշտպանելու համար»: «Երեկ ես հայտարարեցի ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների անվտանգությունն ամրապնդելու, Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայությունը ուժեղացնելու նախաձեռնության մասին»: «(...) Դա նշանակում է պաշտպանության գործում հավելյալ օժանդակություն օգնելու մեր բարեկամներինՙ ինչպես Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը»: «(...) Մենք չենք ընդունելու Ղրիմի բռնագրավումը կամ Ուկրաինայի ինքնիշխանության բռնաբարումը Ռուսաստանի կողմից»: «Մեր ազատ երկրները միահամուռ պիտի կանգնեն այնպես, որ Ռուսաստանի հետագա պրովակացիաները պարզապես շեշտեն այդ երկրի առավել մեկուսացումն ու կորուստները»: Որոտընդոստ ծափահարություններով ընդմիջված ճառից մեջբերվող սույն խոսքերը (իմ հապճեպ թարգմանությամբ) արտասանվեցին Վարշավայում, հունիսի 4-ին, նախագահ Բարաք Օբամայի կողմից, որ Բրյուսելում երեկ գումարված Մեծ 7-ի (առանց Ռուսաստանի) գագաթաժողովին հասնելու ճանապարհին Լեհաստան էր ժամանել մասնակցելու Լեխ Վալենսայի նախագահ ընտրվելու 25-ամյակին: Կարծում եմ շատերին են ծանոթ ոչ շատ հեռու անցյալում հնչած նման խոսքեր: Համենայնդեպս ծանոթՙ ռազմաշունչ հռետորաբանության տեսակետից, հնչած Սառը պատերազմի թեժ օրերին Արեւմուտքի տարբեր առաջնորդների կողմից, որոնց ի պատասխան Մոսկվայից սովորաբար հնչում, ավելի շուտՙ որոտում էին այլ, ոչ պակաս ռազմաշունչ հռետորաբանություններՙ համեմված «իմպերիալիստներ», «կապիտալիստներ», «հետադիմականներ» ու նման «շոյիչ» բնորոշումներով: Այս պահին իմաստ չեմ գտնում Մ. Նահանգների նախագահի խոսքերը վիճարկելու մեջ, ոչ էլ նախագահ Պուտինիՙ երեկ ֆրանսիացի լրագրողներին տված, անհամեմատ մեղմ, պատասխանները: Թեեւ, անկեղծորեն ասած, Օբամայի խոսքերում պատմական հակասություններ առկա են, ինչպես նրա այն պնդումը, թե լեհական «Սոլիդարնոստ» շարժման հաղթանակն էր պատճառը Բեռլինի պատի քանդման (խե՜ղճ մեր ՀՀՇ¬ականներ, կարծում էինՙ իրենք են այդ բանը արել) ու Արեւելյան Եվրոպայի մյուս երկրների, նաեւ Խ. Միության փլուզման: Այնինչ պարզից էլ պարզ է, որ նման գաղափարախոսությամբ ու տնտեսակարգով կայսրությունը պիտի՛ փլուզվեր ներքնապես ու նրան չէր կարող փրկել ոչ գորբաչովյան «պերեստրոյկան» եւ ոչ էլ «գլազնոստը»: Մեզ համար կարեւորն այն է, որ Վարշավայում փաստորեն եւ պաշտոնապես հայտարարվեց Սառը պատերազմի 2-րդ ռաունդը երկուՙ հզորագույն եւ հզոր կայսրությունների միջեւ, ու, հետեւաբար, գործնապես հետզհետե շատ, շա՜տ դժվար է լինելու կոմպլեմենտարիզմի-փոխլրացման մեր ճիշտ քաղաքականության շարունակումը: |