RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13 > #017, 2014-06-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 06-06-2014



Տեղադրվել է` 2014-06-06 04:23:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1696, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ ՓՈԽԵԼԸ... ՑԱՆԿԱԼԻ ՉԷ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, 03.06.2014 Վիեննա, Ավստրիա

Ավստրիայի գործարար միջավայրի մի ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում վերջինս ասաց, որ հրավիրվել է Վիեննայում հունիսի 12-ին կայանալիք ավստրո-հայկական գործարար ֆորումին: Ծանոթանալով հետաքրքրությանս շրջանակին, նշեց, որ հայկական պատվիրակության կազմում են լինելու նաեւ պարենարտադրության ներկայացուցիչներ, որոնց թվումՙ երշիկի արտադրություն իրականացնող հայաստանցի 2 գործարարներ: Պարզ է, որ նրանք Ավստրիա են ժամանում իրենց արտադրանքի արտահանման հնարավորություններին ծանոթանալու նպատակով:

Նկատեմ, որ ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կառույցի մի ուսումնասիրության համաձայն, ՀՀ-ից արտահանվող հիմնական պարենային ապրանքների 5-յակը հետեւյալ տեսքն ունի. ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ, լոլիկի մածուկ, հատիկ ու աղացած սուրճեր: Այնպես որ մսի արտադրության նվազագույն ցուցանիշ ունեցող Հայաստանի համար մսամթերքի արտահանում իրականացնելու ցանկությունն առավել քան հետաքրքրական է: Եվրոպացիները յուրաքանչյուր պարենմթերքի ներմուծման պարագայում այնպիսի չափորոշիչներ ունեն, որոնց ապահովելը պատվի ու պատվախնդրութjան հարց է որեւէ երկրի գործարար միջավայրի համար: Առայժմ մերոնք կարծես հպարտանալու շատ տեղ չունեն, որի վկայություններն են նաեւ սննդի անվտանգության ծառայության իրականացրած ստուգումները, մամուլի հրապարակումները, մեր մարդկանց մոտ կազմավորվող կարծիքները: Հնդկաստանից ներմուծվող գոմեշի մսի պատմությունը դեռ չի մոռացվել, մեր մարդիկ ներմուծվող մսի ցածր գնի պատճառով դրանց որակի վերաբերյալ ոչ անհիմն կասկածներ ունեն: Առայժմ ընդամենը նկատենք, որ Հայաստանից մսամթերքների արտահանումը Եվրոպա որոշակի ռիսկեր է պարունակում: Զրուցակիցս ավստրիացուն հատուկ նրբանկատությամբ նկատեց, որ հունիսի 12-ին ինքը մեկնելու է հանդիպման... բալկանյան տարածաշրջան, ուր իրենց ընկերությունը որոշակի հետաքրքրություններ ունի:

Որ հայաստանցիներս ընդգծված դրական կարծիք չունենք մեր գործարար միջավայրի մասին, հանրահայտ է: Բայց որ այդ տեսակետին են նաեւ այլ երկրների գործարարներ, հարցը լուրջ մտահոգություն է ծնում: Տարիներ շարունակ իրականացվող համանման գործարար ֆորումներում ընդգծվում է, որ մեր եւ այլոց միջեւ արձանագրվող տնտեսական համագործակցությունը զիջում է քաղաքական կապերին: Այստեղ գաղտնիք չկա. առաջինը կոնկրետ քայլեր է պահանջում, երկրորդն ընդամենը ցանկությունների պարզ արտահայտման միջոց է: Կոնկրետ քայլերը մեզանում անհասկանալիորեն ծանր են արվում, որը եւ աշխարհով մեկ սփռված հայերի միջոցով հասնում է արտերկրների գործարարներին, ովքեր էլ տարակուսում են, թե ինչու այսչափ շնորհաշատ ու ակտիվ իրենց հայ գործընկերները հայաստանյան միջավայրում չեն գործում: Հենց թեկուզ ՀՀ պարենապահովության ոլորտում, ուր երբեմն այնպիսի ցածր ցուցանիշներ են արձանագրվում, որոնք կարելի է զավեշտալի որակել: Մեկ հայաստանցու հաշվով տարեկան 20 կգ տավարի, խոզի, մանր եղջերավորի ու հավի մսի արտադրության պարագայում արտառոց տարօրինակ է մեր առեւտրային ցանցում մսամթերք-երշիկեղենի ցուցադրվող ծավալները: Միայն մեկ թիվ նշեմ. 2011 թվականին Ավստրիայում խոզերի գլխաքանակը անցել է 3 մլն-ից, խոզի մսի արտադրությունը կազմել է 544 հազար տոննա, երբ ՀՀ ցուցանիշը այս թվի հազիվ 1 տոկոսն է: Համանման պատկեր է խոշոր եղջերավորի ու հավի մսի արտադրությունում: Ի դեպ, թե ՀՀ-ում, թե Ավստրիայում 1 բնակչի հաշվով վարելահողը նույն 1700 քառակուսի մետրն է:

Զրուցակցիս բնորոշմամբ ավստրիացիներն իրենց լավ չեն զգա, եթե երկրի առեւտրային ցանցում արտերկրների մսամթերք հայտնվի: Նրանք դա կանխում են արդյունավետ մսարտադրության իրականացմամբ, որի ապացույցներն են էական գնանկումների մասին գովազդային թերթիկներից ներկայացվող լուսանկարները: Ի դեպ, A+A մակնշումը հավաստում է, որ թե հումքը, թե արտադրանքը ավստրիական ծագում ունեն, որը մեզանում արմատավորելը առաջնահերթ գործ ենք դիտարկում:

Այսուհանդերձ հուսանք, որ մինչ հունիսի 12-ի ավստրո-հայկական գործարար ֆորումի օրը զրուցակիցս կմտքափոխվի: Սա պարզապես հայաստանցուս ցանկությունն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 06-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ